HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

LimeTech՝ հերթերի կառավարման և բիզնեսի վերահսկման նորարարական լուծումը

LimeTech (ԼայմՏեխ) հայկական ընկերությունը հաճախորդների սպասարկման որակի բարելավման համակարգերի ներդրման և IT խորհրդատվության ծառայություններ է մատուցում ոչ միայն Հայաստանում, ԼՂՀ-ում, այլև արտերկրում: Ընկերության հիմնական նպատակը հաճախորդների սպասարկման որակի բարձրացումն է, մասնավորապես՝ հերթերի վերացումը ավտոմատացված համակարգերի միջոցով: LimeTech-ը նաև զբաղվում է տեղեկատվական տաղավարների, տերմինալների, հետադարձ կապի համակարգերի ներդրմամբ: Ընկերության հաջողության և զարգացման հեռանկարների մասին զրուցեցինք տնօրեն Գևորգ Սաֆարյանի հետ:

-LimeTech-ը առաջին հայկական ընկերությունն է, որ նորարարական լուծումներ է առաջարկում հաճախորդների սպասարկման որակի բարելավման համար: Ո՞րն էր նման ընկերություն հիմնելու շարժառիթը:

-Շարժառիթը այն նպատակն էր, որ հայ լինելով՝ ցանկանում էինք ստեղծել արժեք ներկայացնող ինչ-որ արտադրանք: Կար հերթի կառավարման համակարգեր ներմուծելու գաղափարը, և քանի որ ցանկանում էինք ինքնուրույն իրագործել այն, ութ տարի առաջ Հայաստանում առաջին անգամ ստեղծեցինք մեր արտադրանքը: Այդպես սկսվեց մեր բիզնեսը:

-Ինչպե՞ս տրվեց բիզնեսի մեկնարկը: Ի՞նչ է անհրաժեշտ IT ընկերություն հիմնելու համար:

-Առաջին հերթին պետք է ունենալ կամք և ցանկություն, իսկ հետագայում լավ թիմ, համախոհներ, ում հետ կարող եք միավորվել և իրականացնել գաղափարը: Գաղափարներ կան, որոնց համար հարկավոր են ֆինանսական ներդրումներ: Մենք ավելի ճկուն գտնվեցինք. նախ գտանք հաճախորդներ, հետո սկսեցինք իրականացնել մեր նախագիծը՝ նրանցից կանխավճար ստանալով:

-LimeTech-ի առաջարկած լուծումները տարբեր են: Որո՞նք են ընկերության գործունեության հիմնական ուղղությունն ու առանձնահատկությունները:

- Մենք ունենք և՛ ծառայություններ, և՛ արտադրանք: Ծառայություններից է բիզնես խորհրդատվությունը, թե ինչպես կարգավորել հոսքերը, բարելավել հաճախորդների սպասարկման որակը, իսկ համապատասխան լուծումները ներառում են հերթերի կառավարման համակարգերի, ինֆորմացիոն տերմինալների, գնահատման համակարգերի և, եթե հարկավոր է, վճարային տերմինալների նման ինքնասպասարկման սարքերի տրամադրումը: Հետագայում զբաղվում ենք այդ համակարգերի սպասարկման աշխատանքներով, որպեսզի դրանք անխափան գործեն:

LimeTech-ը շատ չի առանձնանում, բայց մենք փորձում ենք առավելագույնս գեղեցիկ դիզայն և պրակտիկ լուծումներ ստանալ՝ դրանով մրցակցային դառնալով շուկայում: Հիմնական ուղղությունը հերթերի կառավարման համակարգերի ստեղծումն է, մնացած համակարգերն ավելի սարքավորումային բնույթ են կրում, ծրագրային մասը դրանցում քիչ է: Երբ սկսեցինք արտադրել հերթերի կառավարման համակարգերը, հասկացանք, որ կարող ենք նմանատիպ այլ սարքեր ևս արտադրել: Եվ որպեսզի խթանենք տեղական արտադրությունը, սկսեցինք զբաղվել նաև այդ ուղղությամբ: Մեր սարքավորումների մոդելային շարքը լայն է, և պատվիրատուները հաճախ ընտրում են եղած մոդելների մեջ, բայց եթե անհրաժեշտություն է առաջանում յուրահատուկ լուծում տրամադրելու, մեր մասնագետները ծանոթանում են խնդրին, հասկանում են՝ ինչ պահանջներ ունեն պատվիրատուները, և ելնելով նաև տեխնիկական հնարավորություններից, օրինակ՝ սարքի չափսերից, առաջարկում են այնպիսի սարք, որն առավելագույնս մոտ կլինի պատվիրատուի պահանջներին:

-Անհրաժեշտ սարքավորումները ներմուծո՞ւմ եք արտերկրից: Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո ի՞նչ փոփոխություններ են եղել դաշտում:

-Արտահանման տեսանկյունից ոչինչ չի փոխվել: Ներմուծման հարցում հիմնական փոփոխությունը դեպի վատն է, քանի որ այն սարքավորումները, որոնք ներմուծում ենք, Ազգային անվտանգության ծառայության կողմից ստուգման և թույլտվություն ստանալու երկար գործընթաց են անցնում: Շատ ժամանակ է պահանջվում, մինչև ստանում ենք թույլտվությունը, և գործընթացները դանդաղում են: Նախկինում էլ ունեինք արտոնյալ պայմաններ, կային հատուկ կանոնակարգեր, որոնցով առանց մաքսային վճարների կարողանում էինք արտահանել, ներմուծել: Այսինքն՝ շատ բան չի փոխվել մեզ համար՝ որպես արտադրողի, բայց բարդացել է այն առումով, որ ռուսական շուկայում արտարժույթի, ռուբլի-դոլար փոխարժեքի տատանման արդյունքում շատ սարքեր դոլարային արժեքով մատչելի են դարձել, և դժվարանում է հայկական շուկայում մեր սարքերով մրցակցելը:

-Ձեր առաջարկած լուծումներից օգտվում են տեղական և միջազգային ընկերություններ, կազմակերպություններ, պետական մարմիններ, այդ թվում՝ ՀՀ կառավարությունը: Ինչպե՞ս եք գովազդում ձեր ծառայությունները:

-Մենք գովազդային լայն արշավներ չենք կազմակերպում: Մեր մասնագետները անհատական հանդիպումների միջոցով ներկայացնում են մեր արտադրանքը, ինչպես նաև մասնակցում ենք «ԴիջիԹեք» բիզնես ֆորումին, «ԴիջիԹեք Էքսպո» և նմանատիպ այլ ցուցահանդեսների, որտեղ ներկա են լինում նաև պետական մարմինների  ներկայացուցիչներ և ծանոթանում են մեր առաջարկած լուծումներին:

-Ինչպե՞ս եք լուծում աշխատակիցների հավաքագրման հարցը: Հայաստանում հե՞շտ է որակյալ կադրեր գտնելը:

-Մենք երկու գրասենյակ ունենք՝ Երևանում և Գյումրիում, իսկ Սյունիքի մարզում ունենք աշխատակից, ով օգնում է սպասարկման աշխատանքներ իրականացնելու հարցում: Այսօր դժվար է որակյալ ծրագրավորողներ գտնել, սակայն մենք փորձում ենք ինքներս պատրաստել կադրեր՝ նաև հնարավորություն տալով երիտասարդ սերնդին կայանալու:

-Ձեր գնահատմամբ՝ որո՞նք են Հայաստանում IT ոլորտի բացթողումները:

-Կարծում եմ՝ ոլորտում հիմնական բացթողումը կադրային խնդիրն է, ինչը գալիս է կրթությունից: Մարդիկ ճիշտ կրթություն չեն ստանում, և համալսարանից ճիշտ մասնագետներ դուրս չեն գալիս: Լավ մասնագետները քիչ են: Երկրորդ խնդիրը արդյունավետության բարձրացումն է. հայկական IT ոլորտն ունի ներուժ՝ ոչ միայն ծառայություններ մատուցելու, այլև պատրաստի արտադրանք ստեղծելու, վաճառելու համար: Պետք է աշխատել այդ ուղղությամբ:

-Ապրիլին LimeTech-ը մասնակցել է ԱՄՆ-ում կազմակերպված Hyetech Showcase 2016-ին, որը տարբեր երկրներից ժամանած IT ձեռնարկատերերի ու ներդրողների հետ հանդիպելու, սեփական արտադրանքը ներկայացնելու հնարավորություն է տալիս: Ի՞նչ միտում ունի նման միջոցառումների մասնակցությունը: Հնարավո՞ր է, որ ապագայում մասնաճյուղեր ստեղծեք այլ երկրներում:

- Այլ երկրներում մասնաճյուղեր ստեղծելու նպատակ չունենք, բայց ունենալու ենք ներկայացուցիչներ, որոնք զբաղվելու են մեր արտադրանքի վաճառքով: Մեր արտադրանքը վաճառվել է Վրաստանում, Իրաքում, Ղազախստանում և այլ երկրներում: Ստեղծել ենք մեր գործընկերների ցանցը Ֆրանսիայում, Եթովպիայում, Մոլդովայում, Վրաստանում, Ռուսաստանում, Ուզբեկստանում, այժմ փորձում ենք գործընկեր ձեռք բերել նաև իրանական շուկայում: Լուծումները տարբեր շուկաներում տարբեր են, և ամեն երկրում առանձին ուսումնասիրություն է հարկավոր: Շուկաների առանձին հետազոտություններ են իրականացվում բոլոր այն երկրներում, որտեղ պատրաստվում ենք մուտք գործել: Քանի որ հաճախորդների սպասարկման խնդիրը գլոբալ է, ոլորտում կան գլոբալ խաղացողներ, ուստի պետք է գտնենք ճիշտ թիրախային խումբ, որը կկիրառի մեր առաջարկած լուծումները:

-Ո՞րն է LimeTech-ի հաջողության բանաձևը:

-Մեր առավելությունը այն արժեհամակարգն է, որ ստեղծել ենք: Մենք բոլոր հաճախորդներին անհատական մոտեցում ենք ցուցաբերում և հասկանալով նրանց խնդիրները՝ տալիս ենք ճիշտ լուծումներ: Մյուս ամենակարևոր բաղադրիչը մեր թիմն է, որն աշխատում է՝ նվիրված գաղափարին և ճիշտ լուծումները հասցնում է հանրությանը ու մեր գործընկերներին:

-Զարգացման ի՞նչ փուլում է այժմ LimeTech-ը:

-LimeTech-ը այժմ վերափոխվում է՝ վերածվելով ավելի գլոբալ արտադրանքի: Մենք ունենք նոր նախագիծ, որ կոչվում է Earlyone: Այն հերթերի կառավարման նորարարական լուծում է, որի միջոցով ցանկանում ենք վերացնել «հերթում սպասել» հասկացությունը: Արդեն կա բջջային հավելված, որով հաճախորդները կարող են նախապես հերթագրվել և մոտենալ այն ժամին, երբ առանց հերթի կսպասարկվեն: Եթե նույնիսկ այն ժամը, որը դուք ցանկանում եք ամրագրել, ծանրաբեռնված է, համակարգը ձեզ առաջարկում է հստակ ժամ, երբ հերթում մարդ չկա և ձեզ կարող են սպասարկել առանց սպասեցնելու:

Earlyone-ը կազմված է երկու բաղադրիչից՝ հաճախորդների համար նախատեսված հավելվածից և հերթերի կառավարման համակարգից, բայց բացի հերթերի ու հոսքերի կառավարումից՝ այն նաև աշխատակիցների կառավարման, վերահսկման համակարգ է: Մենք տալիս ենք գործիքներ բիզնեսի վերահսկման, օնլայն մոնիտորինգի համար, որը թույլ է տալիս ղեկավարներին առանց ֆիզիկապես ներկա լինելու ամեն պահի տեղյակ լինել այն ամենից, ինչ կատարվում է սպասարկման կենտրոնում` որ աշխատողը ինչքան աշխատեց, քանի հոգի կա հերթում, քանիսին են սպասարկել և այլն, ինչն ընկերությանը բարելավման լայն հնարավորություններ է տալիս:

Հարցազրույցը՝ Մարինե Ստեփանյանի

Գլխավոր լուսանկարը՝ Գեւորգ Սաֆարյանի անձնական արխիվից

 

Մարինե Ստեփանյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter