HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ռեջիոն Էներջի»-ի ոդիսականն ու դրա հետևանքները

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 21.05.2014թ. վճռով «Ռեջիոն Էներջի» ՓԲԸ-ն ճանաչվել է սնանկ: Վճիռը նույն օրը մտել է ուժի մեջ և չի բողոքարկվել սահմանված ժամկետում:  Դատարանի որոշմամբ 22.05.2014թ.-ից «Ռեջիոն Էներջի» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Սաղաթել Ալեքսանյանը, ում հետ էլ զրուցեցինք՝ հասկանալու ընկերության աշխատակիցների աշխատավարձի պարտքի առաջացման պատճառները:

Ո՞վ է «Ռեջիոն Էներջիի» սեփականատերը

«Ռեջիոն Էներջի» ՓԲԸ-ի բաժնետոմսերի միակ սեփականատերը «Գորիզենտ ԱՐ» ՍՊԸ-ն է, որը հիմնադրվել է 2007թ. նոյեմբերի 19-ին Ռուսաստանի Դաշնության Նիժնի Նովգորոդ քաղաքում: Իր կարճաժամկետ՝ շուրջ մեկ տարի տևած գործունեության ընթացքում ընկերությունն ունեցել է երկու ղեկավար: «Ռեջիոն էներջին» գլխավոր տնօրենի պաշտոնում նախ ղեկավարել է Կարեն Յուրիի Մանուկովը:

Համաձայն «Գորիզենտ ԱՐ» ՍՊԸ-ի 01.11.2010թ.-ի թիվ 2 որոշման՝ Կ. Մանուկովին հանձնարարվել է բանկից վարկ ստանալ՝ իրականացնելով դրա հետ կապված անհրաժեշտ միջոցառումները, այն է.

ա. Դիմել «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ին 5 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկային գիծ ստանալու համար, տարեկան 12 տոկոս տոկոսադրույքով, 5 տարի ժամկետով:

բ. Վարկային գծի միջոցներն օգտագործել Վանաձորի ՋԷԿ-ի գույքի ձեռքբերման, ինչպես նաև՝ հզորությունների օգտագործմամբ էլեկտրաէներգիայի արտադրությունն ու վաճառքն իրականացնելու նպատակով:

Գ. Որպես վարկային գծի վերադարձելիության ապահովվածության միջոց առաջարկել «ՄԵՏԱԴԵՔՍ ԳՐՈՒՊ» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, ք. Երևան, Շահամիրյանների 3 հասցեում գտնվող անշարժ գույքի և հիմնական միջոցների գրավը:

14.07.2010թ. «Ռեջիոն Էներջի»  ՓԲԸ-ի ու «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ի միջև կնքվել է գույքի առքուվաճառքի պայմանագիր, որով «Քիմպրոմ»-ը պարտավորվել է «Ռեջիոն»-ին վաճառել հիմնական ու շրջանառու միջոցներ՝ ընդհանուր 2մլրդ 149 մլն 800 հազ. ՀՀ դրամ արժեքով:

Համաձայն վերը նշված առքուվաճառքի պայմանագրի Դ կետի՝ վաճառվող գույքը ՋԷԿ-ի գույքային համալիրն է, որի կազմն էլ ամբողջությամբ ներկայացվել է առքուվաճառքի պայմանագրի թիվ 1, 2, 3 հավելվածներում:

Պայմանագրի կնքումից՝ 14.07.2010թ. մինչև 09.09.2011թ. «Ռեջիոն Էներջի»-ն «Վանաձոր-Քիմպրոմ»-ին որպես գույքի արժեքի կանխավճար վճարել է 1 մլրդ 495 մլն 9 հազ.  87ՀՀ դրամ:

Հաշվի առնելով, որ «Քիմպրոմ»-ն այս գումարի դիմաց որևէ գույք չի հանձնել «Ռեջիոն»-ին, ավելի ուշ՝ 18.04.2013թ. կողմերը որոշել են կատարել փոխադարձ հաշվարկների ճշտում, և համաձայն փոխադարձ ակտի՝ «Վանաձոր-Քիմպրոմ»-ի պարտքը «Ռեջիոն Էներջի»-ին կազմել է 1 մլրդ 495 մլն 9 հազ. 87ՀՀ  դրամ: 

Ինչո՞ւ է «Ռեջիոն Էներջի»-ն վճարել այլ ՓԲԸ-ի լիցենզիայի համար

10.08.2010թ. թիվ ՎՔ 97–Ա գրությամբ «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ի տնօրեն Ալեսքանդր Սնեգիրյովը խնդրել է «Ռեջիոն Էներջի» ՓԲԸ-ի տնօրեն Կարեն Մանուկովին վճարել «Քիմպրոմ»-ի հետ նույն իրավաբանական հասցեում (ք. Վանաձոր, Վարդանանց թիվ 2)  գտնվող «Րիոլիտ Կալիյ» ՓԲԸ-ի  հատուկ լիցենզիա ստանալու վճարը՝ 36 մլն 480 հազ. ՀՀ դրամ:

Ի դեպ, «Րիոլիտ Կալիյ» ՓԲԸ-ի  60 տոկոսի բաժնետերը «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ն է, 20 տոկոսինը՝ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի խորհրդական Լևոն Ասլանյանը: Թե ով է մյուս 20 տոկոսի բաժնետերը, հստակ չէ:

«20 տոկոսի բաժնետերը, չճշտված տվյալներով, Ալեքսանդր Սնեգիրյովի հետ խնամիական կապեր ունեցող անձ է»,- ասում է «Ռեջիոն Էներջի» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Սաղաթել Ալեքսանյանը:

13.08.2010թ. «Ռեջիոն Էներջի» ՓԲԸ-ն «Վանաձոր-Քիմպրոմի» տնօրենի խնդրանքը բավարարել է, և թիվ 13 վճարման հանձնարարականով պետբյուջե է փոխանցվել 36 մլն 480 հազ. ՀՀ դրամ, ինչի մասին «Քիմպրոմ»-ի տնօրենը գրավոր ծանուցվել է:

«Քիմպրոմ»-ից «Ռեջիոն»-ին վաճառվող գույքի արժեքի 1 մլրդ 495 մլն 9 հազ. 87 ՀՀ դրամ կանխավճարը և «Րիոլիտ Կալիյ» ՓԲԸ-ի համար վճարված պետտուրքի գումարը՝ 36 մլն 480 հազ. ՀՀ դրամը այդպես էլ չի վերադարձվել «Ռեջիոն»-ին:

««Ռեջիոն Էներջի» ՓԲԸ-ի դեբիտորական պարտքերը «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ի կողմից ժամանակին չվերադարձվելու հետևանքով «Ռեջիոն Էներջիի» աշխատողների չվճարված պարտքը կազմում է մոտ 95 մլն դրամ՝ ներառյալ փաստաբանական ծախսերը,- արձանագրում է սնանկության գործով կառավարիչը,-աշխատավարձերի պարտքի շուրջ 90 տոկոսը դատարանի վճռով հաստատված պահանջներ են»:

«Ռեջիոն Էներջիի» գլխավոր տնօրենը լքում է խաղադաշտը

Շուրջ 1.5 տարի պաշտոնավարելուց հետո՝ 2012թ. հունվարի 27-ին  «Ռեջիոն Էներջի» ՓԲԸ-ի տնօրեն Կարեն Մանուկովը դիմում է  ներկայացրել ընկերության միակ բաժնետեր «Գորիզոնտ ԱՐ» ՍՊԸ-ի տնօրենին իրեն աշխատանքից ազատելու համար: Երկու ամիս սպասելով ու տեսնելով, որ վերադասը աշխատանքից ազատման վերաբերյալ որոշում չի ընդունում, վերջինս 04.04.2012թ. դադարեցրել է իր լիազորությունները և նույն օրը տնօրենի լիազորությունենրով լիազորել  Ալբերտ Սիրադեղյանին՝ երեք տարի ժամկետով:

Եվս մեկ տարի անց՝ 31.05.2013թ., «Ռեջիոն Էներջի» ՓԲԸ-ի տնօրենի լիազորած անձ Ա. Սիրադեղյանի և «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի միջև կնքվել է պահանջի իրավունքի թիվ 11305229-2 գրավի պայմանագիր: Համաձայն նշված պայմանագրի 2-րդ բաժնի 2.1 կետի՝ հիմնական պայմանագրով գրավառուի հանդեպ գրավատուի ստանձնած պարտավորությունների կատարման համար գրավատուն պարտավորվել է հօգուտ գրավառուի գրավ դնել պահանջի իրավունքը, որը հանդիասնում է 14.07.2010թ. կնքված գույքի առքուվաճառքի պայմանագիրն ընդհանուր 1 մլրդ 495 մլն ՀՀ դրամ արժեքով: Սույն պայմանագրի 9-րդ բաժնի 9:2 կետի համաձայն՝ գրավատուն ընդունել  է ի գիտություն, որ գրավառուն սույն պայմանագրից բխող իր իրավունքները փոխանցում-զիջում է այլ անձի:

Արդեն չաշխատող ընկերության նոր տնօրենը նոր վարկ է վերցրել՝ հինը փակելու համար

31.05.2013թ. Ա. Սիրադեղյանի և բանկի մինջև կնքվել է պայմանագիր, որով բանկը լրացուցիչ 3 մլն 300 հազ. ԱՄՆ դոլար վարկ է տրամադրել 2011-ից չաշխատող «Ռեջիոն Էներջի» ՓԲԸ-ին, որպեսզի վերջինս մարի 1101104Վ պայմանագրի հիման վրա 2010-ին բանկի կողմից ընկերության հաշվեհամարին փոխանցված 3 մլն 229 հազ. 166 ԱՄն դոլարի վարկը:

«Այսինքն՝ չաշխատող հիմնարկին նորից վարկ են տվել, որ հին պարտքը փակի: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է բանկը 2011-ից չաշխատող հիմնարկությանը վերաֆինանսավորել»,- հարցնում է Ս. Ալեքսանյանը: 

Սնանկ ճանաչված ընկերության վարկի վրա բանկը 1 մլն 799 հազ. դոլարի տոկոս է հաշվարկել

2014թ.-ից սնանկության գործընթացում գտնվող «Ռեջիոն Էներջի»-ի սնանկության գործերով կառավարչին այս տարվա ապրիլին «Արդշինինվեստբանկի» իրավահաջորդ հանդիսացող «Արդշինբանկը» գրություն է ուղարկել, որում բանկի ներկայացրած տեղեկանքի համաձայն՝ 31.05.2015թ. դրությամբ 1101104-Վ և 1130522–Վ պայմանագրերով հաշվարկված տոկոսի հանրագումարը կազմել է 1 մլն 799 հազ. 688 ԱՄՆ դոլար:

Մատնանշելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի Դ կետը՝ սնանկության գործով կառավարիչն անհիմն է համարում բանկի կողմից սնանկ ճանաչված ընկերության դեպքում տոկոսների հաշվարկումը:

Ամենակարևորի՝ «Ռեջիոն էներջի»-ի պարտքի վճարման ու աշխատողների աշխատավարձի պարտքի մասին

«Քանի որ «Վանաձոր-Քիմպրոմը» սնանկ է ճանաչվել, ես արդեն պահանջ եմ ներկայացրել, ու «Ռեջիոնը» Քիմպրոմի 5 խոշոր պարտատերերի ցանկում է: Այժմ ՋԷԿի-ի ողջ գույքի սեփականատերը Արդշինբանկն է, ամբողջ պարտքը զիջած է բանկին որպես գրավի առարկայի ապահովում: «Ռեջիոն Էներջի»-ն չունի որևէ գույք, որով հնարավոր լինի մարել ընկերության աշխատողների պարտքը: Փոխարենն ունի առքուվաճառքի պայմանագիր և պահանջ՝ ներկայացրած «Վանաձոր-Քիմպրոմին»՝ շուրջ 1 մլրդ 500 մլն-ի պարտքի և «Րիոլիտ Կալիյի» լիցենզիայի համար պետբյուջե վճարած 36 մլն 480 հզր դրամի չափով»,- նշում է Ս. Ալեքսանյանը՝ հավելելով, սակայն, որ դա ամենևին չի նշանակում, թե Քիմպրոմը հաստատապես կվճարի այդ պարտքը, քանի որ վերջինիս գույքը բանկում գրավադրված է:

Հարցին՝ այսօր պարզ չէ՞, թե ով և երբ կվճարի «Ռեջոն»-ի աշխատակիցների աշխատավարձը, Ս. Աեքսանյանը պատասխանում է. «Եթե իմ կարծիքն եք հարցնում, 98 տոկոս անհուսալի է, որ դա կվճարվի»:

«Կապել ժողովրդի աշխատավարձը «Քիմպրոմի» հետ»՝ ճիշտ չէ»,- ասում է «Վանաձոր-Քիմպրոմ»-ի սնանկության գործով կառավարիչը

Հետքը զրուցել է նաև «Վանաձոր-Քիմպրոմ»-ի սնանկության գործով կառավարիչ Կարեն Ասատրյանի հետ:

-Պարոն Ասատրյան, Ռեջիոնի աշխատակիցներն իրենց աշխատավարձի ստացումը կապում են ընկերությանը «Քիմպրոմ»-ի վճարելիք պարտքի հետ:

-«Ռեջիոն Էներջի»-ն, որի աշխատակիցներն այսօր նման պահանջ են ներկայացնում, բացարձակ իրավահաջորդություն կամ որևէ անմիջական պարտավորվածություն «Վանաձոր-Քիմպրոմ»-ի հետ չունի: Այսինքն՝ ՋԷԿ-ը, որը մտնում է «Վանաձոր-Քիմպրոմի» կազմի մեջ, պարտք չունի տվյալ աշխատակիցներին, որևէ պարտավորություն չունի: Ես չգիտեմ՝ դա ինչի հետ է կապված, մարդիկ ինչու են գալիս, որովհետև, ըստ էության, «Ռեջիոն Էներջի»-ն ուրիշ իրավաբանական անձ է, «Վանաձոր-Քիմպրոմը»՝ այլ: Նրանք պետք է իրենց աշխատավարձը պահանջեն «Ռեջիոն Էներջի»-ից, որը սնանկ է ճանաչված:

-«Ռեջիոն Էներջի»-ն նաև «Քիմպրոմ»-ի գործով պահանջ ունի ներկայացրած, այսինքն՝ «Քիմպրոմ»-ի սնանկության վարույթով նա հանդիսանում է  պահանջատեր, բայց տվյալ աշխատակիցները պարտատեր չեն «Քիմպրոմ»-ում:

 -«Ռեջիոն»-ի աշխատակիցներն, ըստ էության, հույսեր են կապում հենց այդ պարտքի վերադարձման արդյունքում աշխատավարձի հնարավոր վճարման հետ:

-Քիմկոմբինատը իրենց պարտք չէ, ես այդ մարդկանց բացատրել եմ հանդիպումների ընթացքում: Կապել ժողովրդի աշխատավարձը «Քիմպրոմ»-ի հետ՝ ճիշտ չէ:

-Իսկ «Քիմպրոմ»-ի պարտքը «Ռեջիոն»-ին վերադարձնելու առումով ի՞նչ է նախատեսված:

-«Ռեջիոն»-ը պահանջատերերի ցուցակում հաստատվել է որպես չապահովված պահանջատեր: Ցանկում բավականին մեծ չափով պահանջատերեր կան՝ հարկային տեսչությունը, «ՀայՌուսգազարդը», «Էլեկտրական ցանցեր»-ը: «Ռեջիոն»-ը չապահովված «Է» հերթում է:

-Այսինքն՝ պարզ չէ՞, թե մոտավորապես երբ կհասնի «Ռեջիոն»-ի հերթը:

-Դա ընթացքում կերևա, դեռ պրոցեսները շարունակվում են: Այդ հարցին ոչ ոք հիմա չի կարող պատասախանել: Դա կախված է նաև նրանից, թե որքան ակտիվ կգոյանա, և մենք համադրելով կհասկանանք, թե արդյոք այդ ակտիվների արժեքը կբավարարի՞ պահանջների բավարարմանը: Այդ պրոցեսը դեռ ընթացքի մեջ է, և ոչ ոք չի կարող հստակ ասել՝ դա ոնց կինի կամ երբ կլինի:

Գայանե Սարգսյան 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter