
Անահիտ Բախշյան. «Հակառակ ՀՀ օրենքների՝ կրթության ոլորտը ծայրաստիճան քաղաքականացված է»
Ազգային ժողովի պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի հայտարարությունը Հանրային հեռուստաընկերության «Խորհրդարանական շաբաթ» հաղորդման ժամանակ
Հանրապետության նախագահը արդյունաբերողների և գործարարների համաժողովին հայտարարում է քաղաքականության ու գործարարության տարանջատման մասին, իսկ վարչապետը հեռավոր Բրյուսելում մեծ պաթոսով հայտարարում է 20-ամյա մեր հանրապետության պատմության մեջ 2012-ին ակնկալվող աննախադեպ արդար, թափանցիկ ու հրապարակային ընտրությունների մասին, մինչդեռ այժմ ես կմատնանշեմ երևույթներ, որոնք վերոնշյալ հայտարարությունների ճիշտ հակառակի մասին են վկայում:
«Ժառանգությունը» բազմիցս բարձրաձայնել է այն մասին, որ հակառակ ՀՀ գործող օրենքների՝ կրթության ոլորտը ծայրաստիճան քաղաքականացված է:
Վարչապետը կուսակցական անդամատոմսերի հանձնման արարողությունը կազմակերպում է դպրոցում, այսինքն՝ դպրոցում իրականացնում է քաղաքական քարոզչություն, որն արգելված է օրենքով: Միևնույն ժամանակ ՀՀ անկախության 20-ամյակի առթիվ հանրապետության առաջին արտգործնախարարի հանդիպումներն ուսանողների հետ արգելվում են՝ դրանք որակելով որպես քաղաքական քարոզչություն:
Եթե պայմանագրային հիմունքներով կրթական հաստատությունների դահլիճները վարձակալությամբ կարող են օգտագործվել այդ նպատակներով, ապա դրա մասին իշխանությունը թող հայտարարի, և թող դա նախադեպ լինի, որ ընդդիմադիր բոլոր քաղաքական ուժերին ևս տրվի այդ հնարավորությունը:
Նույն վիճակն է հանրակրթական ուսումնական հաստատություններում, որտեղ տնօրենների մեծամասնությունը հանրապետական է, իսկ կրծքանշանը՝ վահան, այնինչ տնօրենի թեկնածության հավաստագրման քննություններին հանրապետական կրծքանշանով բազմաթիվ կտրված գործող տնօրենները բացահայտեցին իրենց անհամատեղելիությունը կրթությունը կազմակերպողի դերի հետ:
Սա նույնպես կուսակցության խայտառակությունն է, իսկ որոշ դպրոցներում շողոքորթությունն այն աստիճանի է հասել, որ պատերին հանրապետական կուսակցության խորհրդանիշներն են փակցված:
Մարզերում կոալիցիոն կուսակցությունների խորհրդանիշներն ամենուրեք անթույլատրելի տեղերում են՝ գյուղապետարանների, մշակույթի պալատների, քաղաքապետարանների ճակատներին, այսինքն՝ հանրային սեփականությունն ամենուրեք նույնացվել է կոալիցիոն կուսակցությունների հետ:
Օրինազանցությունը հասել է այն աստիճանի, որ ՀՀ պետական բյուջեն է սկսել նույնացվել կուսակցական բյուջեների հետ, օրինակ՝ Եվրոպայի ժողովրդական կուսակցության հրավերով Հանրապետական կուսակցությունն ու իր կոալիցիոն գործընկերը կուսակցական գործերով, պետական բյուջեի հաշվին իրենց կողմնակիցների հետ հատուկ ինքնաթիռով մեկնում են Բրյուսել:
Կամ պետական բյուջեով ֆինանսավորվող երիտասարդական հիմնադրամի գործունեությունը կարծես ամբողջապես ծառայում է Հանրապետական կուսակցության երիտասարդական թևին, որի ցցուն օրինակը նոյեմբերի 10-ին Երիտասարդության օրվա առիթով մարզահամերգային համալիրում վարչապետի խոսքն էր:
Կամ կուսակցությունների բարեգործական կոչվող տարբեր միջոցառումներ, որոնք քարոզվում են հեռուստատեսությամբ:
Նման համատարած ապօրինությունները, քաղաքական մրցակցության անհավասար պայմանները դարձել են սովորական:
Այսպե՞ս են երկրի նախագահն ու վարչապետը երաշխավորում ազատ և արդար ընտրությունները: Այդպե՞ս եք ապահովում հավասար պայմաններ, երբ Հանրապետականի երիտթևի համար կազմակերպած մեկ համերգի կամ Հանրապետական կուսակցական պատվիրակության մեկ ուղևորության վրա պետության միջոցներից ավելի շատ փող է ծախսվում, քան ընդդիմադիր խորհրդարանական մի կուսակցության տարվա պետական ֆինանսավորման վրա:
Հիմա որի՞ն հավատա մեր հասարակությունը՝ համաժողովներում կամ Եվրոպայում արտասանած ճառերին, թե՞ մեր անարդար ու անօրեն իրականությանը:
Մեկնաբանել