ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարը «բարձր է գնահատել ոստիկանության արհեստավարժությունը»
Օգոստոսի 18-ին ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում է ոստիկանությունը:
Ըստ պաշտոնական հաղորդագրության` հանդիպմանը քննարկվել են 2016 թ. ընթացքում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ՀՀ ոստիկանության կողմից համատեղ ծրագրերով սահմանված միջոցառումների իրականացման ընթացքը, արձանագրված դրական արդյունքներն ու ներկայացվել են նոր առաջարկներ՝ համագործակցության հետագա ընդլայնման ուղղությամբ:
Վարդան Եղիազարյանը, ինչպես տեղեկացնում է ոստիկանությունը, «հակիրճ ներկայացրել է նաև Երևանում հուլիսին տեղի ունեցած դեպքերը»:
«Դեսպան Արգո Ավակովը նշեց, որ հետևել է ոստիկանության ՊՊԾ գնդի շուրջ ծավալված իրադարձություններին և բարձր գնահատեց ՀՀ ոստիկանության արհեստավարժությունը, ընդգծելով, որ ընդհանուր առմամբ, ոստիկանության գործողություններն իրականացվել են օրենքի շրջանակներում: Դեսպանը նաև իր զորակցությունը հայտնեց զոհված ոստիկանների ընտանիքներին»,- հայտնում է ոստիկանությունը:
Արգո Ավակովը, ըստ հաղորդագրության, համոզմունք է հայտնել, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակը կշարունակի իր աջակցությունը ոստիկանությանը, իսկ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա: Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել