
Սեդրակ Նազարյանը կալանավորվել է
Երեկ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշել է Նազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել երկամսյա կալանքը։ Դատական նիստից հետո Սեդրակ Նազարյանին տեղափոխել են ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ։
Հուլիսի 31-ին՝ ժամը 9:30-ի սահմաններում, ՊՊԾ գնդի տարածքից հրազենային վնասվածքով հիվանդանոց էր տեղափոխվել «Սասնա ծռեր» խմբի անդամ Սեդրակ Նազարյանը։ Այդ օրվանից նա գտնվում էր «Էրեբունի» բժշկական կենտրոնում՝ բժիշկների հսկողության ներքո։ Ինչպես «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց Նազարյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը, երեկ՝ ժամը 18:00-ի սահմաններում, նրան վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են հիվանդասենյակ, և դրանից անմիջապես հետո սկսվել են քննչական գործողություններ։
Նազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քր.օր 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելը, 235 հոդվածի 3-րդ մասով՝ կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը։ Մեղադրանք առաջադրելուց ժամեր անց նշանակվել էր դատական նիստ, որում քննվել է Նազարյանի խափանման միջոցի հարցը։
«Երեկվա ամբողջ գործընթացը, այդ թվում նաև դատական նիստը և դատավորի վարքագիծը, առնվազն անմարդկային վերաբերմունքի դրսևորում էր մեղադրյալի նկատմամբ: Դատավորը ոչ մի կերպ դատական նիստը չէր հետաձգում եւ անցկացնում էր այն պայմաններում, երբ անձը ի վիճակի չէր դրան մասնակցել: Սեդրակը այդպես էլ չիմացավ, թե ինչի մասին էր նիստը և ինչի համար ենք այնտեղ հավաքվել, քանի որ նիստի հիմնականում մասում նա քնած էր»,- «Հետք»-ի հետ զրույցում նշում է Վարոսյանը:
Հարցին, թե ինչու է դատարանը մերժել նիստը հետաձգելու միջնորդությունը, փաստաբանը պատասխանեց, որ իր կարծիքով ո՛չ դատավորն էր որոշել, որ այդ օրը նիստ պետք է անցկացնի, ո՛չ քննիչն էր որոշել, որ երեկ պետք է Նազարյանի նկատմամբ մեղադրանք առաջադրի:
Մինչ դատական նիստը Երվանդ Վարոսյանը իր և մյուս փաստաբան Լուսինե Սահակյանի անունից, իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն էր տարածել, նշելով, որ Սեդրակ Նազարյանին մեղադրանքը պարզ չէ, նա հրաժարվել է ցուցմունք տալ ու հարցերին պատասխանել, քանի որ 12 օր ապօրինի զրկվել է ազատությունից և արտաքին աշխարհի հետ որևէ կապից, մինչ օրս չի ճանաչվել տուժող և իր նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում է իրականացվում։
Հիշեցնենք, որ հուլիսի 31-ին Սեդրակ Նազարյանի համագյուղացիներն ու հարազատները քարերով, ավտոմեքենաներով փակել էին նրա հայրենի գյուղի՝ Սպանդարյանի ճանապարհը և միայն ժամեր անց, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի այնտեղ ժամանելուց հետո, միջպետական ճանապարհը բացվել էր։
Մեկնաբանել