
«Ընկճվելու առիթ չունեմ, քանի որ որևէ հանցանք չեմ կատարել»,- հայտնել է Հովհաննես Ղազարյանը
Հուլիսի 29-ի երեկոյան՝ Սարի թաղում տեղի ունեցած բախումներից հետո, ոստիկանական բաժին բերման է ենթարկվել «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Հովհաննես Ղազարյանը, այնուհետև, օգոստոսի 2-ին, նրան կալանավորելու որոշում է կայացվել: Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի երկրորդ մասով, այն է՝ զանգվածային անկարգություններին մասնակցելը:
«Հիմնադիր խորհրդարան»-ի ներկայացուցչի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երակամսյա կալանքը, և նա այժմ գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում:
Գործով փաստաբան Անի Չատինյանը «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց, որ երեկ է տեսակցել իր պաշտպանյալին, ում առողջական վիճակը բավարար է:
«Ասաց՝ ընկճվելու առիթ չունեմ, քանի որ որևէ հանցանք չեմ կատարել, և որ հավաքին, բողոքի ակցիային մասնակցելը հանգամանք չէ, որ դրա համար մարդիկ պետք է դատապարտվեն»,- նշեց է փաստաբանը:
Չատինյանի փոխանցմամբ՝ Հովհաննեսը իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, հրաժարվել է ցուցմունք տալուց: Փաստաբանը կալանքի որոշումը բողոքարկել է ՀՀ վերաքննիչ դատարան և սպասում է դատական նիստին:
Լուսանկարում ձախից` Հովհաննես Ղազարյանը և Գևորգ Սաֆարյանը / Հ. Ղազարյանի ֆեյսբուքյան էջից
Մեկնաբանել