
Արմեն Միքայելյանը գրավի դիմաց ազատ կարձակվի
Քիչ առաջ Հիմնադիր խորհրդարանի անդամ Արմեն Միքայելյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը հայտնեց, որ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը որոշում է կայացրել Արմեն Միքայելյանի կալանավորումը փոխարինել գրավով։
Երվանդ Վարոսյանը «Հետք»-ին փոխանցեց, որ Արմենը ազատ կարձակվի 500 հզ․ դրամ գրավի դիմաց։
Արմեն Միքայելյանի վերաբերյալ որոշումը առաջինն է, որով հուլիսին` «Սանա ծռեր» խմբի կողմից ՊՊԾ գունդը գրավելու օրերին հասարակական ակտիվություն ցուցաբերած և ձերբակալված անձին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը բավարարվում է: «Սա շատ լավ նախադեպ էր, հուսանք՝ շարունակական կլինի»,- նշեց փաստաբանը։
Վարոսյանը այժմ գնում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ Արմենին տեսակցելու: Նրա խոսքով` այսօր իր պաշտպանյալին ազատ կարձակեն։
Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը Հիմնադիր խորհրդարանի անդամ Արմեն Միքայելյանին մեղադրանք է առաջադրել քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածով, այն է՝ ապօրինի զենք-զինամթերք կրելը։ Որպես խափանման միջոց ընտրվել է երկամսյա կալանքը։
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել