Փաստաբանը ՀՔԾ-ից պահանջում է Արմեն Բիլյանի առողջական վիճակի հետազոտություն մասնագիտացված հիվանդանոցում
«Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Բիլյանի փաստաբանը՝ Արմինե Ֆանյանը, քիչ առաջ տեսակցել է իր վստահորդին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: Օրեր առաջ «Հետք»-ի զրույցում փաստաբանը տեղեկացրել էր, որ ՊՊԾ գնդի գրավումից հետո, դիպուկահարի կրակոցից խուսափելու համար Բիլյանը բարձր պատնեշից վայր էր ընկել՝ վնասելով ողնաշարը: Նա ունի ողնաշարային սուր ցավեր, որոնք մինչ օրս չեն մեղմացել:
Այսօրվա այցի ժամանակ փաստաբանը Բիլյանի առողջական վիճակում դրական փոփոխություն չի նկատել: Ասում է՝ կռացած էր քայլում:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից եւ ՔԿՀ-ի բուժանձնակազմից այցելել են Բիլյանին, առաջարկել են ռենտգեն հետազոտություն: Սակայն փաստաբանը մինչ այդ հանդիպել էր մի քանի բժիշկների, ովքեր հորդորել են տոմոգրաֆիական հետազոտություն անել: Բիլյանը ևս իր այդ մտահոգությունը հայտնել է իրեն այցելած բժիշկներին՝ առաջարկելով կազմակերպել նման հետազոտություն:
Օրեր առաջ փաստաբան Ֆանյանը գրավոր միջնորդություն է ներկայացրել ՀՔԾ-ին՝պահանջելով Բիլյանի առողջական վիճակի հետազոտություն, անհրաժեշտության դեպքում՝ հետազոտությունների կազմակերպում մասնագիտացված հիվանդանոցներում և դրանց արդյուքների հիման վրա՝ բուժում:
Փաստաբանի խոսքով՝ մեկ հայացքով անգամ կարելի է նկատել Բիլյանի առողջական վիճակի լրջությունը. մեջքից ամբողջովին կռացած է քայլում, և մեջքը գրեթե ուղղել չի կարող:
«Բիլյանին այս պահին ամենաշատը մտագոհում է իր ընկերների վիճակը: Անգամ նման առողջական վիճակում, երբ այցելում եմ նրան, անընդհատ հարցնում է՝ սրանից ի՞նչ լուր կա, մյուսի՞ց ինչ կա: Ամբողջ ժամանակ միայն իր ընկերների համար է մտահոգվում»,-նշում է Ֆանյանը:
Բիլյանը այօր փաստաբանի միջոցով նաև ուղերձ է հղել ժողովրդին. «Բարև, իմ սիրելի հայ ժողովուրդ: Շատ ուրախ եմ և երջանիկ, որ գնահատվեց «Սասնա ծռեր»-ի առաքելությունը հայ ժողովրդի համար: Կոչ եմ անում ամեն մի հայ մարդու՝ մինչև վերջ պայքարել իր ազգի, երկրի և ժողովրդի ազատության համար: Շատ կարևոր եմ համարում և խնդրում բոլորի մասնակցությունը՝ մեր ազգի և նոր պետականության կառուցման գործում»,- հայտնել է Բիլյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել