Կարինե Լամբարյան․ «Մեկը պետք է արթնացնե՞ր էս ժողովրդի մեջի համարձակությունը»
Գայանե Սարգսյան
Սպիտակի ծայրամասային թաղամասերից մեկում գտնվող Արմեն Լամբարյանի բնակարանում լռություն է: «Սասնա ծռեր» խմբի անդամ Ա. Լամբարյանի 9-ամյա որդին` Լևոնը, խաղում է բջջային հեռախոսով, ավագ քույրերը՝ 15-ամյա Անին ու 17-ամյա Վարդուհին դժվարանում են խոսել հոր մասին: Լռությունը խախտում է Արմենի կինը՝ Կարինեն. «Հպարտ եմ, որ Արմենին եմ հանդիպել ու ընտանիք կազմել, հպարտ եմ, որ նրա երեք երեխաների մայրն եմ: Նման անձնավորությունից պետք է շատ երեխաներ ունենալ, որ ազգն ավելի հայրենասեր ու պաշտպաված լինի»:
16 տարեկանից Արցախյան պատերազմին մասնակցող Արմենը 1992թ.-ին` հերթական մարտի ժամանակ, ծանր վիրավորվել է: Կարճատև բուժում ստանալուց հետո, չնայած հաշմանդամության երկրորդ կարգին ու վիրավորման հետևանքներին, կրկին վերադարձել է մարտի դաշտ: «Պապան չի սիրում պատմել պատերազմին իր մասնակցության մասին»,- ասում է Անին:
Նրա փոխարեն երեխաներին հոր մասին պարբերաբար պատմել են զինակից ընկերները: «Երբ պապան ներկա չէր լինում, ընկերներները հաճախ էին պատմում պապայի մասին: Պատմում էին, որ նույնիսկ ծանր վիրավորված լինելով` նա էլի վերադարձել է ու շարունակել կռվել»,- հիշում է դուստրը:
Արմենի ընտանիքի անդամները չեն պատկերացրել, որ մի օր նա կարող է հայտնվել «Սասնա ծռեր» խմբում ու մասնակցել խմբի ծրագրերին: «Չէի մտածում, որ այս շարժմանը կմասնակցի, բայց որ մասնակցել ա, հպարտ եմ իրենով»,- ասում է կինը, ով ամուսնու մասնակցության մասին իմացել է ՊՊԾ գնդի գրավման հաջորդ օրը, համացանցից:
Երեխաները տեղի ունեցածի մասին իմացել են ավելի ուշ ու սկսել համացանցով հետևել կատարվող իրադարձություններին: Աղջիկները ցանկություն են հայտնել մասնակցել երևանյան ցույցերին, մայրը, սակայն, թույլ չի տվել: Փոխարենն ինքն է մեկնել Երևան ու տեղում ականատես եղել դեպքերի ծավալմանը:
«Նրանք ուզում էին իշխանափոխություն, որը բոլորս ենք ուզում: Ժողովուրդը դուրս եկավ, բայց էն քանակը չէր: Ես ուրիշի տեղը չեմ կարող ասել ինչու դուրս չեկավ: Ես դուրս եմ եկել, որովհետև դժգոհ եմ էս վիճակից, դժգոհ եմ երկրի կառավարությունից, հաճախակի թանկացումներից, աշխատատեղերի բացակայությունից: Շատ պատճառներ կան… Իշխանությունը պետք է էնպես աներ, որ ժողովուրդն էս ծայրահեղ քայլին չդիմեր»,- ասում է Կարինեն:
Չնայած նրան, որ «Սասնա ծռեր» խմբի անդամներն իրենց վերջնական նպատակին չեն հասել, Արմենի կինը վստահ է՝ նրանց քայլն իզուր չէր.
«Մեկը պետք է արթնացնե՞ր էս ժողովրդի մեջի համարձակությունը: Դա եղան Սասնա տղերքը,- ասում է Կարինեն ու վստահեցնում,- ժամանակը կգա ու բոլորը դուրս կգան փողոց: Դեռ պահը չի հասունացել: Որտեղ կա սկիզբ, կա նաև վերջ: Հավերժ չեն մեր իշխանավորները…»:
Հոր քայլը ճիշտ համարելով հանդերձ` երեխաներից ավագը՝ Վարդուհին, նեղսրտում է՝ բոլոր ընկերուհիների հայրերը զավակների կողքին են, իրենցը՝ ոչ:
«Փաստորեն մեր հայրը նախընտրեց ժողովրդին ու հայրենիքը, ոչ թե մեզ,- ասում է նա,- կուզեի, որ ընկերուհիներիս նման իմ պապան էլ իմ կողքը լիներ: Հիմա չգիտենք, թե ինքը երբ կգա»,- ասում է Վարդուհին: Անկախ ամեն ինչից, 15-ամյա Անին վստահ է՝ ամեն ինչ լավ է լինելու. «Ես գիտեմ, որ ամեն ինչ լավ է լինելու: Եթե այդ քայլին գնացել է իմ պապան ու իր ընկերները, ուրեմն իրենք գիտեն ինչ են անում: Նրանք ուզում են, որ ժողովուրդը համախմբվի, միասնական լինի, որ կարողանան այնպես անել, որ ժողովուրդը լավ ապրի»:
Կերակրող ձեռքից զրկված ընտանիքին ֆինանսական խնդիրների լուծման հարցում այժմ աջակցում են ինչպես բարերարներ, այնպես էլ հարազատ-բարեկամները, որոնց մեծ մասը բնակվում է արտերկրում:
«Մենք էլ փորձեցինք Հայաստանից դուրս ապրենք, բայց երկու ամսից ավել չդիմացանք: Արմենը չհամաձայնեց, որ այնտեղ ապրենք: Ասում էր՝ ես Ռուսաստանում չեմ կարա ապրեմ, ռուսը մեր թշնամին ա: Ու ըտենց էլ կա: Էսօր արդեն ես էլ համոզվեցի դրանում. տարածքներ են զիջում ռուսի ասելով, տարբեր ծրագրերով Ռուսաստանը տանում ա մեր ժողովրդին: Անձնագիր են տալիս, տուն են տալիս, սնունդ են տալիս, իրանց ծրագրերով տանում: Ես չգիտեմ ի՞նչ են ուզում սարքեն Հայաստանը, բայց գտնում եմ, որ յուրաքանչյուր հայ կամքի ուժ պիտի ունենա, որ իր երկրից դուրս չգա,- ասում է Կարինեն ու համեմատականներ տանում,-ո՞ր ռուսն ա Հայաստանում ապրում կամ հայերեն խոսում, որ էսօր հայը գնում ա Ռուսաստան, իրա լեզուն էլ փոխում, ռուսերեն խոսում»:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել