
12-րդ համաեվրոպական հեռախոսամարաթոնն ապահովեց ավելի քան 1,3 մլն եվրոյի նվիրատվություն
Նոյեմբերի 17-ից 20-ը Ֆրանսիայում տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի 12-րդ դրամահավաք հեռախոսամարաթոնը, որի արդյունքում ավելի քան 1 միլիոն 300 հազար եվրոյի խոստում գրանցվեց:
Ֆրանսիայի հինգ քաղաքից՝ Փարիզից, Լիոնից, Մարսելից, Նիցցայից և Տուլուզից, ձեռնարկին միացած շուրջ 700 կամավոր 12 ժամ շարունակ զանգահարեց ընդհանուր առմամբ 60.000 հայազգի ընտանիքի ու կազմակերպության՝ առաջարկելով իրենց նվիրատվություններով մասնակցել Հայաստանի, այդ թվում նաև Արցախի վերականգնմանն ուղղված այս կարևոր նախաձեռնությանը:
Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը տեղի հայ համայնքի հանգանակած 1 միլիոն 173 հազար եվրո գումարով ջրամատակարարման ծրագրեր կիրականացնի Արցախի ու Տավուշի մարզի մոտ 10 գյուղում: Շվեյցարիայի տեղական մարմինը շվեյցարահայերի հանգանակած 24150 եվրոն կօգտագործի՝ նորոգելու համար Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը և համալրելու համար դպրոցի գրադարանը: Իսկ Գերմանիայի տեղական մարմինը գերմանահայերի 81360 եվրոյի նվիրատվություններով կնորոգի Գյումրու մանկատունը:
Համաեվրոպական հեռախոսամարաթոնին Հունաստանից մասնակցեց նաև հունահայ համայնքը: Չնայած Հունաստանում տիրող տնտեսական ու քաղաքական բարդ իրավիճակին՝ մեր ազգակիցները անկոտրուն կամք դրսևորեցին և կրկին ապացուցեցին իրենց նվիրվածությունը հայրենիքին: Նոյեմբերի 12-ին մեկնարկած երկօրյա հեռախոսամարաթոնի ընթացքում հունահայ փոքրաթիվ համայնքը շուրջ 35.000 եվրո հանգանակեց, որը կուղղվի Վանաձորի մանկատան կարիքներին:
«Հայաստան» համահայկական հիմնադրամը հիշեցնում է, որ Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը հեռախոսամարաթոն կազմակերպում է սկսած 2000 թվականից: Չորս օր 12 ժամ շարունակ ամենատարբեր տարիքի ու զբաղմունքի հայ և այլազգի կամավորներ զանգահարում են մասնակից երկրներում բնակվող հայ ընտանիքներին և կոչ անում մասնակցել Հայաստանի և Արցախի վերածննդին ուղղված դրամահավաքին:
Առաջին հեռախոսամարաթոնի ընթացքում 2907 խոստման արդյունքում հավաքագրվել էր 216.500 եվրոյին համարժեք ֆրանկ: Նախորդ 11 հեռախոսամարաթոնի ընթացքում ընդհանուր առմամբ արվել է 411.285 զանգ, և 20.800 նվիրատու նվիրաբերել 9.938.000 եվրո: Հավաքագրված գումարը ներդրվել է ՀՀ-ի և Արցախի ենթակառուցվածքների բարեկարգման ոլորտում:
Մեկնաբանել