
Շահեն Հարությունյանը հացադուլ է հայտարարել. «Իմ հիմնական նպատակը նորմալ երկիր ունենալն է»
Շահեն Հարությունյանը ժամեր առաջ Ազատության հրապարակում հացադուլ է հայտարարել: Նման միտքը նրա մոտ երեկ գիշերն է ծագել: Հացադուլի նպատակներից մեկը ի պաշտպանություն և ի ազատություն երկրում առկա քաղբանտարկյալների է:
«Հացադուլիս նպատակը նաև երկրում տիրող անտարբերությունը ջարդելու, խնդիրները վեր բարձրացնելու, չլռելու միջոց է: Ենթադրենք՝ այս ամենի արդյունքը, ՕԳԳ-ն (օգտակար գործողության գործակիցը-հեղ.) հավասար է լինելու 0-ի, սակայն ես քայլ եմ անում իշխանության դեմ: Ով ցանկանում է թող ընդունի, ով չի ցանկանում՝ իր գործն է: Ամեն մարդ փոփոխություն բերելու համար պետք է քայլ ձեռնարկի, հիմա ես էլ այս տեսակ քայլ եմ կատարել»,- «Հետք»-ի հետ զրույցում նշեց Շահեն Հարությունյանը:
Ասում է՝ մինչ այս քայլը համախմբման կոչեր է արել, խնդրել՝ հանրահավաքներ, ակցիաներ սկսել, շարունակել կալանավորված անձանց գործը, սակայն հասարակության կողմից սպասելի արձագանք չի ստացել: Չցանկանալով համակերպված տանը նստել ու սոցիալական ցանցերով կոչեր անել՝ որոշել է միայնակ դուրս գալ պայքարի:
Անարդյունավետ համարելով Բաղրամյան 26-ում (նախագահի նստավայր-հեղ.) բողոքի ակցիա անելու, փողոց փակելու միջոցը՝ որոշեց հացադուլ հայտարարել, իր խոսքով՝ իրեն որոշակի նեղություն տալով, առողջությունն ու անձը մի կողմ թողնելով:
Շահենը ևս խոստովանում է, որ Հայաստանում հացադուլները մեծ ազդեցություն չեն ունենում և ենթադրում է, որ իր պահանջները 99,9%-ով չեն իրականանալու, սակայն այս քայլով ցանկանում է հասարակության մեջ անտարբերության զգացումը կոտրել. «Իմ նպատակը նորմալ երկիր ունենալն է: Եթե ունենք նորմալ երկիր, չենք ունենա այսքան քաղբանատարկյալներ: Պետք է վերացնել պատճառներ, ոչ՝ հետևանքները»:
Հայրը՝ Շանթ Հարությունյանը, ևս տեղեկացել է, որ որդին հացադուլ է հայտարարել, սակայն դեմ չի կանգնել նրա որոշմանը: Շահենը ծիծաղով է շեշտում՝ հայրը 22 տարեկանում, Արցախյան շարժման առաջին հացադուլավորն էր, ինքը՝ 17 տարեկանում, նույն վայրում հացադուլ հայտարարեց:
Լուսանկարները՝ Սարո Բաղդասարյանի
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել