
Անդրիաս Ղուկասյանն ապաքինվում է, սակայն չի դադարեցնում հացադուլը
Արդեն ինը օր է՝ «Ոտքի Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանը հացադուլ է հայտարարել՝ ներկայացնելով այս ուղերձը. «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Պահանջում եմ ժողովրդից Հայաստանում հաստատել սահմանադրական կարգ և վերականգնել արդարադատությունը իրեն հասանելի բոլոր միջոցներով»:
Ինչպես «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց փատաբան Լուսինե Սահակյանը, Ղուկասյանը շարունակում է հացադուլը և այն դադարեցնելու որևէ նպատակ չունի՝ չանսալով անգամ մտերիմների հոդորներին:
«Հասկանալի է, որ հացադուլի հետ կապված խնդիրներ կան, բայց առողջական վիճակը լավ է: Գտնվում է քրեակատարողական հիմնարկի բժիշկների հսկողության ներքո: Ծեծի արդյունքում ծնկների հետ կապված խնդիրներ կային, բայց այժմ դրական տեղաշարժ է նկատվում: Նաև վնասվածք ուներ, այն էլ արդեն ապաքինվում է»,- նշեց Սահակյանը:
Վնասվածքների բնույթը պարզելու համար օրեր առաջ ռենտգեն հետազոտություններ են կատարվել, սակայն դրանց արդյունքներն ու եզրակացությունը գտնվում են փորձագետի մոտ, այդ պատճառով դեռևս փաստաբանին չեն տրամադրվել:
Մեկնաբանել