HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրանտ Գալստյան

100 մլն դրամ` նախագահի խորհրդականի որդու կազմակերպությանը

Հայաստանի կառավարությունը օգոստոսի 11-ին ընդունեց որոշում՝ «Դասական երաժշտության աջակցություն» հասարակական կազմակերպությանը 100 մլն 760 հազար դրամ գումար նվիրաբերելու մասին՝ «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 25-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառման կազմակերպման նպատակով»:

Գումարը կազմակերպությանն է տրամադրելու Մշակույթի նախարարությունը, որին 100,8 մլն դրամը փոխանցվելու է կառավարության պահուստային ֆոնդից («Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով):

Այլ հատկացումներ

Դեռևս 2012թ-ին Մարդու իրավունքների երրորդ պաշտպան Կարեն Անդրեասյանն իր տարեկան զեկույցում նշել է, որ Կրթության և գիտության նախարարությունը 2010 և 2011 թվականներին միևնույն 7 հասարակական կազմակերպություններին տրամադրել է մոտ 365 մլն դրամ, որի շուրջ 38%-ը (138,7 մլն)` միայն մեկ կազմակերպության՝ «Դասական երաժշտության աջակցություն» ՀԿ-ին:

Հաջորդ տարիներին ևս կազմակերպությունը ստացել է խոշոր հատկացումներ կրթության և գիտության կամ մշակույթի նախարարություններից: 2012թ-ին, օրինակ, դասական երաժշտական բարձրագույն կրթության զարգացման նպատակով ԿԳՆ-ից ստացել է 46,7 մլն, հաջորդ տարում` ևս 26,6 մլն դրամ, իսկ 2014թ-ին Մշակույթի նախարարության կողմից ստացել է 141 մլն 650 հազար դրամի դրամաշնորհ ՝ որպես աջակցություն երիտասարդ երաժիշտների կատարողական արվեստի զարգացմանը:

Կազմակերպությունը

«Դասական երաժշտության աջակցության» հասարակական կազմակերպության նախագահը Սերգեյ Սմբատյանն է՝ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը: Հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2008թ-ի ապրիլին, գործում է Սայաթ-Նովա 1 հասցեում:

Սերգեյ Սմբատյանի հայրը ՀՀ նախագահի խորհրդական Արմեն Սմբատյանն է: Հիշեցնենք, որ վերջինս Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ հիմնադրել էր «Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի և համագործակցության հայկական ընկերություն» ՀԿ-ն: Տարիներ անց այս ՀԿ-ն հիմնադրել էր «ԱՕԿՍ» ՍՊԸ-ն, որի սեփականատեր էր դարձել «Օշըն փըսիֆիք գլոբըլ փրոփըրթիզ լիմիթեդ» ԲՎՀ օֆշորային ընկերությունը: ԱՕԿՍ-ի պատմական շենքին հարող տարածքի մի հատվածը օտարվել էր էլիտար շենքերի շինարարությամբ զբաղվող Սամվել Մայրապետյանին պատկանող «Լոկալ Դիվելոփըրզ» ընկերությանը, իսկ շենքի նկուղային տարածքը` «Թիֆլիս» ՍՊԸ-ին, որի 100% բաժնեմասը 2013թ-ին գնել է նախարար Հասմիկ Պողոսյանի որդին` Վաղարշակ Հակոբյանը: Այս պատմության մանրամասներին ծանոթացեք այստեղ:

Որոշման նպատակը

«Դասական երաժշտության աջակցության» հասարակական կազմակերպությանը 100,8 մլն դրամ հատկացնելու կառավարության որոշման հավելվածում որպես ծրագրի վերջնական արդյունք նշված է՝ «Քաղաքացիական հասարակության տեղեկացվածության և հաղորդակցման բարձրացում արվեստի ոլորտում»: Որոշումն ուժի մեջ է մտել ուրբաթ` օգոստոսի 12-ին:

Համեմատության համար նշենք, որ գրականության հրատարակմանը աջակցելու, այդ թվում՝ երիտասարդ գրողների ստեղծագործությունների, հայ ժամանակակից, թարգմանական, մանկապատանեկան, սփյուռքահայ և այլ գրականության հրատարակչության համար 2016թ-ի պետբյուջեից Մշակույթի նախարարությանը տրամադրվել է 64 մլն 840 հազար դրամ գումար:

Լուսանկարը՝ ՀՊԵՆ պաշտոնական կայքից

Մեկնաբանություններ (5)

Գեւորգ
«Քաղաքացիական հասարակության տեղեկացվածության և հաղորդակցման բարձրացում արվեստի ոլորտում» --- բա՜հ ձեր յուրտը չբլի, Իլֆին ու Պետրովին անցանք: Իսկ որ այդ ,,որբուկների,, փայից մի քիչ կտրեին ու Վանաձորի քիմպրոմի աշխատողներին հատկացնեին, ինչը սխալ կլիներ? 5 - տարի է լաց են լինում իրենց աշխատավարձի համար ...
Արիկ
մշակույթի ֆինասավորման հետ կապ չունի այն թալանը, որ իրականացնում են Արմեն և Սերգեյ Սմբատյաններն ու Հասմիկ Պողոսյանը: Մշակույթի անմեղ անվան տակ տարիներով գողություն են իրականացնում, թե՞ ԱՕՔՍ-ի շենքի գողությունն էլ է մշակույթի ֆինասավորում:
Ruben Terteryan
Երբ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Չերչիլի հաստատմանն են ներկայացնում երկրի բյուջեն, նա տեսնում է, որ զինված ուժերին մեծ գումարներ են հատկացված, իսկ մշակույթը գրեթե անտեսված է: Այդ ժամանակ նա ասում է՝ եթե մենք չենք ֆինանսավորում մշակույթը, այդ դեպքում էլ ինչի՞ համար ենք պայքարում, ի՞նչն ենք պաշտպանում:
Anna
Որեւէ ոլորտ չի մնացել որ չապականեն, անգամ երաժշտությունը․․․պարզ է որ փող են լվանում կամ յուրացնում։ Հետաքրքիր կլիներ իմանալ թե՝ որքան աշխատավարձ են ստանում այս արտոնյալ նվագախմբի անդամները, եւ թե մնացած դասական ու այլ նվագախմբերը ինչ օգնություն են ստանում կառավարությունից։
Հրանտ Սարգսյան
Մեկնաբանություն՝ չի գրվում․․․ Իսկ ձեզ՝ շնորհակալություն, աշխատանքի համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter