HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Կարատեի կենտրոնի ստեղծումը Գյումրիում կնպաստի արեւելյան այս մարզաձեւի զարգացմանն ու տարածմանը

Հուլիսի 27-ին Գյումրի էր այցելել ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էյջի Տագուչին: Նպատակը՝ ներկա գտնվել Կյոկուսինկայ կարատեի 4 տարին մեկ անցկացվող ուսումնամարզական հավաքի բացմանը: Հավաքը միջազգային էր, մասնակցում էին նաեւ մարզիկներ Ուկրաինայից եւ ՌԴ-ից: Մարզումների անցկացման նպատակով Ճապոնիայից ժամանել էին կյոկուսինկայ կարատեի համաշխարհային ֆեդերացիայի փոխնախագահ շիհան Կացուհիտո Գորան եւ Տոկիոյի կենտրոնական դպրոցի մարզիչ, ծնունդով գյումրեցի շիհան Արթուր Հովհաննիսյանը:

Մինչ հավաքին մասնակցելը դեսպան Էյջի Տագուչին հանդիպել էր քաղաքապետ Սամվել Բալասանյանին: Վերջինս էլ առաջարկել էր Գյումրիում բացել կարատեի կենտրոն՝ խոստանալով տրամադրել հարմար տարածք, գուցեեւ շինություն ու անել հնարավոր ամեն ինչ մշակույթի ու սպորտի քաղաքում արեւելյան մարտարվեստի զարգացման համար: Դեսպանը խոստացել է աջակցել Գյումրիում կարատեի կենտրոնի ստեղծմանը, որտեղ հնարավորություն կունենան մարզումներ անցկացնել կյոկուսինկայի եւ ավանդական կարատեի՝ Գյումրիում գործող մարզադպրոցների սաները:

Ինչպես հայտնի է, օգոստոսի 3-ին Ռիո դե Ժանյերոյում տեղի ունեցած 129-րդ սեսիայի ժամանակ Միջազգային օլիմպիական կոմիտեն որոշեց կարատեն ներառել 2020թ. Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի ծրագրում: Կարելի է վստահաբար ասել, որ ՄՕԿ-ի այս որոշումը նաեւ սիմվոլիկ նշանակություն ունի, քանի որ իրականություն է դառնում բոլոր կարատեիստների երազանքը՝ հենց կարատեի հայրենիքում մասնակցել օլիմպիական խաղերին:

Հայաստանի կարատեի ֆեդերացիան, որն անդամակցում է ՄՕԿ-ի կողմից որպես օլիմպիական մարզաձեւ ճանաչված կարատեի միջազգային ֆեդերացիային, հնարավորություն ունի մարտարվեստի հայ ներկայացուցիչներ ուղարկել 2020-ին կայանալիք Օլիմպիական խաղերին եւ պայքարել մրցանակային տեղերի համար: Նման հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը՝ հորդորելով հայ կարատեիստներին առաջիկա 4 տարիներին լրջորեն նախապատրաստվել՝ Օլիմպիական խաղերին հայտ ներկայացնելու համար: 

«Օլիմպիադային ընդառաջ նման կենտրոն ունենալը, կարծում եմ, բոլոր կարատեիստների երազանքն է լինելու, դա կնպաստի կարատեի առավել տարածմանն ու զարգացմանը,-ասում է Հայաստանի Կյոկուսինկայ կարատեի ֆեդերացիայի նախագահ Կարեն Մանուկյանը,-իհարկե, լավ կլինի, որ այն առաջարկից վերածվի իրականության, այսինքն կյանքի կոչվի՝ չմնա լոկ ցանկություն, եւ իհարկե ողջունելի է, որ այն լինի Գյումրիում»:

Կարեն Մանուկյանի փոխանցմամբ, ապագա կենտրոնում հնարավորություն կունենան մարզվել ավանդական կարատեի եւ կյոկուսինկայ կարատեի ներկայացուցիչները: «Կարատեն Օլիմպիական մարզաձեւերում ընդգրկելու համաշխարհային շարժումը, որ սկսվել է 5 տարի առաջ, ինչպես հայտնի է՝ ղեկավարում են երկու խոշորագույն կազմակերպություններ՝ Ճապոնիայի կարատեի միջազգային  կազմակերպությունը (GKF) եւ Կյոկուսինակայ կարատեի միջազգային կազմակերպությունը: Նրանք հանդես են եկել միասնական հուշագրով եւ համատեղ էդ գործընթացը առաջ են տանում,-պարզաբանում է Կարեն Մանուկյանը,-եթե տարիներ առաջ դրանք բացարձակ անկախ կառույցներ էին, ապա այսօր արդեն միավորված եւ միատեղ գործունեություն են ծավալում: Կոնկրետ Հայաստանում Կյոկուսինկայ կարատեի ֆեդերացիան՝ ի դեմս մեր կազմակերպության եւ կարատեի Հայաստանի ազգային ֆեդերացիան, ինչպես մայր կազմակերպությունները, այնպես էլ մենք՝ տեղում համագործակցում ենք: Իսկ դա նշանակում է, որ ապագա կենտրոնն էլ ծառայելու է այս երկու կազմակերպությունների մարտիկներին»: 

Կյոկուսինկայ կարատեի հիմնադիրը հանրահայտ Սոսայ Մասուտացու Օյաման է: Նա ստեղծեց կարատեի մի ուրույն, ինքնատիպ համակարգ` ներառելով կարատեի տարբեր ոճերի լավագույն տարրերը, հայտնագործելով ճշմարիտ կատարելության ուղին: «Կյոկու» թարգմանաբար նշանակում է վերջնագիծ, «սին»` ճշմարտություն, «կայ»` միավորում, հավատ, իսկ «Կյոկուսինկայ» հայերեն հնչում է այսպես. «Բացարձակ ճշմարտություն որոնողների միություն»: Եվ այս ուղին ոտք դնողներից քչերն են շարունակում այն ու հասնում հաջողությունների: Գյումրեցի Արթուր Հովհաննիսյանն այդ եզակիներից է, ով մարտարվեստով սկսել է զբաղվել 15 տարեկանից, 2007թ. դարձել Ճապոնիայում անցկացված կարատեի առաջնության ֆավորիտ՝ 7 մենամարտերից 5-ը ավարտելով ժամանակից շուտ` նոկաուտով, եւ նվաճել մրցաշարի ուժեղագույն հնարքի համար սահմանված գավաթը:

Իսկ ամենանշանակալից իրադարձությունն Արթուրի կյանքում 2008-ին էր, երբ որոշեց 100 մարտի հայտ ներկայացնել: Դա մենամարտ է 100 հակառակորդի հետ՝ ամեն մի մարտը 90  վայրկյան տեւողությամբ, դա մարտիկի մարմնի ու ոգու ամրության, մարդկային հնարավությունների չափման յուրահատուկ ստուգատես է, որ ամբողջությամբ հաղթահարելու հնարավորություն ունեն ոչ բոլոր կարատեիստները: Կարատե 5-րդ դան, շիհան Արթուր Հովհաննիսյանն այդ  եզակիներից էր: Նա արդեն 9 տարի է ապրում է Ճապոնիայում եւ կարատե է դասավանդում Տոկիոյի կարատեի կենտրոնական դպրոցում: Տեսչական այցերով լինում է բազմաթիվ երկրներում, որտեղ կան կյոկուսինկայ կարատեի դպրոցներ: Բացառություն չեն Հայաստանն ու իր հարազատ ծննդավայրը: Ամեն այցից հետո որոշակի դրական տեղաշարժ է արձանագրում՝ հատկապես մասնակիցների թվի ավելացման առումով:

 «Կարատեն մարտարվեստ է եւ սխալ է այն որպես սպորտ դիտարկելը: Կարատեում վարպետանում են հենց 40 տարեկանից հետո, այն դեպքում, երբ ակտիվ սպորտը մարդիկ թողնում են հենց այդ տարիքում,-նկատում է Արթուր Հովհաննիսյանը,-ցավոք, կյոկուսինկայի հայկական ֆեդերացիայում մեծահասակ մարտիկները քիչ են: Պետք է հասկանալ, որ կարատեում միայն հնարքներին տիրապետելը չէ, մարդիկ, ովքեր զբաղվում են կարատեով, գլոբալ առումով դրա մեջ են իրենց ողջ կյանքի ընթացքում ու ֆանտաստիկ չթվա, երբ ասում են, թե մինչեւ 100 տարեկան էլ կարող ես զբաղվել կարատեով»:

Ֆեդերացիայի նախագահ Կարեն Մանուկյանն էլ է հաստատում, որ վերջին տարիներին կարատեով զբաղվողների թվի աճ է նկատվում: Ֆեդերացիայի Շիրակի եւ Տավուշի մարզաճյուղերում մոտ 600 հոգի են զբաղվում, երրորդ տեղը մասնակիցների առումով Լոռու մարզի մասնաճյուղն է: Կենտրոնի կառուցումով կարատեի մասսայականացման գործընթացն ավելի լուրջ հիմքերի վրա կդրվի: Դա խթան կհանդիսանա նաեւ առաջիկա Օլիմպիական խաղերին մասնակցության հայտ ներկայացնելու համար:

«Շատ դեպքերում կարատեի պարապմունքներն անցկացվում են դպրոցների մարզադահլիճներում: Կենտրոնի կառուցմամբ շատ հարցեր կլուծվեն, կստեղծվի արդեն մասնագիտացված դպրոց՝ պարապմունքի համար կահավորված դահլիճներով: Միջազգային ուսումնամարզական հավաքներն անցկացնելու համար էլ արդեն փնտրտուքների մեջ չենք ընկնի՝ հիմնական տեղ կունենանք»,-նկատում է Կարեն Մանուկյանը:

Լուսանկարները տրամադրել է  Հայաստանի Կյոկուսինկայ կարատեի ֆեդերացիայի նախագահ Կարեն Մանուկյանը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter