
Ռոբերտ Ամիրխանյան. «Երբ ոտքի կանգնեմ, գամ քաղաք, կհանդիպեմ Աշոտ Պետրոսյանի հետ»
Առավոտյան «Սասնա ծռեր» խմբի անդամ Աշոտ Պետրոսյանի փաստաբան Արայիկ Պապիկյանը «Հետք»-ի հետ զրույցում հայտնել էր, որ ինքը և Պետրոսյանի որդին որևէ կերպ չեն կարողանում կապվել կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի հետ, քանի որ կա՛մ հեռախոսազանգերի չի պատասխանում, կա՛մ անհասանելի է:
Քիչ առաջ «Հետք»-ին հաջողվեց զրուցել կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի հետ, ով հայտնեց, որ Աշոտ Պետրոսյանին չի կարողանում տեսակցել, քանի որ այժմ հետվիրահատական բուժումներ է ստանում: Կոմպոզիտորը հավելեց, որ այս տարվա հունվար-հուլիս ամիսներին մի շարք բարդ վիրահատությունների է ենթարկվել Գերմանիայում և այս պահին էլ ճառագայթման պրոցեսի մեջ է:
«Այժմ քաղաքում չեմ: Գյուղում պառկած եմ և փորձում եմ լռության մեջ փոքր ինչ ապաքինվել, որից հետո անպայման կգնամ՝ Աշոտ Պետրոսյանի հետ հանդիպելու: Ինչու՞ պետք է խուսափեմ նրա հետ հանդիպելուց: Երբ ոտքի կանգնեմ, գամ քաղաք, կհանդիպեմ Պետրոսյանի հետ»,- նշեց կոմպոզիտորը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին Աշոտ Պետրոսյանը հացադուլ էր հայտարարել՝ պահանջելով հանդիպում-առանձնազրույց կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանի ու Ռոբերտ Ամիրխանյանի հետ:
Տիգրան Մանսուրյանը օգոստոսի 8-ին «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում հանդիպել էր Պետրոսյանի հետ, որից հետո վերջինս դադարեցրել էր հացադուլը:
Ռոբերտ Ամիրխանյանի լուսանկարը` «Արմենպրես»-ի
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել