HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հափշտակության մեջ մեղադրվող ատոմակայանի մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների գործի դատաքննությունը սկսվել է

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատարանի նախագահ, դատավոր Հրաչիկ Սարգսյանի, սկսվել է Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից յուրացնելու կամ վատնելու մեղադրանքով քրեական գործի քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ ՀԱԷԿ ՓԲԸ-ի տնօրեն Գագիկ Մարկոսյանը ընկերության կանոնադրության համաձայն լինելով դրա գույքի, այդ թվում ֆինանսական միջոցների տնօրինող, ընկերության անունից գործարքներ և պայմանագրեր կնքող անձ, միաժամանակ օժտված լինելով հրամաններ և հրահանգներ արձակելու, ինչպես նաև կատարման համար պարտադիր ցուցումներ տալու և դրանց իրագործումը վերահսկելու լիազորությամբ, ղեկավարել է կազմակերպված խումբ: ՀԱԷԿ-ում զբաղեցրած պաշտոնական դիրքն օգտագործելով Գ. Մարկոսյանը 2010-2014թթ. ժամանակահատվածում կազմակերպված խմբի անդամների հետ վատնելու եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերով 759 միլիոն 221 հազար 500 դրամ, իսկ 2008-2013թթ. ժամանակահատվածում` 24 միլիոն 364հազար 500 դրամ, առանձնապես խոշոր չափերով գումար: 

Գագիկ Մարկոսյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրերնգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և մեկ դրվագ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է  առանձնապես խոշոր չափերով, կազմակերպված խմբի կողմից):

Ռուբիկ Մովսեսյանը ՀԱԷԿ-ում զբաղեցրել է կոմերցիոն տնօրենի պաշտոնը, ով ի պաշտոնե մատակարարման ոլորտի պատասխանատուն է:

Ըստ մեղադրանքի՝ Ռուբիկ Մովսեսյանը հակված լինելով իր կարգադրիչ և այլ լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ օգտագործելուն, գործելով կազմակերպված խմբի կազմում և առևտրային կազմակերպությունում զբաղեցրած պաշտոնական դիրքն օգտագործելով, 2010-2014թթ. ժամանակահատվածում կազմակերպված խմբի անդամների հետ վատնելու եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերով 759 մլն 221 հազար 500 ՀՀ դրամ գումար: 

Ռուբիկ Մովսեսյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:

Նույն մեղադրանքն է առաջադրվել նաև վերանորոգման նախապատրաստման և կարգավորման բաժնի պետ Էդիկ Ղազարյանին: Ըստ մեղադրանքի՝ վերջինս լինելով ատոմակայանի գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ ապրանքների և նյութերի ձեռք բերման գնումների գործընթացներն իրականացնելու համար պատասխանատու ստորաբաժանման ղեկավար` գործելով կազմակերպված խմբի անդամների հետ իր պաշտոնական դիրքն օգտագործելով վատնելու եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերով 751 միլիոն 790 հազար 800 ՀՀ դրամ գումար: 

Նշենք, որ Գագիկ Մարկոսյանի և Էդիկ Ղազարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել «Ստորագրություն չհեռանալու մասին», իսկ Ռուբեն Մովսեսյանի նկատմամբ խափանման միջոց չի ընտրվել:

Գործով առաջին դատական նիստը կայացել է օգոստոսի 11-ին: Հաջորդ նիստը կայանալու է օգոստոսի 30-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter