
Համարյա ամեն բանտարկյալ իր հաց բերողն ունի
Մհեր Ենոքյան
«Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից
«Բանտում էլ տեղ չկա». այս խոսքերը վերջին օրերին հաճախ եմ լսում հենց «Նուբարաշեն» բանտի աշխատակիցներից: Ժամանակ առ ժամանակ «կլոր գերեզմանոցի» ինչ-որ տեղից գոռգոռոցի, աղմուկի խուլ ձայներ են արձագանքում. բնականաբար ոչ մեկից իրական պատճառների մասին չես կարողանում իմանալ:
Մտածում եմ բանտի «նորեկների», հատկապես «հաց տանող» քաղաքացու մասին...
Իրական կյանքից մի դիպված: Արտասահմանցի էր այցելել Հայաստան, բայց բավական լավ տիրապետում էր հայերենին: Տեղաբնակ ծանոթն ասաց.
-Գնանք`մի կտոր հաց ուտենք:
-Բայց ինչի՞ հենց մի կտոր, գնանք` նորմալ հաց ուտենք,-զարմացավ արտասահմանցին:
Հայերս էլի նմանատիպ բառակապակցություններ ունենք, օրինակ`«հաց կիսել»: Գաղտնիք չէ, որ հաց կիսողները միշտ հարգված են: Անգամ ընկեր բառը հայերենում՝ միասին հաց կիսող է նշանակում: Բայց հիմա հաց կիսողը բանտում է՝ միայն այն պատճառով, որ չի կարողացել իր հացը չկիսել: (Ագահությունից, մենակ ուտելուց կուշտ են մարդիկ):
Էլի հաց կիսողներ, հաց բերողներ կան. համարյա ամեն բանտարկյալ ու կալանավոր իր հաց բերողն ունի: Նրանք էլ են պատժված: Եկեք և տեսեք, թե ինչպես են հազարավոր քաղաքացիների պատժում իրենց բանտարկված հարազատներին հաց բերելու համար: Բանտերի առջև հերթեր են. նույնիսկ ամենաաղքատ ընտանիքները, հաճախ`բառի բուն իմաստով`մի կտոր հաց են բերում իրենց բանտարկյալներին: Ամռան շոգին ու տոթին, ձմեռվա ցրտին բանտի դռների մոտ կուչ եկած սպասում են, որ իրենց հերթը հասնի`այդ մի կտոր հացը փոխանցելու համար:
Կան հազարավոր բանտարկյալներ և 4-5 անգամ բազմապատկած «ազատության» մեջ «բանտարկված» հարազատներ:
Բանտեր հաց բերողիներին հաց բերել տալով են պատժում…
Կխոսեմ միայն փաստերի լեզվով: Ուղիղ 20 տարի է բանտում եմ, բայց երբ արդեն դարձանք ԵԽ անդամ պետություն և թույլատրվեցին հարազատների հանձնուքները, հարազատներս սկսեցին սնունդ ու հագուստ բերել բանտ:
Իմ «Իրական պատմություն» կամ «21 օր գերեզմանոցից դուրս» պատմվածքում գրել եմ. «Երևանի ծայրամասերից մեկում կա գերեզմանոց, աղբանոց և ևս մի կլորավուն տեսքով յուրահատուկ «գերեզման»: Հարազատները ծաղիկների փոխարեն սնունդ և հագուստ են բերում»:
Պետական միջոցներով հազարավոր բանտարկված քաղաքացիներին տալիս են ցորենից կամ թթված կաղամբից ինչ-որ շիլայատիպ բան:
Մի կտոր հաց - ժողովրդավարությո՞ւն – հանցագործությո՞ւն
Կառավարության 2003 թ-ի ապրիլի 10-ի Ն-413 որոշման համաձայն (կարգը գործել է մինչև 2015 թվականը), կալանավորվածներին և բանտարկյալներին պետք է տրամադրվեր թարմ միրգ, կաթնամթերք, հավի ձու, ձուկ և այլն: Հայտարարում եմ`20 տարվա մեջ ինձ պետությունը նույնիսկ մեկ ձու չի տրամադրել: Հիմա էլ դրան վերաբերող նոր կարգ կա:
Ինչպես ես, այդպես էլ հազարավոր բանտարկյալներ ողջ ենք մնում մեր հարազատների հաշվին բերած սննդով:
Պետական գնումների մասին հայտարարություններ կան, որտեղ նշվում է, որ, օրինակ, ձմերուկ է գնում պետությունը, խնձոր և այլ շքեղություններ: Չկա նման բան, չենք տեսել նման շքեղություն:
Զարմացա, երբ իմացա, որ պետությունը պետբյուջեից նույնիսկ գրիչների համար է փող դուրս գրում: Բազմիցս հսկիչներն են մոտենում, մեզնից`դատապարտյալներից գրիչ ուզում, որ մատյանները լրացնեն:
Եկեք հաշվարկենք, թե պետբյուջեից Հայաստանում կալանավորվածների ու դատապարտյալների սննդի, ինչպես նաև այլ կենցաղային պարագաների համար որքան գումար է դուրս գրվում և որքանն է նպատակային օգտագործվում: Խցերի վերանորոգումն էլ, որպես կանոն, արվում է դատապարտյալների հաշվին:
Մաթեմատիկ կամ հարկային տեսուչ չեմ, բայց իմ մոտավոր հաշվարկներով՝ տարեկան մոտ 2,5 - 3 միլիոն դոլար է հօդս ցնդում, այսինքն ոչ նպատակային է օգտագործվում: Հիմա պարզ է, թե ինչու է իշխանություններին պետք, որ բանտերն ու գաղութները միշտ լցված լինեն: Սա բիզնես է: Կալանավորներն ու դատապարտյալները ստաբիլ եկամուտի աղբյուր են: Արդյո՞ք ՀՀ գլխավոր դատախազությանը, ՀՔԾ-ին կհետաքրքրի այս մասշտաբի տնտեսական հանցագործության տարրեր պարունակող երևույթը, որն, ըստ իր քրեաիրավական բնութագրի, շարունակվող-ընթացող հանցագործություն է հիշեցնում:
Փաստ է, որ այսօր հայաստանյան բանտերում գնալով շատանում է քաղաքական բանտարկյալների թիվը: Փաստ է, քանի որ հաց բերողն է հայտնվում բանտում, «խաղալիք» ատրճանակով իր վրդովմունքը հայտնող երիտասարդը 9 տարով ազատազրկվում է: Փոխարենը նախագահի ներմանն են արժանանում միայն հովանավորյալները, օրինակ`ՔԿՎ նախկին պետ Սամվել Հովհանիսյանը կամ Սյունիքի մարզպետի եղբորորդին: Մարդու և քաղաքացու իրավունքների պաշտպանության տեսակետից Հայաստանը գլորվելով հասնում է 90-ականներին:
Կարծում եմ՝ ներկա իշխանության դիմակը պատռվեց, և մենք տեսանք՝ նույն 90-ականների դեմքը… Սրա մասին է վկայում նաև այն, որ Լևոն Տեր-Պետրոսյանի ստորագրած մահապատժի դատավճիռներից ոչ մեկը այդպես էլ չի վերանայվում: Կարծում եմ, որ սա վառ ցուցանիշ է առ այն, որ առաջին նախագահին փոխարինած երկուսը վախենում են՝ մի օր էլ իրենց անօրինությունները ջրի երես դուրս կգան…
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել