HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիկոլ Փաշինյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՔԾ

Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ում թույլ չի տրվել հուլիսի 28-ին մուտք գործել Ազգային անվտանգության ծառայության ձերբակալվածների պահման վայր, երեկ գրությամբ դիմել է Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանին, քանի որ իր կարծիքով` ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանի արարքում հանցակազմ կա: Պատգամավորի հայտարարությունը` ստորև.

«Հաղորդում հանցագործության մասին

Պարոն Շահինյան.

Ս/թ հուլիսի 28-ին այցելել եմ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության շենքին հարակից ընդունարան, ներկայացրել եմ ԱԺ պատգամավորի վկայականս եւ ընդունարանի աշխատակցին տեղեկացրել, որ պատրաստվում եմ «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածով նախատեսված կարգով մուտք գործել ԱԱԾ Ձերբակալվածների պահման վայր: 

Ընդունարանի աշխատակիցը ինձ խնդրել է սպասել, որոշ ժամանակ անց ասել է, որ իրեն հրահանգված է ինձ ներս չթողնել: Համբերատար բացատրել եմ վերը հիշատակված օրենքի դրույթները, որից հետո ընդունարանի աշխատակիցը ինձ նորից խնդրել է սպասել: 

Բավական ժամանակ սպասելուց հետո նորից մոտեցել եմ ընդունարանի աշխատակցին՝ պարզելու համար, թե ինչու՞մն է խնդիրը: Վերջինս տեղեկացրել է, որ հարցը զեկուցվել է ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանին եւ իրենք սպասում են վերջինիս հրահանգին: Որոշ ժամանակ անց ինձ ասվեց, որ ինձ առանց որեւէ բացատրության արգելվում է մուտք գործել ԱԱԾ ՁՊՎ: 

Գտնում եմ, որ նման արգելք հարուցելը հանցագործություն է: ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանը թույլ է տվել հանցագործություն, որը համապատասխանում է ՀՀ Քրեական օրենսգրքի 309 հոդվածի հատկանիշներին, այն է՝ պաշտոնատար անձի կողմից դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելը, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին:

Ելնելով վերը նշվածից՝ միջնորդում եմ ձեռնարկել ՀՀ օրենսդրությամբ նախատեսված միջոցներ եւ քրեական պատասխանատվության ենթարկել ԱԺ պատգամավորի օրինական իրավունքների իրացմանը խոչընդոտած անձանց»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter