Հնդկացորենի դաշտերից առատ բերք են խոստանում
Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նախօրեին աշխատանքային այց է կատարել Շիրակի մարզ` ընթացիկ գյուղատնտեսական աշխատանքներին ծանոթանալու նպատակով:
Շիրակի մարզպետի տեղակալ Հարություն Արշակյանի ուղեկցությամբ նախարարը նախ շրջել է Առափի համայնքի հնդկացորենի դաշտերում, որտեղ մեկնարկել է բերքահավաքը, հավաստիացել, որ սպասվող բերքը բարձր է լինելու: Այս մասին տեղեկացնում է գյուղնախարարությունը:
Համայնքում, ըստ պաշտոնական հաղորդագրության, հնդկացորենի մշակումն իրականացվում է «Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման ծրագրի» (ENPARD) շրջանակում: Ծրագիրը հիմնականում նպատակաուղղված է նպաստել բարձրարժեք և ոչ ավանդական մշակաբույսերի արտադրությանը, ինչը թույլ կտա տեղական սպառողին ապահովել հայրենական մատչելի արտադրանքով:
Ընդհանուր առմամբ, ինչպես տեղեկացնում է գյուղնախարարությունը, ENPARD ծրագրով հանրապետության 6 մարզում մշակվում է 510 հեկտար հնդկացորեն, որից 240 հեկտարը` Շիրակի մարզում: Ընթացիկ տարում հնդկացորենի ցանքատարածություններից ակնկալվում է ստանալ հեկտարից միջինը 20-30 ցենտներ բերք:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել