Վերջին երկու տարում Ալավերդում գրանցվել է վիժումների աննախադեպ աճ
Ալավերդի քաղաքում 1998-2003թթ. տուբերկուլյոզով հիվանդների թիվն ավելացել է 124-ով: Ընդ որում հիվանդանում են հիմնականում 18-35 տարեկան մարդիկ: Ալավերդու պոլիկլինիկայի համապատասխան ծառայության ղեկավար Մարտուհի Մելիքյանը դժվարանում է կոնկրետ օրինաչափություններ նշել, բայց հավաստում է, որ տուբերկուլյոզով հիվանդների թվի աճի տեմպերն ավելին են եղել հատկապես վերջին 5 տարիներին: Այդ ընթացքում, ըստ մասնագետի, ավելացել են նաեւ ընտանեկան տուբերկուլյոզի դեպքերը£ Ալավերդու Էնգելս թաղամասում դեպք է արձանագրվել, երբ մեկ տարվա ընթացքում մահացել է նույն ընտանիքի 3 անդամ:
Ծերունական մահերի միջին տարիքն Ալավերդում 65 տարեկանն է: Մահվան հիմնական պատճառը սիրտ-թոքային անբավարարությունն է, ինսուլտն ու ինֆարկտը:
Ալավերդու պոլիկլինիակայի տնօրեն Սվետլանա Քառյանը նշում է, որ հիվանդացությունների թվի աճը պայմանավորված է առաջին հերթին սոցիալական պայմաններով. հիվանդը ժամանակին չի դիմում բժշկին, իսկ դիմելու դեպքում բուժարանները չունեն համապատասխան հնարավորություններ բուժում իրականացնելու համար: Ֆլյուորոգրաֆը, որի ծառայությունն անհամեմատ էժան ու մատչելի է (610 դրամ), Ալավերդու պոլիկլինիկայում չի աշխատում: Թոքերի հիվանդություններ ունեցողներին առաջարկում են ռենտգեն ծառայություն, որի մեկ ստուգման համար հիվանդը պետք է վճարի 5000 դրամ:
Մասնագետները չեն ժխտում, որ Ալավերդում կա նաեւ այլ գործոն, որը նպաստում է հիվանդությունների օջախների զարգացմանը: Դա Ալավերդու պղնձի գործարանն է: «Իրոք, գործարանի վերագործարկումից հետո ավելացել է տուբերկուլյոզով հիվանդների թիվը, բայց այդ աճն ուղիղ կերպով չեմ կարող կապել գործարանի գործունեության հետ: Այլ բան է, որ թոքախտավոր հիվանդին, իհարկե, մաքուր օդ է հարկավոր: Այդ դեպքում բուժումն ավելի արդյունավետ կլինի»,- նշում է Մ. Մելիքյանը:
Պետական հիգիենիկ-հակահամաճարակային տեսչության Թումանյանի բաժնի գլխավոր մասնագետ, բժիշկ Հայկազ Ամիրաղյանը նույնպես կտրուկ եզրակացություններ չի անում այս հարցում, բայց նշում է իր համոզմունքը. «օդի աղտոտվածությունը կոնկրետ հիվանդությունների պատճառ չի հանդիսանա, բայց սուր թունավորումներ եւ հիվանդությունների աստիճանական զարգացումներ կարող են լինել»-նշում է Հ. Ամիրաղյանը:
Ինֆեկցիոնիստ Սուլիկո Լալայանն ասում է, որ խորհրդային տարիներին էին հիմնականում լինում թունավորումների դեպքեր օդի աղտոտվածության հետեւանքով: Բայց իհարկե հրահանգներ ունեին երբեւէ չհրապարակել դրանք: (Չենք կարող ժխտել կամ հաստատել, որ նույն հրահանգներն այսօր չեն գործում): Առաջին անգամ այդ մասին հնչել է միայն 1988-89թթ. էկոլոգիական շարժումների ժամանակ, երբ պղնձի արտադրությունն այլեւս բարձիթողի վիճակում էր, իսկ մասսայական թունավորումներն ավելի ակնհայտ:
Թաղամասային բժիշկ Սուսաննա Միկոյանը մինչեւ 1986թ. 10 տարի աշխատել է Ալավերդու գործարանում` որպես բժիշկ: Նրան ավելի հասանելի է եղել այդ ինֆորմացիան:
Նշում է, որ դեռ 1982-83թթ, երբ արտադրությունը կազմակերպվում էր զտիչների ու ծծմբաթթվի արտադրամասի օգնությամբ, գործարանում եւ նրա հարակից տարածքներում հաճախակի էին սուր թունավորումների դեպքերը: Ալավերդու պոլիկլինիկայի թաղամասային թերապեւտ Լիդա Հարությունյանը կարծում է, որ օդի մթնոլորտային վնասակար բաղադրությունից ընկնում է մարդկանց աշխատունակությունը:
Նրանք ավելի նրբազգաց են դառնում տարբեր վիրուսների նկատմամբ: Բայց նա եւս հիվանդությունների աճը անմիջականորեն չի կապում գործարանի գործունեության հետ: Լ. Հարությունյանն սպասարկում է քաղաքի կենտրոնական հատվածը, որը մոտ է գործարանին: Իր սպասարկման ենթակա 1720 ալավերդցուց 42-ը նեւրոհոգեկան, 10-ը` տուբերկուլյոզով հիվանդներ են:
Քաղաքի ծայրամասային թաղամասերի նույնքան բնակչին սպասարկում է թերապեւտ Ռիտա Գալստյանը: Այդ թաղամասերում գրանցված է 35 նեւրոհոգեկան եւ 12 տուբերկուլյոզով հիվանդ: Նշենք, որ սրանք Ալավերդու պոլիկլինիկայում հաշվառված թվերն են:
Մեր անձնական նախաձեռնությամբ փորձեցինք գործարանի հարակից տարածքում` «Գազի զոնայում», բնակիչների օգնությամբ հաշվել տուբերկուլյոզով հիվանդների թիվը: Փաստացի բնակվող շուրջ 70 բնակիչներից 9-ը հիվանդ են տուբերկուլյոզով: Բժիշկները չբացառեցին դա եւ նշեցին, որ շատ հաճախ հիվանդները չեն դիմում իրենց:
Ինչ վերաբերում է ծննդաբերական տվյալներին, ապա Ալավերդու ծննդատունը եւս չի բացառում օդի աղտոտվածության ազդեցությունը ծննդաբերությունների վրա£ Վաղաժամ ծննդաբերությունների տոկոսը բարձր է եղել առանձնապես 1988` 4,3 տոկոս, 1992թ.` 4,9, 1998թ. գրանցվել է 6 տոկոս, 2000թ.` 5,1, 2002թ. 4,4 տոկոս:
Վիժումների մակարդակը 1990թ. եղել է 9,4 տոկոս, 1992թ.` 2,4, 1994թ.` 3,2, 1996թ.` 8, 1998թ.` 6,7 տոկոս: 2000 եւ 2002թթ. վիժումների մակարդակը վերջին 15 տարվա կտրվածքով աննախադեպ աճել է: Գրանցվել է համապատասխանաբար 12,5 եւ 12,9 տոկոս: Չծնված մահերի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2002թ.` 1,8 տոկոս:
Արատով ծնվածներ չեն եղել 1992-98թթ.£ 1986-90թթ. այդ տոկոսը չի գերազանցել 0,4 տոկոսը£ 2000թ. գրանցվել է արատով ծնված երեխաների 0,7, իսկ 2002թ. 1,2 տոկոս:
Նորմալ ծննդաբերությունների թվերը գնալով նվազում են: 1986թ. Ալավերդում ծնվել է 1451, 1992թ` 1230, 1998թ.` 768, 2002թ.` 498 երեխա:
Ալավերդու ծննդատան բժիշկ Ռոզա Մաճկալյանը չի բացառում օդի աղտոտվածության հնարավոր ազդեցությունը վերը նշված տվյալների վրա£ Բայց ԷյՍիՓի ընկերության տնօրինությունը համաձայն չէ դրան: Վկայակոչում են իրենց ցածր արտադրողականությունն ու շարունակում «գեղական կարգով պղինձ հալել»:
Մեկնաբանել