Ձերբակալվել է ևս երկու անձ՝ Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քրեական գործով
Հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է 2016թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ' քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական դիրքը չարաշահելը), 309-րդ հոդվածի 2-րդ մասի (բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելը) և 164-րդ հոդվածի (լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը) հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին տեղեկացնում է հատուկ քննչական ծառայությունը:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում, ըստ պաշտոնական հաղորդագրության, հայտնաբերվել և ձերբակալվել են քաղաքացիներ Դ. Կ.-ն և Գ. Ա.-ն՝ առերևույթ հանցագործություններ կատարելու, այդ թվում՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու կասկածանքով:
ՀՔԾ-ն հիշեցնում է, որ նույն հանցավոր արարքի կատարման համար նախկինում մեղադրանք էր առաջադրվել երկու այլ անձանց՝ Վ.Մ.-ին և Ս.Կ.-ին: Վերջիններիս նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել էր կալանավորումը:
Այսպիսով, 2016 թվականի օգոստոսի 17-ի դրությամբ՝ Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քրեական գործով քրեական հետապնդում է իրականացվում 4 անձի նկատմամբ:
Հատուկ քննչական ծառայությունը և նրա հետ համագործակցող իրավապահ մյուս մարմինները, ըստ ՀՔԾ-ի, շարունակում են ձեռնարկել դեպքի հանգամանքները պարզելու, առերևույթ հանցանք կատարած անձանց նույնականացնելու և հայտնաբերելու համար անհրաժեշտ ինչպես քննչական ու դատավարական, այնպես էլ օպերատիվ-հետախուզական բոլոր հնարավոր միջոցները:
Նախաքննության հետագա ընթացքի վերաբերյալ ՀՔԾ-ն խոստանում է առաջիկայում տրամադրել լրացուցիչ տեղեկատվություն:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել