HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատախազության պարզաբանումը` անազատության մեջ գտնվողներին տեսակցության իրավունքի սահմանափակման մասին

Անազատության մեջ գտնվող անձանց տեսակցության իրավունքի սահմանափակմանն առնչվող հարցերի վերաբերյալ Հայաստանի գլխավոր դատախազությունը տարածել է պարզաբանում, որը ներկայացնում ենք նույնությամբ:

«Վերջին օրերին զանգվածային լրատվության միջոցներում և հանրային հետաքրքրություն ներկայացնող այլ հարթակներում պարբերաբար քննարկվում են 2016թ. հուլիսի 17-ից 31-ն ընկած ժամանակահատվածում կատարված առերևույթ հանցանքների մեջ մեղադրվող և անազատության մեջ գտնվող անձանց տեսակցության իրավունքի սահմանափակմանն առնչվող հարցերը:

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը, հետաքննության և նախաքննության, ինչպես նաև պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու սահմանադրական իր գործառույթի իրացման շրջանակներում, լիազորված է պարզաբանել, որ տարբեր քրեական գործերով անցնող մեղադրյալների տեսակցության իրավունքի սահմանափակումը պայմանավորված է հետևյալ փաստական հանգամանքներով.

1. քրեական գործերով անցնող մեղադրյալներին ներկայացված մեղադրանքի բնույթով և հանրային վտանգավորության աստիճանով, այն է, որ դրանք առավելապես հասարակական անվտանգության դեմ ուղղված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություններ են,

2. ենթադրյալ հանցանքների կատարման ընթացքում և դրան նախորդող ժամանակահատվածում մեղադրյալների դրսևորած վարքագծով, այն է՝ միմյանց միջև կայուն և տևական կապով, ինչպես նաև ներկայումս նրանց տեսակցելու ցանկություն հայտնած անձանց, այդ թվում՝ ընտանիքի անդամների և որոշ պատգամավորների հետ նախկինում ունեցած շփումներով,

3. մեղադրյալներին վերագրվող արարքներն ավարտվելուց հետո իրավասու իրավապահ մարմինների կողմից հանցավոր այլ դրսևորումների բացահայտման, ներառյալ՝ մեծաքանակ զենք և ռազմամթերք հայտնաբերելու փաստերով, հետևաբար, և ազատության մեջ հնարավոր հանցակիցներ ունենալու ողջամիտ ենթադրությամբ և բարձր հավանականությամբ:

Այս պայմաններում «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքը (15 հոդվածի 9-րդ պարբերությունը) նախատեսում է իրավաչափ նպատակով, այն է՝ քննության շահերից ելնելով, քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ օրինական ներկայացուցչի, մերձավոր ազգականի, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի և այլ անձանց հետ (բացառությամբ՝ օրենքով նախատեսված դեպքերի) ձերբակալված կամ կալանավորված անձի տեսակցությունն արգելելու հնարավորություն:

Թեև ձերբակալված կամ կալանավորված անձանց տեսակցության իրավունքը սահմանափակվել է օբյեկտիվ փաստերի հիման վրա և օրինական հիմքով, այդուհանդերձ, յուրաքանչյուր մեղադրյալի համար դրա հետագա պահպանման անհրաժեշտության հարցը ենթակա է առանձին քննարկման՝ առկա իրավիճակի և զարգացման միտումների հաշվառմամբ:

Ուստի ՀՀ գլխավոր դատախազությունը հորդորում է հետաքրքրված հանրությանը հարգել քրեական վարույթն իրականացնող մարմինների որոշումներն ու գործողությունները, կանխարգելիչ այս միջոցի կիրառումը չդարձնել արհեստական քննարկուների կամ շահարկումների առարկա, և չփորձել այդ կամ ոչ իրավաչափ որևէ այլ ձևով ներազդել իրավասու պաշտոնատար անձանց լիազորությունների իրականացման վրա:

Հույս ենք հայտնում նաև, որ օրենքի ուժով նշված սահմանափակման կիրառման տիրույթում չհայտնված անձինք օրենքով տրված արտոնությունը կօգտագործեն բացառապես իրենց մասնագիտական գործառույթների իրականացման նպատակով՝ հարգելով սեփական առաքելությունն ու արդարադատության շահերը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter