HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտոնազուրկ եղած քահանայի պատասխանը Էջմիածնի ներկայացուցչին

Նիդերլանդների Մաաստրիխտի պաշտոնանկ արված հոգևոր հովիվ Տեր Արմեն քահանա Մելքոնյանը բաց նամակ է գրել Տեր Ասողիկ քահանա Կարապետյանին: Տեր Ասողիկը «ֆեյսբուք» սոցիալական ցանցում, անդրադառնալով Տեր Արմենի՝ Նիդերլանդներում ՀՀ դեսպանատան դիմաց ի պաշտպանություն «Սասնա Ծռեր» խմբի կազմակերպված ակցիայի ժամանակ հնչեցրած բացման ու փակման խոսքին, համոզմունք էր հայտնել, թե Տեր Արմենի «պահվածքը և մոտեցումը վայել չեն հայ հոգևորականին»: Տեր Ասողիկը Տեր Արմենին հեռացրել է նաև իր ֆեյսբուքյան ընկերների շարքից:

Հիշեցնենք, որ Տեր Արմեն քահանա Մելքոնյանը պաշտոնազուրկ է արվել Նիդերլանդներում ՀՀ դեսպանատան դիմաց ի պաշտպանություն «Սասնա Ծռեր» խմբի կազմակերպված ակցիայի ժամանակ հնչեցրած բացման ու փակման խոսքից հետո: Տեր Արմենը, սակայն, պաշտոնից զրկվելով՝ կարգազուրկ չի արվել, քանի որ ենթարկվում է Կիլիկիո կաթողիկոսարանին: 

Տեր Ասողիկ քահանա Կարապետյանի գրառումը

Տեր Արմեն քահանա Մելքոնյանի պատասխան բաց նամակը.

1.- «Մօտեցումը և պահուածքը վայել չէ Հայ հոգևորականի»։ Միթէ ո՞ր մօտեցումն ու պահուածքը նկատի ունէք. այն որ ես կանգնած իմ իմ ժողովուրդիս ու հօտիս կողքին անոնց արդար պահանջքներու՞ն համար, կամ թէ որովհետև կը մերժեմ Հայաստանի մէջ տեղի ունեցող սպառնալիքներն ու անարգութիւնները ոստիկաններու կողմէն մեր մայրերուն և քոյրերուն նկատմամբ։ Այս ուղղութեամբ ձեզի միայն մէկ ձևով կարող եմ իրաւունք տալ. ես պէտք չէր ցուցարարներուն կողքին լինէի արտասահմանում, այլ պէտք էր բոլոր պարտականութիւններն ու պարտաւորութիւններս լքելով, խաչս ձեռքս առնելով իջնէի խորենացի ու արգելք հանդիսանայի որ մարդիկ անարգանքի ու բերման ենթարկուեն։ Սակայն սրա մէջ էլ ես մեղք չունեմ. քանի այսպիսի քայլի մը դիմելու համար պարտաւոր էի Սուրբ Էջմիածնի՝ մայր Աթոռի հաւանութիւնը ունենալ վստահ լինելով որ պիտի չկարենայի ձեռք բերել։

2.- Ո՞րն է «Հայ առաքելական եկեղեցւոյ հաշտարար ու խաղաղարար վերաբերմունքն ու առաքելութիւնը»։ Լռե՞լ երկրի մէջ տեղի ունեցող անարդարութիւններուն և մարդկային իրաւունքներու ոտնակոխութեան, ա՞յս պիտի ըլլայ մեր եկեղեցւոյ վերաբերմունքը այս իրավիճակին, բնաւ և երբեք. մենք մեր եկեղեցւոյ հայրերէն սորուած ենք որևէ վտանգ սպառնացող ներքին կամ արտաքին թշնամիներուն առջև խաչը շալկել ու պայքարիլ մեր ժողովուրդի իրաւունքներու համար։ Այս արտայայտութեան մեծագոյն օրինակն են Ղևոնդեանց քահանաները Սուրբ Ղևոնդ երեցի գլխաւորութեամբ։

3.- «Խորը ցավ եւ վրդովմունք պատճառեցիք»: Զարմանում եմ ձեր այս խօսքերին սիրելի Տէր եղբայր։ երանի թէ համարձակութիւնն ունենայիք ձեր ցաւն ու վիշտը յատնել (եթէ գոյութիւն ունեն) այն ինչին որ ենթարկւում են մեր մայրերն ու քոյրերը, երիտասարդներն ու նոյնիսկ անչափահասները մեր հայ ոստիկանների ձեռքով։ սակայն ըստ երևոյթին մարդկային արժէքներն ու չափանիշները փոխուել են ձեր մօտ, և ձեր մատների արանքով տեսնում էք միայն այն ինչ որ ցանկալի չէ մեր իշխանութիւնների համար։

Ես էլ եմ ցաւ ապրում երբ տեսնում եմ որ հայրենիքի մեր հովիւները անհոգութիւնն ու անտարբերութիւնը իրենց հօտին նկատմամբ, և իւրաքանչիւրը իր աջը քաշած՝ մեկուսացած սպասում է թէ կշիռքի նժարը որ կողմն է իջնելու անմիջապէս փաթաթուելու նրանց շուրջ։

Ես վստահ եմ թէ եթէ «Սասնայ Ծռեր»ը Յաղթած դուրս գային (որը սպասելի է նաև այսօր և ամէն օր երկաթների հետևից), դուք այլ վերաբերմունք ու գնահատանք պիտի հնչեցնէիք իմ հասցէին կամ իմ ֆէյսպուքի նամակատուփին։

4.- Երանի թէ այս ձեր խոր ցաւն ու վիշտը հրապարակաւ Յայտնէիք ու հերքէիք Պատրիարքարան Փոխնորդ Տ. Արամ Եպս. Աթէշեանի ահաւոր դաւաճանական արտայայտութիւնը երբ Գերմաիան ընդունեց հայոց ցեղասպանութիւնը։

Ի վերջոյ փակեմ իմ նամակը Ն.Ս. Օ Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի խոհեմ խօսքերով.-

«Այս իրավիճակում լուռ մնալը ճիշտ չենք համարում: Մտահոգ ենք: Մտահոգ ենք, որովհետև մեր հայրենիքի հզորացումը, մեր միասնականության ամրապնդումը, մեր ազգային պահանջատիրության նոր խայծ, նոր թափ տալու համազգային պահանջը մեր ժողովրդի համար պետք է դառնա համազգային մտահոգություն: Հայաստանը միայն հող չէ, Հայաստանը նաև ու մանավանդ ժողովուրդ է իր պետականությամբ: Մեր սպասումն է, որ մեր ժողովրդի ղեկավարները Հայաստանում լսեն մեր ժողովրդին, կհետևեն մեր ժողովրդի սպասումներին, կարիքներին, պահանջներին»:

Տեր Արմեն քահանա Մելքոնյանի լուսանկարը՝ իր ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանություններ (15)

Լիանա
Հոգևորականի ծառայությունը մեր Աստծո կողմից պիտի լինի՝ ժողովրդի ցավելի ու վշտերի պահին ժողովրդի հետ միաբան լինելու։ Աստված բարկացավ ժողովրդի վրա, երբ նրանք չսպասելով Աբրահամին, ոսկե ցլիկ սարքեցին, բարկացավ Աստված և ուզեց կործանել նրանց, Աբրահամն ասեց՝ ինձ էլ նրանց հետ կորցրու։ Էլի օրինակներ կան, երբ Աստված գնահատում է նվիրված հովիվներին։ Նեդեռլանդներում ծառայող Արմեն քահանան բարեխիղճ ու լավ մարդ է, ազնվագույն հայ։ Աստված տա, որ Էջմիածնում լինեն մեր քահանա Արմենի նման խելամիտ աստվածավախ, խելացի հոգևորականներ։ Էջմիածնի հոգևորականներին կարելի է խնդրել, կարդալ ու լավ ըմբռնել Եզեկել մարգարեի գիրքը, որտեղ մեր ամենազոր Աստված խստորեն խոսում է ոչ բարեխիղճ հոգևորականներին ուղղելու ու հորդորելու։
Պողոս Առաքյալ Հայկազուն
Որքան մեծ է տարբերությունը 2 կաթողիկոսների կեցվածքների
Գէորգ Եազըճեան
Արժանապատիւ Տէր Հայր, Աստուծոյ՝ Ձեզի շնորհած կեանքի պարգեւը կազմող ժամերը ի զուր մի վատնէք Քա. Կէ. Պէ.ի գործակալ կտրիչ-կտրիճ ՎԱԽԿՈՏ ներսիսեանի (այս արարածին անունը արժանի է գլխագիրով գրուելու) մանկլաւիկ, եւ ինչպէս Դուք կը գրէք, պատեհապաշտ ողորմելի չքահանայ ասողիկներու պատասխանելու համար: Կեցցէ՛ք Դուք, որ հայ ԻՍԿԱԿԱ՛Ն հոգեւորականին վայել դիրքորոշում ունիք: Կը մատչիմ ի համբբոյր Ձեր՝ Ս. Կիւռոնով օծուած աջոյն՝ խոնարհաբար հայցելով Ձեր աղօթքները, մանաւանդ որ շուտով լոյս կը տեսնէ Երջանկայիշատակ Զարեհ Արք. Ազնաւորեանի նոր հատորը՝ Հաւատոյ Հանգանակի Մեկնութիւնը:
Հարց Տեր Ասողիկին
Հարց Տեր Ասողիկին: Ասող-խոսող մեր անբարբառ, շվարած ու Տիրոջ իմաստությունից կտրված, իրեն հոգևոր հայր բարբաջող ու անբովանդակ կյանք ապրող՝ հայաստանի քաղաքացի պրն. Կարապետյանին: Ո՞վ է որոշում և սահմանում հայ հոգևորականի պահվածքը: Ո՞վ է ձեր առաջնորդարանի առաջնորդին առաջնորդողը: Եթե Մամոնան չի այլ Տերն է, ապա ինչպե՞ս պատահեց, որ դուք առաջինը չվազեցիք ձեր «թշնամուն» կամ ձեր «կորուսյալ եղբորը», ում ձեր փայփայած ֆաշիստական ռեժիմը կտրել էր մարդկային տարրական պայմաններից, հաց ու ջուր հասցնել: Եթե Տերն է ձեր առաջնորդը, ապա այդ ինչպե՞ս պատահեց, որ գոնե հաց հասցնողին պաշտպան չկանգնեցիք (գոնե ձևականորեն): Իսկ երբ այդ գաղջի միջից Տեր Արմենը խոսեց վերջապես ու մեր արդարության ծարավ սրտերին վերջապես մի լույսի շող ծագեց, խնդրում եմ բացատրել՝ ո՞վ ստիպեց ձեզ խոսել: Հուսամ մռնչոցից վախեցած չեք գործում այլ սրտանց Տիրոջն եք կանչում, որ ձեզ ազատի Նրա կապանքներից:
Գրետա Հակոբյան
Հարգելի տեր Ասողիկ Կարապետյան, գրում է ձեզ մի կին որին տարեց հասակում տարել են հոգեբուժարան միայն այն բանի համար որ ես համարձակվեցի բարձրաձյն ասել այն սպանությունների մասին, որից տեղյակէի, որտեղ խառնված էր ըստ լսածներիս բարձր պաշտոնյաներ, որի մեջ էր նաև բրջր սան ունեցողը, որի մասին դուք լավտեղյակ եք: Երբ ես դիմեցի եկեղեցի մեկ բարձր սան ունեցողի, նա ինձ ասաց դուք չեք տեսնում ինչ է կատարվում այնպես որ դա նշանակույուն չունի թէ ով է այդ պատվիրողը. այնպես որ այդ ախտը ձեր մեջ է մտած, մաքրվեք մաքրեք և այդ ժամանակ աշխարհը ձեզ սփյուռքի հաերը լավկընդունեն: Պետք չի լինի այդ գոծընթացի համար այստեղ հրավիրել պապին, և մեր ժողովրդի փողերը քամուն տալ, իսկ մր տղաները առանց զենք թողնել, ամոթ է այդ պես մտածելը: Դա դավաճանություն է
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Խելացի ազգերը ՊԵՏՈՒԹՅՈՒՆ են կառուցում,իսկ հայը դեռ եկեղեցի է կառուցում: Իսկ բանակում բահերով են կռվում:……………1915-ին «առաջին քրիստոնյա ազգ» 1.5 մլն անմեղ հայի մորթեցին. իրենք էլ կնքված էին ու եկեղեցի էին գնում: Որտե՞ղ էր «փրկիչ» Քրիստոսը: Ով (խաչի փոխարեն) Վահագնի սուրը վերցրեց, նա փրկվեց: 17 ԴԱՐ հազարավո՜ր ու հազարավո՜ր եկեղեցի կառուցեցիր Ի՞ՆՉՒ համար, եթե Քրիստոսը 1915-ին քեզ պարզապես չփրկեց: 1915-ից հետո ո՞ր «փրկիչին» ես աղոթում: «Աստվածաշունչը» իրավական կամ գիտական գիրք չէ՛: Այն Քրիստոսի մահից 100 տարի ՀԵՏՈ, ու մի խումբ հրեաների հողմից գրված գիրք է, որի պատմական ճշմարտությունը ապացուցել հնարավոր ՉԷ: Հետո՝ «աստծո որդի», որպես այդպիսին, չի կարող լինել. քեզ մի քիչ համեստ պահիր՝ մարդ արարած:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Նիդերլանդներում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը անպրոֆեսիոնալ, պասիվ ու անարդյունավետ «դիվանագետ» է: Այս կինը անիմաստ աշխատավարձ է ստանում Հայաստանի պետ.բյուջեից, ինչպես Սերժիկի կողմից նշանակված մյուս «դեսպանները»:
Հարապետ
Կը ներէք իմ համարձակութեանը, ոչ այս ոչ նա անձը նկատելի առնելով կուզեմ ըսել թէ Տէր Արմէնի հաւաքական բողոքի ցոյցին մասնակցիլը յստակօրէն սխալ էր։ 1- Ինք Հայաստանի Հանրապետութեան հպատակ/ Քաղաքացի չէ։ Հետեւաբար Հայաստանի Հանրապետութեան բողոք ներկայացնելու ընդհանրապէս եւ իրենց ներքին քաղաքական հարցերու նկատմամբ մասնաւորապէս իրաւասութիւնը չունի։ Ինչպէս քաջատեղեակ է օտարահպատակ անձ մը իրաւասութիւն չունի Հոլանտայի կառավարութեան իրենց ներքին հարցերով բողոք ներկայացնելու։ 2- Տէր Արմէնը պաշտօնի է նշանակուած է Քրիստոս քարոզելու իրեն սահմանուած գաղութներէ ներս։ Հետեւաբար, իր վճարովի պաշտօնը թողած եւ վերոնշեալ պատճառներով ոչ իրաւասու անձ բողոքի է մասնակցած եւ դրդած Հայաստանի Հանրապետութեան Հպատակներուն եւ ոչ հպատակներուն բողոքի ցոյցին հաւասարապէս։
Bedros Zerdelian
Աստուած իմաստութիւն պարգեւէ մեր բոլոր ղեկավարներուն։ Դժբախտաբար Հայ ժողովուրդը անտեսուած եւ իրաւազրկուած են։ Հայրենիքին բոլոր ղեկավարները թէ քաղաքական եւ թէ եկեղեցական թերացան իրենց պարտականութիւններուն նկատմամբ եւ այս պատճառաւ եկաւ «ՍԱՍՆԱ ԾՕԵՐ» Հերոսները։
Նարեկ
Եկեղեցի մտնելս չի գալիս, խորը հիասթափություն ապրեցի նորից...
Արմէն քահանայ Մելքոնեան
2. Գէորգ Եազըճեան Շատ շնորհակալ եմ և զգացուած ձեր անկեղծ խօսքերի համար: Սա մեզմէ իւրաքանչիւրի պարտականութիւնն է իր և ես աւելի բան մը չեմ ըրած: Աստուած Օրհնէ մեր Հայ ազգն ու Հայ առաքելական եկեղեցին:
yervant
Հայ եկեղեցին աղօթքով եւ ապաշխարութեամբ կը սրբուի միայն
Սիրանուշ
Ինչ թեժ լեզվակռիվ է, ինչքաաաան ենք սիրում ամեն ինչ ծանրացնել: Ես շատ չեմ հասկանում եկեղեցական գործերից, այսօր էլ իմացա թե ով է Ասողիկը, ու մեկ էլ շատ լսել եմ մեր կաթողիկոսի արածների մասին՝ առանց կոնկրետ ապացույցներ տեսնելու, իհարկե: Բայց այս ամենը կարդալով կարծում եմ, որ՝ 1. ոչ ոք չպետք է պատժվի իր կարծիքի, համոզմունքի ու մտածելակերպի համար՝ ոչ աշխարհիկ և ոչ էլ հոգևորական քաղաքացին: 2. եթե մենք քաղաքակիրթ ազգ ենք, այսինքն ադրբեջանցի չենք, ուրեմն պիտի հանդուրժենք քննադատությունը, անհամաձայնությունը, նույնիսկ եթե նախագահին ու կաթողիկոսին են դրանք ուղղված, ուրեմն մի բան սխալ է արվում: 3. էդքան կարևորություն մի տվեք -ներին, դրանց պատմությունը իսկի չի էլ հիշելու, հիշվելու են միայն, Վազգեն կաթողիկոսը, Կիլիկիայի Արամ կաթողիկոսը, Արմեն քահանան, հաց տանող մարդը ու այդ տեսակի հայրենասերները, էս մանր-մունր մարդկանց արհամարհեք ու թողեք Աստծո դատաստանին: Ես այդպես եմ կարծում
Gago
Միլիցա-տերտեր կարապետյանը լրիվ խառնել է ալիքները. ապեր, դու հասկանում ես ընդհանրապես, որ դարը փոխվել է, էլ տերտերի շորերով թաղայինը մոդա չէ: Դու փորձի հանրապետական դառնաս ու ավագանու ընտրությունների մասնակցես: Քչով սկսի, մինչև ԱԺ հասնես: Ընթացքում շարունակի շատ օճառ օգտագործել
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Հարապետ(7)- Այդ դեպքում ի՞նչու հայ առաքելական եկեղեցուց առաջինը չեն հեռացվում բազում բիզնեսայի՛ն սկանդալների մեջ հայտնված «քրիստոսի ծառաները»:Իսկ Տեր Արմենը՝ որպես ՀԱՅ ՄԱՐԴ, չի՞ կարող կանգնել իր ժողովրդի կողքին: Թե՞ հրեա «փրկչին» «ծառայելը» ազգի շահերից վեր է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter