Վանաձորում ցուցարարները 20 րոպեով կաթվածահար արեցին երթևեկությունը
Հուլիսի 18-ից Վանաձորում ամեն երեկո անց են կացվում ցույցեր, բողոքի ու իրազեկման երթեր ի պաշտպանություն «Սասնա ծռեր» խմբի: Այսօրվա ցույցը տարբերվում էր նախորդներից: Հայքի հրապարակում հավաքված ցուցարարները նախ փորձեցին հավաքվածներին ներկայացնել «Սասնա ծռեր» խմբի մասին վերջին նորությունները: Դա, սակայն, նրանց լիովին չհաջողվեց. հարևանությամբ գտնվող Վանաձորի քաղաքապետարանից միացված բարձր երաժշտության պատճառով բանախոսների ձայնը լսելի չէր նույնիսկ բարձրախոսով:
«Քաղաքապետարանի կուլտուրայի բաժինը ուղղակի էժանագին քայլի դիմեց. արդեն երկրորդ օրն է` ուղիղ ժամը 19:00-ին միացնում են սիրո երաժշտություն, որ խանգարեն մեր ակցիան»,- իր խոսքում նշեց Հիմնադիր խորհրդարանը ներկայացնող Ռազմիկ Էվոյանը:
Ցույցը սկսվելուց որոշ ժամանակ անց ցուցարարների կողքին հայտնվեց ֆուտբոլիստ երեխաների թիմը: Թիմի անդամները, մոտենալով տեղում հերթապահություն իրականացնող ոստիկաններին, տեղեկացրին, որ ցանկանում են մի քանի րոպեով փակել հրապարակը՝ ֆուտբոլային ֆլեշմոբ անցկացնելու համար: Ոստիկանները մերժեցին երեխաներին` տեղեկացնելով, որ փողոցը փակելով` նրանք կխաթարեն բնականոն երթևեկությունը, ինչպես նաև փողոցում ֆլեշմոբ իրականացնելու համար անհրաժեշտ է Վանաձորի քաղաքապետարանի թույլտվությունը:

Տեղեկանալով այս մասին` երեխաներն ու ցուցարաները միաժամանակ շարժվեցին դեպի հրապարակին կից անցումը: Ապա երկու խմբերն իրար միանալով` սկսեցին անցնել-դառնալ անցումով: Ակցիան ղեկավարող Ռազմիկ Էվոյանն այս քայլը որակեց որպես խաղաղ անհնազանդության պայքարի ձև:
Շուրջ 20 րոպե տևած անցումների ու հետանցումների ընթացքում այդ հատվածում երկկողմանի երթևեկությունը կաթվածահար եղավ: Չնայած դրան` ցուցարարներն ու ֆուտբոլիստ երեխաները շարունակեցին իրենց ակցիան կուտակված մեքենաների սուլոցների ներքո:
Նրանք չենթարկվեցին նաև ոստիկանների` ակցիան դադարեցնելու հորդորին: «Ազատություն Սասնա ծռերին», «Սերժիկ, հեռացիր, «Հայաստան, ոտքի՛» վանկարկումներով ակցիայի մասնակիցները մի քանի տասնյակ անգամ հատեցին անցումը:

«Ոստիկաններն իրավունք չունեն մեզ արգելել անցնել անցումով, քանի որ մենք անցնում ենք հետիոտնի համար նախատեսված տեղով: Ոստիկաններն ընդամենը պետք է պահպանեն երթևեկության կանոները: Մենք երթևեկության կանոնների ներսում ենք»,- նշեց Ռ. Էվոյանը:
Վերջինիս խոսքով` հուլիսի 18-ից սկիզբ առած ակցիաներն ու ցույցերը Վանաձորում շաչունակվելու են այնքան ժամանակ, մինչև «Սասնա ծռեր»-ի անդամներն ազատ արձակվեն, մինչև Հայաստանի բոլոր քաղբանտարկյալներն ազատ արձակվեն, մինչև Հայաստանում չկատարվեն քաղաքական փոփոխություններ: « Մեր կարգախոսը մնում է նույնը` նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարական և քաղբանտարկյալների ազատում»,- նշեց Ռ. Էվոյանը:
Ակցիային մասնակցելու դրդապատճառների մասին խոսելիս ֆուտբոլիստ անչափահասները բացառեցին քաղաքական ենթատեքստը` նշելով, որ ֆլեշմոբն առաջարկեցին` ի պատասխան ոստիկանների մերժման:
Ցուցարաները ևս բացառեցին ակցիային անչափահասների մասնակցությունը` նշելով, որ նրանք պատահականորեն էին նույն ժամին հայտնվել նույն տեղում:
Գայանե Սարգսյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել