Հայաստան կատարվող դրամական փոխանցումները կես տարում նվազել են 60 մլն դոլարով
Կես տարվա կտրվածքով` արտերկրից Հայաստան կատարվող դրամական փոխանցումները մոտ 9%-ով նվազել են։ Ընդ որում՝ զուտ ներհոսքը կրճատվել է 23.5%-ով։
Այս տարվա հունիսին բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունից արտերկրից Հայաստան է փոխանցվել մոտ 135.3 մլն դոլար։ Ըստ ՀՀ կենտրոնական բանկի՝ այս փոխանցումները ոչ միայն արտագնա աշխատանքի մեկնած հայերի ուղարկած գումարն են (մասնավոր տրանսֆերտները), այլև՝ անհատ ձեռնարկատերերի կողմից ուղարկվածները։
Իսկ Հայաստանից դեպի արտերկիր կատարված փոխանցումները հունիսին կազմել են մոտ 54.4 մլն դոլար։ Արդյունքում զուտ ներհոսքը կազմել է մոտ 80.9 մլն դոլար։
2015-ի հունիսի համեմատ տրանսֆերտների ընդհանուր ներհոսքը կրճատվել է 27.9 մլն դոլարով կամ 17.1%-ով, արտահոսքը՝ 11.8 մլն դոլարով կամ 17.9%-ով, իսկ զուտ ներհոսքը՝ 16.1 մլն դոլարով կամ 16.6%-ով։
Ընդհանուր առմամբ, այս տարվա առաջին կիսամյակում ֆիզիկական անձինք արտերկրից Հայաստան են ուղարկել մոտ 622.4 մլն դոլար, որը 60.2 մլն դոլարով կամ 8.8%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։
Հայաստան ուղարկվող տրանսֆերտների կազմում գերակշռում են Ռուսաստանից ուղարկված գումարները, որոնց մեծ մասն էլ արտագնա աշխատանքի մեկնածների ուղարկածն է։
Ռուսաստանի տնտեսական անկման և ռուսական ռուբլու թուլացման հետևանքով 2015-ից սկսած՝ նրանց ուղարկած գումարները կտրուկ նվազել են, որն էլ հանգեցրել է տրանսֆերտների ընդհանուր գումարի նվազմանը։
Փոխարենը Հայաստանից Ռուսաստան ուղարկվող գումարներն են ավելացել։ Եթե համեմատենք վերջին երեք տարվա առաջին կիսամյակների տվյալները, ապա Հայաստանից Ռուսաստան կատարված դրամական փոխանցումներն ավելացել են, իսկ ԱՄՆ ու այլ երկրներ՝ նվազել։
Տվյալները՝ ՀՀ ԿԲ-ի
Այսպիսով, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ այս տարվա առաջին կիսամյակում դրամական փոխանցումները Հայաստան նվազել են (նվազումը՝ 8.8%), իսկ Հայաստանից արտերկիր՝ ավելացել 5.1%-ով (պայմանավորված ՌԴ կատարվող փոխանցումների աճով): Սրա արդյունքում երկրում մնացած գումարը՝ զուտ ներհոսքը, կրճատվել է 23.5%-ով։
Տվյալները՝ ՀՀ ԿԲ-ի
Հիշեցնենք, որ 2015 թվականին արտերկրից Հայաստան կատարվող տրանսֆերտները նվազել են ավելի քան 0.5 մլրդ դոլարով։ Եվ չնայած այս հանգամանքին՝ այս տարվա նվազումն այդքան կտրուկ չէ, սակայն պետք է հաշվի առնել, որ պատկերն պակաս հուսադրող է, քան 2015-ին։ Եթե
2015-ի առաջին կիսամյակում 2014-ի առաջին կիսամյակի համեմատ նվազումը կազմել է 28.4%, ապա այս կիսամյակում՝ նորից 2014-ի առաջին կիսամյակի համեմատ այն կազմել է 34.7%: Իսկ տրանսֆերտների, մասնավորապես՝ արտագնա աշխատանքի մեկնածների ուղարկած գումարների նվազումը նշանակում է, որ Հայաստանում շատ ընտանիքներ ավելի վատ են ապրել։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել