
Բողոքի ակցիա՝ հանուն խոսքի ազատության
Երեկ Հայաստանյան լրատվամիջոցների 13 ղեկավարներ հայտարարություն էին տարածել այսօր կայանալիք «Հանուն խոսքի ազատության» բողոքի ակցիայի մասին:
Բողոքի ակցիան նախաձեռնող հայաստանյան առաջատար լրատվամիջոցների մի խումբ ղեկավարներ դատապարտում են լրագրողների դեմ իրականացվող հարձակումները, պահանջում՝ անհապաղ պատժել լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտողներին: Ազատության հրապարակում հավաքված մի շարք ԶԼՄ-ների ներկայացուցիչներ ստորագրեցին և հրապարակեցին հայտարարություն, որում ասվում է՝
«Թեեւ գործող իշխանությունը առիթը բաց չի թողնում հայտարարելու, որ կարեւորում է մամուլի, խոսքի ազատության դերը, սակայն փաստացի արվում է ամեն ինչ՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու, դժվարացնելու եւ տարաբնույթ ճնշումներ բանեցնելու համար: Պետական մակարդակով տարիներ շարունակ հետեւողականորեն լրագրության դաշտը վարկաբեկվում է, փորձ է արվում չորրորդ իշխանության նկատմամբ անվստահություն սերմանել հասարակության շրջանում՝ ինչպիսին առկա է մեր երկրում օրենսդիր, գործադիր ու դատական իշխանության նկատմամբ:
Բազմաթիվ առիթներ են եղել՝ արձանագրելու, որ լրագրողների նկատմամբ իշխանության տարբեր ճյուղերում առկա է ակնհայտ ագրեսիվ վերաբերմունք, որը ժամանակ առ ժամանակ դրսեւորվում է զանգվածային ակցիաների ընթացքում՝ բռնություններով:
Նախորդ տարի հունիսի 23-ին «Էլեկտրիկ Երեւան» բողոքի ակցիաների ժամանակ լրագրողները թիրախավորված ծեծի ենթարկվեցին ու մինչ օրս որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել: Իսկ այս տարվա հուլիսյան իրադարձություններից հետո թեեւ ՀՀ Հատուկ քննչական ծառայության կողմից հայտարարվեց, որ 2 ոստիկանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել, այնուամենայնիվ չկա որեւէ երաշխիք, որ բոլոր մեղավորներն իրենց գործողություններին համարժեք պատժի են արժանանալու: Այսպես այլեւս շարունակվել չի կարող:
Մենք կարծում ենք, որ օգոստոսի 1-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքում հնչած ներողությունը եւ մոռանալու հորդորները՝ ուղղված հուլիսի 29-ին իրենց մասնագիտական պարտականութունը կատարող լրագրողներին, բավարար չեն՝ Հայաստանում անվտանգ ու ազատ լրատվական գործունեություն ծավալելու համար: Անհրաժեշտ են գործնական եւ տեսանելի քայլեր:
-Բոլոր այն մարդիկ՝ անկախ իրենց կարգավիճակից, ովքեր համարձակվել են հուլիսի 29-ին նպատակաուղղված ձեռք բարձրացնել լրագրողների վրա, մասնագիտական գործիքներ կոտրել, բռնություն գործադրել, պետք է առավելագույնը 2 ամսվա ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 164 հոդվածով նախատեսված (Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը) հատկանիշներով քրեական պատասխանատվության ենթարկվեն: Լրագրողական հանրությունը սպասում է կոնկրետ քայլերի, պետք է կալանավորումներ լինեն։
- Լրագրողների նկատմամբ պետական մակարդակով իրականացվող բացասական քարոզչությունը պետք է դադարեցվի. մենք գործում ենք՝ ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված՝ քաղաքացու տեղեկացված լինելու իրավունքն ապահովելու համար եւ հույս ունենք, որ հասարակությունն անտարբեր չի մնա իրավիճակի նկատմամբ:
- Լրագրողական դաշտում կա վճռականություն՝ համախմբված պայքարելու մեր մասնագիտական իրավունքների պաշտպանության համար: Եւ մենք պատրաստ ենք օգտագործելու լրագրողական բոլոր՝ ընդհուպ մինչեւ ծայրահեղ միջոցները՝ այդ նպատակին հասնելու համար, եթե այս հայտարարությունը չունենա կոնկրետ հետեւանքներ»:
ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը միայն նախաքննության ավարտից հետո կփաստի՝ ոստիկանների գործողություններում միտումնավորություն եղել է, թե ոչ: ԶԼՄ ներկայացուցիչներին ևս հորդորում է՝ ժամանակից շուտ գնահատականներ չտալ:
Ահարոնյանը ասում է, որ երբ ոստիկանությունը գործողություն է իրականացնում, և լրագրողները այդ պահին գտնվում են բախման մեջտեղում, հնարավոր է` նրանք վնասվածքներ ստանան, սակայն դա չի արվում՝ նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու նպատակով: «Ոստիկանությունը պարտավոր է անել իր գործողությունը: Եթե նկատել եք, նախապես զգուշացվում է՝ հարգելի լրագրողներ, ոստիկանությունը պատրաստվում է հատուկ միջոցներ կիրառել, և լրագրողները պարտավոր են որոշակի անվտանգ տարածություն պահել: Մենք պետք է աշխատենք լրագրողներին չխոչընդոտել՝ իրենց մասնագիտական գործողությունները իրականացնելիս, իսկ լրագրողները պետք է հասկանան, որ իրենց գործունեությունից չպետք է տուժի ոստիկանների աշխատանքը».-նշում է ոստիկանության ներկայացուցիչը:
Ահարոնյանը խոսքով` պետք է աշխատանքներ տարվեն լրագրողների և խմբագիրների հետ, իսկ իրենք ոստիկանների հետ աշխատանքներ տանում են, և ոստիկանները ունեն հատուկ ուղեցույցներ, որոնցով առաջնորդվում են:
Դավիթ Ալավերդյանը
«Մեդիամաքս» գործակալության գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը կարծում է, իշխանությունը ամեն ինչ անում է՝ լրագրողական դաշտը աղճատելու և աղտոտելու համար՝ լրագրողներին հաճախ մեղադրելով բոլոր այն մեղքերի համար, որոնք այսօր կան հասարակությունում՝ մոռանալով, որ լրագրողները՝ առկա երևույթների միայն արտացոլողն են, և ոչ՝ստեղծողը:
«Բախումների և հավաքների ժամանակ ակնհայտ երևում է, որ անձը լրագրող է, ոչ` ցուցարար: Այսինքն՝ նրանց ակցիայի մասնակցի հետ շփոթելը անհնար է: Նշել, որ լրագրողները պատահաբար են զոհ դարձել, կարծում եմ՝ թյուրիմածություն է»,- ասում է խմբագիրը:
Աշոտ Ահարոնյանի այն դիտարկմանը, թե աշխատանք պետք է տարվի լրագրողների և խմբագիրների հետ, Ալավերդյանը՝ որպես Երևանի պետական համալսարանի դասախոս, առաջարկեց համապատասխան անվճար դասախոսություններ և վերապատրաստման աշխատանքներ տանել ոստիկանների հետ՝ բացատրելով, թե նման իրավիճակներում ինչպես են զարգացած երկրներում աշխատում լրագրողների հետ՝ ձեռնարկելով այնպիսի քայլեր, որ նրանք չտուժեն:
լուսանկարները` Սարո Բաղդասարյանի
Մեկնաբանել