HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

HiTabs-ն առաջարկում է հավաքագրել և պահպանել օգտակար հղումները մեկ վայրում

HiTabs (ՀայԹաբս) հայկական ստարտափը հնարավորություն է տալիս մեկ հարթակում պահպանել, խմբավորել և տարածել կարևոր և օգտակար հղումները: Ստարտափի հիմնադիրը Կոլյա Թևոսյանն է: Թիմն աշխատում է ԱՄՆ-ում և Հայաստանում: HiTabs-ի մարկետինգի պատասխանատու Հեղնար Գասպարյանը պատմում է. «Թիմում 4 հոգի ենք: Ստարտափի գաղափարը Կոլյա Թևոսյանինն է: Նրան անհրաժեշտ էր այնպիսի գործիք, որը թույլ կտար պահպանել օգտակար հղումները: Ավելի ուշ նա հասկացավ, որ դա լավ միտք է և շատերին կարող է օգտակար լինել: Այդպես ստեղծվեց HiTabs-ը: Մեր կայքի ծրագրավորողը Դավիթ Հովսեփյանն է, իսկ դիզայնով զբաղվում է Կոլյայի կինը՝ Դիանա Գրիգորյանը»:

Հեղնար Գասպարյանի խոսքով՝ HiTabs-ի ամենամեծ առավելությունը խմբային թաբ ստեղծելու հնարավորությունն է. «Այն շատ օգտակար է հատկապես թիմային նախագծերի համար: Խմբային թաբը հասանելի է խմբի բոլոր անդամներին, նրանցից յուրաքանչյուրը կարող է այդտեղ տեղավորել հետաքրքիր հղումներ, և բոլոր անդամները միաժամանակ կարող են տեսնել դա: Հղումի վրա երևում է՝ խմբից ով է այն տեղադրել»: Տարբեր հղումները կարելի է միանգամից ներբեռնել մի անանուն թաբի մեջ, որտեղից հնարավոր է դրանք տեղափոխել այլ թաբեր: Հղումները կարելի է տարածել սոցիալական ցանցերում:

HiTabs-ը կարևորում է անվտանգության խնդիրը: Այստեղ ձեր էջը հասանելի է միայն ձեզ և ադմինին, ով պարզապես տեսնում է, որ դուք գրանցվել եք: Ձեր փակ հղումները ոչ ոք չի կարող տեսնել: «Թաբերը հնարավոր է դարձնել հանրային կամ փակ, ձևավորել տարբեր գույներով, և յուրաքանչյուր թաբի վրա նշել դրա նկարագրությունը: Հղումները հնարավոր է ֆիլտրել՝ ըստ անունների, ամսաթվերի կամ վարկանիշի, ինչը որոշվում է Alexa-ով (ամերիկյան ընկերություն, որը տրամադրում է ինֆորմացիա և վիճակագրություն կայքերի այցելությունների մասին,-հեղ.): Այսինքն՝ ամեն ինչ ճշգրիտ է»,-ասում է Հեղնար Գասպարյանը:

HiTabs-ի թիմը՝ վերեւում՝ Դիանա Գրիգորյան, Դավիթ Հովսեփյան, ներքեւում՝ Կոլյա Թեւոսյան, Հեղնար Գասպարյան

HiTabs-ից օգտվելու համար պետք է գրանցվել կայքում էլեկտրոնային հասցեի կամ ֆեյսբուքյան էջի միջոցով: Գործիքի բոլոր հնարավորությունների օգտագործումն անվճար է: «HiTabs-ն այնքան մեծ ծառայություններ չի առաջարկում, որպեսզի լինի վճարովի: Հնարավոր է, որ ապագայում գովազդի միջոցով ինչ-որ եկամուտ ապահովենք: Այս պահին մեր գլխավոր նպատակը 100.000 օգտատեր ունենալն է: Մինչ դրան հասնելը մենք վճարովի ոչինչ չենք ունենալու մեր կայքում»,-նշում է Հեղնար Գասպարյանը:

Նրա խոսքով՝ ի տարբերություն մրցակիցների՝ HiTabs-ը շատ ավելի պարզ է ու հեշտ է կիրառվում, բայց հիմնական դժվարությունն այն է, որ ամեն մարդ չի օգտվում նմանատիպ հատուկ գործիքից: Օգտակար հղումները շատերը պահպանում են հենց դիտարկչի (բրաուզերի) մեջ՝ նախընտրելի հղումների ցանկում:

Մեր հարցին, թե մարկետինգային ինչ քայլեր են իրականացվում ծրագրի արդյունավետությունը մարդկանց ներկայացնելու և նոր օգտատերեր ձեռք բերելու համար, Հեղնար Գասպարյանը պատասխանեց. «Քանի որ HiTabs-ն օնլայն նախագիծ է, դժվար է այն գովազդել: Մարկետինգը հիմնականում իրականացնում ենք՝ օնլայն հարթակներում այն տարածելով: Մեր հիմնական թիրախը ամերիկյան շուկան է: Կոլյան էլ իր հերթին ԱՄՆ-ում մասնակցում է կոնֆերանսների, որոնք մեզ օգնում են առաջ գնալու հարցում: Օրինակ՝ վերջերս HiTabs-ը մասնակցել է Կոլումբիայում անցկացվող TechBreakfast ֆորումին, որտեղ ներկա են լինում տարբեր ստարտափերի հիմնադիրներ և ներկայացնում են իրենց նախագծերը»: Կայքի մարկետինգի պատասխանատուի տվյալներով՝ HiTabs-ն այսօր ունի 400 օգտատեր, որոնց 60%-ը ակտիվ է, ամեն օր կիրառում է գործիքը, մնացած օգտատերերը ժամանակ առ ժամանակ են օգտվում:

Խոսելով առաջիկա ծրագրերի մասին՝ Հեղնար Գասպարյանը նշեց. «Այս պահին աշխատում ենք Google Chrome-ում մեր հարթակը զարգացնելու ուղղությամբ, որպեսզի եթե այլ կայքում լինեք և ցանկանաք բացել HiTabs-ը, միանգամից հնարավոր լինի կողքից ավելացնել այն: Բացի այդ, մինչև տարվա վերջ պլանավորում ենք ստեղծել առանձին բջջային հավելված: Այժմ էլ բրաուզերում հնարավոր է օգտվել բջջայինի համար նախատեսված տարբերակից, բայց առանձին հավելվածն ավելի կհեշտացնի աշխատանքը»:

Մարինե Ստեփանյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter