HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նազիկ Ավդալյանը գրավեց 5-րդ տեղն Օլիմպիական խաղերում

31-րդ ամառային Օլիմպիական խաղերի 5-րդ օրը պայքարի մեջ մտան 69 կգ քաշային կին ծանրորդները։

Հայաստանի ներկայացուցիչ, Եվրոպայի գործող չեմպիոն Նազիկ Ավդալյանը պոկում վարժության ժամանակ նախ հանեց 103 կգ, այնուհետև, չբարձրացրեց 107 կգ, սակայն երրորդ մոտեցման ժամանակ գլխավերևում պահեց 107 կգ։

Հրում վարժությունը Ավդալյանը սկսեց` 130 կգ ծանրաձողը բարձրացնելով։ Երկրորդ և երրորդ մոտեցումների ժամանակ Նազիկը բարձրացրեց նախ 133 կգ և 135 կգ։ Երկամարտի 242 կգ արդյունքով` Նազիկ Ավդալյանը  զբաղեցրեց 5-րդ տեղը։

«Դեռևս մեկ տարի առաջ ավելի մեծ ակնկալիքներ ունեի ինքս ինձնից: Կարծում էի, որ կհասնեմ իմ հին կիլոգրամներին, սակայն չնախատեսված վնասվածքներ եղան, որոնք խանգարեցին իմ մարզումներին: Չեմ ափսոսում ոչնչի համար, արեցի այն, ինչ կարող էի: Եղել են մարզումներ, որոնց ժամանակ մարզվել եմ ցավերով: Ես այսօր արեցի այն, ինչ կարող էի: Օլիմպիական խաղերին մասնակցելը բոլոր մարզիկների երազանքն է, այդ թվում` և իմ: Գուցե պոկում վարժությունում կարողանայի առավել կիլոգրամներ բարձրացնել, բայց հիմա ունենք այն, ինչ ունենք»,- ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ ասել է Ավդալյանը:

Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանի կարծիքով էլ՝ Օլիմպիական խաղերում Նազիկի գրանցած 242 կգ արդյունքը առավելագույնը չէր:

«Սա այն բացառիկ մրցումներից մեկն էր, որտեղ Նազիկն այդպես էլ մեդալ չունեցավ: Սակայն ժամանակները փոխվում են: Այս 5-րդ տեղը Նազիկի վնասվածքներից հետո իսկապես հերոսություն է: Եթե մի քիչ ավելի ժամանակ ունենայինք, ապա Նազիկն անպայման մեդալ կունենար, մեզ միայն ժամանակը չբավարարեց: Ինչ որ բան խանգարեց նրան, եթե առողջությունը նորմալ լիներ, ապա մեդալ էլ կլիներ: 5-րդ տեղը Նազիկի առավելագույնը չէր: Եթե Նազիկն ունենա համարձակություն և նորից շարունակի ծանրամարտով զբաղվել, ապա ես իմ կողմից խոստանում եմ` նա մեդալներ կունենա աշխարհի և Եվրոպայի առաջնություններում»,- ասել է գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter