«Ռեջիոն Էներջի»-ի աշխատակիցների համբերության բաժակը լցվել է. նրանք պատրաստվում են դիմել ծայրահեղ քայլերի
Գայանե Սարգսյան
Վաղ առավոտից «Ռեջիոն Էներջի» ընկերության աշխատակիցները նորից հավաքվել էին գործարանի բակում: Ինչպես իրենք էին նշում, մեկ շաբաթ առաջ անցկացված նախորդ ցույցից հետո հույս ունեին, որ երկրի իշխանություններն ինչ-որ կերպ կարձագանքեն ու կփորձեն լուծման ուղիներ գտնել: Մեկ շաբաթվա ընթացքում, սակայն, որևէ արձագանք չի եղել:
«Ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել, ոչ մի արձագանք չի եղել: Լռություն, քար անտարբերություն»,- ասում է ընկերության գործադիր տնօրեն Էդիկ Հունանյանը:
Չնայած քար անտարբերությանը, աշխատակիցները շարունակում են պայքարել:
«Ես պահանջում եմ, որ մեր կառավարությունը, մեր նախագահն էս հարցով զբաղվի ու մեզ պատասխան տա, ասեն՝ տալու են մեր փողը, թե չեն տալու կամ ի՞նչն է պատճառը, որ չեն տալիս: Մենք չենք կարում ծայրը ծայրին գտնենք, թե որտեղից ա սկսվում խնդիրը ու որտեղ ա վերջանում:- դժգոհում է աշխատակիցներից Վեսմիր Խարազյանն ու արդեն նախկին գործընկերներին առաջարկում դիմել Եվրադատարան,- Ինչի՞ չդիմել եվրոդատարան, որ մի ըտքան էլ ընդեղ մուծեն, նոր հետո ստիպված էղնեն մեր փողն էլ տան»:
Աշխատակիցներն արդեն չգիտեն, թե ումից ակնկալեն աշխատավարձերի վճարումը. «Ռեջիոն Էներջիի» գույքի սեփականատեր հանդիսացող Արդշինբանկի՞ց, «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Կարեն Ասատրյանի՞ց, «Ռեջիոն Էներջի»-ի սնանկության գործով կառավարիչ Սաղաթել Ալեքսանյանի՞ց, թե՞ երկրի կառավարությունից ու նախագահից:
«Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանն եկել է մեր հետ գիշեր-ցերեկ աշխատել: Որ կառավարության գործը չըլներ, մասնավորի հըմար նա կգա՞ր կաներ,- հարցնում է էլեկտրաեռակցող աշխատած Գրիշա Հովհաննիսյանն ու ինքն էլ պատասխանում,- չէր գա: Կառավարությունից են: Կառավարության մտքին որ ըլնի, 5 րոպեի հարց ա: Կոռուպցիաներ են ման գալիս, թող Ռեջիոնի գործը բացեն, տեղով կոռուպցիայի գործ ա: Մինչև էդ գործը բաց չըլնի, մեր աշխատավարձերը չեն տա»:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Վանաձոր-Քիմպրոմ»-ի պարտքը «Ռեջիոն Էներջի»-ին կազմում է շուրջ 1 մլրդ 500 մլն դրամ, աշխատակիցները հույս ունեն, որ այն վճարվելուց հետո Ռեջիոնն էլ իրենց աշխատավարձերը կվճարի: Թե երբ կվճարվի այդ պարտքն ու արդյոք այն կծախսվի աշխատավարձերի վճարման համար, պարզ չէ: Այժմ «Վանաձոր-Քիմպրոմ»-ը գտնվում է լուծարման փուլում ու գործարանում գույքագրման գործընթաց է ընթանում:
Աշխատակիցներից Արծիվ Ղազարյանը հարցի լուծումը կապում է ՀՀ վարչապետի հետ:
«Սա վարչապետի մակարդակի հարց է և բարձր: Առաջարկում եմ կառավարության հաջորդ նիստին գնանք ու վարչապետի հետ հանդիպենք: Իմ կարծիքով` այս հարցին միայն նա կկարողանա լուծում տալ, ուրիշ ոչ ոք»,- վստահ է Ա. Ղազարյանը:
Ծայրահեղ վիճակում հայտնված աշխատակիցները հարցի լուծման օրինական ճանապարհներն սպառած համարելով` այժմ պատրաստ են դիմել ծայրահեղ քայլերի, օրինակ` նստացույց, Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի փակում, Եվրադատարան:
Առաջիկայում «Հետք»-ը կներկայացնի նաև «Ռեջիոն Էներջի»-ի ու «Վանաձոր-Քիմպրոմ»-ի սնանկության գործերով կառավարիչների հարցազրույցները` կապված ցույցի դուրս եկած աշխատակիցների աշխատավարձերի վճարման, «Ռեջիոն Էներջի»-ի կարճատև գործունեության ու սնանկացման գնալու պատճառների հետ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել