
Կրթության նախարարը դիմել է մարզպետներին` խնդրելով բացառել դրամահավաքությունը
Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը շրջաբերական նամակով դիմել է Հայաստանի մարզպետներին և Երևանի քաղաքապետին՝ առաջարկելով ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ ձեռնարկել համապատասխան քայլեր՝ հանրային դժգոհություն հարուցող երևույթները դպրոցներում բացառելու ուղղությամբ: Ինչպես հայտնում է ԿԳՆ պաշտոնական կայքը, նախարարի շրջաբերականում մասնավորապես նշվում է. «Խնդրում եմ Ձեր հանձնարարականն ուսումնական հաստատությունների տնօրեններին՝ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները նոր ուսումնական տարում դրամահավաքության արատավոր դրսևորումները և ծնողների համար ավելորդ ֆինանսական խնդիրները բացառելու վերաբերյալ:
Հատկապես հարկ է հաշվի առնել ծնողների կամքը դպրոցական համազգեստ սահմանելիս՝ պահպանելով դասական համադրությունը և խուսափելով անհարկի պարտադրանքներից»:
ԿԳ նախարարը նույնաբովանդակ հանձնարարական է տվել նախարարության ենթակայության ավագ դպրոցների տնօրեններին:
լուսանկարը` Նարեկ Ալեքսանյանի
Մեկնաբանել