
Ա. Ենիգոմշյան. «Այսօրվա Հայաստանում մենք պետք է ունենանք վաղվա մեր երազած Հայաստանի նախապատկերը»
«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Ալեք Ենիգոմշյանը կարծում է, որ ներկա ռեժիմը այժմ արևմուտքի կողմից շատ լուրջ վերահսկողության և ճնշումների տակ է: Այդ ճնշումները արտահայտվում են ոչ միայն երկրի, այլ նաև անձանց վրա` մասնավորապես վիզաների, ֆինանսական օժանդակության չտրամադրմամբ:
«Ռեժիմին մնում է մեկ ուղղություն, որից նա կարող է ակնկալել, դեռևս հույսեր տածել, դա Ռուսաստանն է: Սակայն գիտենք, որ Ռուսաստանն էլ ամբողջությամբ չի վստահում այս վարչախումբին, նրա ղեկավարին, և նրանք «քարտ բլանշ» երբեք չեն տա: Բայց սա չի նշանակում, որ Ռուսաստանի կողմից ներկա վարչախումբը ոչ մի սատար և պաշտպանություն չունի»,- նշում է «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամը:
Ա.Ենիգոմշյանը ևս մեկ տարբերակ է դիտարկում. Հայաստանում Հյուսիսային Կորեայի կառավարման տարբերակի ստեղծումն է, սակայն կարծում է՝ դժբախտաբար ռեժիմի համար այս օրինակն էլ կարող է միայն մի քանի ամիս գործել, քանի որ Հայաստանը Հյուսիսային Կորեա չի կարող դառնալ՝ աշխարհագրական դիրքով, սփյուռքի և բազում համաշխարհային դերակատարների շահագրգվածություններով պայմանավորված:
Ասում է՝ սկսվել է մի շարժում, որի նպատակը նոր, անկախ և ինքնիշխան Հայաստանի ստեղծումն է: Այդ նպատակներն իրականացնելու համար առաջին քայլ է դիտարկում ներկա ռեժիմին և նրա պարագլուխի «վերացնելը» և որ այն ընդամենը միջոց է լինելու՝ հիմնական նպատակը իրականացնելու համար:
Այն իրագործելու համար առաջարկում է՝ ներկա իշխանություններին զուգահեռ իշխանություն ստեղծելը՝ հանձին վստահության կառավարության:
Նրա խոսքով՝ վստահության կառավարությունում վերևից կամ մի քանի հոգու կողմից նշանակված անձ չի լինելու: Այն ստեղծվելու է գործընթացների ընթացքում և կարճ ժամանակում: Այդ կառավարության նպատակը կլինի ժողովրդական մոբիլիզացիան զարգացնելը, գործընթացում այնպիսի կառուցողական ուժեր ներգրավելը, որոնք կկարողանան նպաստել այս իրավիճակից դուրս գալուն և ներկա իշխանություններին վերջնագիր ներկայացնելուն: Այս պայքարի ընթացքն ու մարտավորությունը ավելի հստակորեն կներկայացվի մոտակա ժամանակներում:
«Այժմ կա «Սասնա ծռեր» շարժման քաղաքական խորհուրդ, որն իրեն համարում է խմբի քաղաքական պահանջների պաշտպանը և այդ սկզբունքների հավատարիմ մարմինը: Այդ սկզբունքների շուրջ ինքը կազմակերպում է ժողովրդին, սակայն այս մարմինը չի հավակնում լինել վերին ատյան և նրա խնդիրը պայքարը առանցքային նպատակներից չշեղելն է: Դրան զուգահեռ ողջունելին են այդ սկբունքներից չհեռացող բոլոր ձևերի նախաձեռնությունները: Սակայն ստեղծվող վստահության կառավարության խնդիրը լինելու է Հայաստանում բացի ռեժիմի հեռացումից, նաև «մաքուր« դաշտի ստեղծումը, Հայաստանի ինքնիշխանության վերահաստատումը, Արցախի հարցի վերաբերյալ շատ սկզբունքային կեցվածքի դրսվորումը, այսինքն՝ բացառումը հակառակորդին ցանկացած տարածքի հանձնումից: Այսօրվա Հայաստանում մենք պետք է ունենանք վաղվա մեր երազած Հայաստանի նախապատկերը»,- հավելեց Ենիգոմշյանը:
լուսանկարները` Սարո Բաղդասարյանի
Մեկնաբանել