
Հայաստանցիները հանգստի են մեկնում չօդափոխվող գնացքով
Վրաստանի ծովափնյա քաղաքներ հանգստանալու մեկնող հայ ուղևորները «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից պահանջում են «Երևան-Բաթումի-Երևան» երթուղին սպասարկող «Արմենիա» գնացքի պլացկարդ վագոններում ապահովել պատշաճ օդափոխություն և սանիտարական վիճակ:
Վրաստանի կառավարությունը իր սեփական երկաթուղում Թբիլիսի-Բաթումի երթուղում արդեն ներմուծել է 10 մլն. եվրո արժողությամբ շվեցարական «Stadler» մակնիշի ժամանակակից երկհարկանի հարմարավետ գնացքներ: Իսկ Ռուսաստանին հանձնված Հայաստանի երկաթուղում «Երևան-Բաթումի-Երևան» երթուղով ամեն տարի հունիսի 15-ից մինչև սեպտեմբերի 30-ը գործող «Արմենիա» սեզոնային գնացքը դեպի Վրաստանի ծովափնյա հանգստավայրեր ուղևորափոխադրումներ է իրականացնում դեռևս օդափոխության համակարգ չունեցող պլացկարդ վագոններով:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն իր կայքում հայտնում է, որ «Արմենիա» սեզոնային գնացքի կազմում ընդգրկված կուպեները և ննջավագոնները լիովին վերականգնված են և հագեցված օդափոխության համակարգով: Հիշեցնենք, որ գնացքի կազմում ներառված են հիմնականում խորհրդային տարիներից Հայաստանի երկաթուղուց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին ժառանգություն մնացած մաշված պլացկարդ վագոներ: Դրանք ընկերության կողմից վերականգնվել են, որից հետո վագոնների երկկողմանի պատուհանների մեծ մասը չեն բացվում, որն էլ շոգին շնչելու համար անտանելի վիճակ է ստեղծում ուղևորների համար:
Վագոնները ապահովված չեն օդափոխության ժամանակակից համակարգերով: Օգոստոսի 6-ին գնացքի միայն 14-րդ ընդհանուր վագոնով հանգստանալու էին մեկնում 54 ուղևորներ: Վագոնում շոգից ու ծանրացած օդից մարդիկ վատ էին զգում: Կին ուղևորների մեծ մասը ձեռքի հովհարներով փորձում էին մեղմել վագոնի հեղձուկը: Վագոնի վերևի տեղերի ուղևորները, չկարողանալով բարձրանալ իրենց տեղերը, ամբողջ գիշերը նստեցին ներքևի տեղերում՝ այդտեղ տոմս ունեցող ուղևորներին նույնպես զրկելով հանգստանալու հնարավորությունից:
54 ուղևորները օգտվում էին վագոնի ծայրամասում գտնվող միակ զուգարանից: Մյուս զուգարանը վագոնի ուղեկցողը փակել էր իր օգտագործման համար: «Ես նստել եմ պլացկարդ վագոն, այնտեղ անկողինը մաքուր վիճակում էր, բայց ընդհանուր վագոնը օդափոխության համակարգ չուներ, հիմնական դժգոհությունը դրանից է: Ճիշտն ասած գնացքի զուգարանից երեխաս է օգտվել ու ասել՝ մամա ահավոր էր»,- հայտնեց վանաձորցի երիտասարդ մի կին, ով հրաժարվեց հայտնել ազգանունը, իր ասելով` Հարավկովկասյան երկաթուղում ծանոթներ ունենալու պատճառով:
Վերջինիս 13-ամյա որդին՝ Արթուրը, մեզ հետ զրույցում նույնպես դժգոհեց վագոնի զուգարանի հակասանիտարական վիճակից. «Ամբողջությամբ կեղտոտ էր, վագոնի պայմանները շատ վատն են»,- բացատրեց Արթուրը: «Գիտե՞ք, ինչն է խնդիրը, եթե մեր երկաթուղին հանձնել են ռուսներին, գոնե կառավարությունը պետք է պահանջի լուծել վագոնների օդափոխության հարցը»,- ասաց Արթուրի մայրը:
Երևանի պետական մանկավարժական համալսարանի դասախոս Գոհար Մկոյանը նույնպես պլացկարդ վագոններում կարևորագույն խնդիր համարեց օդափոխության համակարգի բացակայությունն ու սանիտարական վատ վիճակը: «Վրաստանի Ուռեկի ծովափնյա հանգստավայր մի քանի անգամ մեկնել եմ «Արմենիա» գնացքի պլացկարդ վագոնով: Տոմս գնելիս երկաթուղու դրամարկղների աշխատակիցները վստահեցնում են, որ գնացքում ամեն ինչ նորմալ է: Բայց իրականում այդ վագոնների փոքր տարածքներում 15 ժամ 40-50 րոպե 54 մարդու գտնվելը անտանելի է դարձնում շնչելը»,- դժգոհեց Գոհար Մկոյանը:
Գոհար Մկոյանը
Վանաձորցի Անուշ Մանուկյանի խոսքերով` պլացկարդ վագոնները չունեն ուղևորափոխադրումների տարրական պայմաններ: «Ես կուզենայի, որ երկաթուղին հանգստի մեկնողներիս առաջարկեր ավելի մաքուր և հարմարավետ վագոններ, ապահովեր մարդկանց ազատ շնչելու իրավունքը, վագոններում գործեր «վայ-ֆայ» ինտերնետային կապ»,- ասաց Անուշը:
Սիրանույշ Մանուկյանն էլ դժգոհեց երկաթուղու կենտրոնական դրամարկղից մարզերին հատկացվող տոմսերով նախատեսվող տեղերից. «Մի քիչ նորմալ տեղեր պետք է հատկացնել նաև մարզերին: Թվում է` էդ գնացքը միայն Երևանի համար է աշխատում: Ուռեկի գալիս բակավոյ տեղերով ենք եկել, հետադարձը 2 հատ վերևի տեղեր են տվել: Տոմսավաճառն ասավ՝ մեղքս գալիս է, մայրիկ ջան, գոնե էս 2-ը մի քիչ նորմալ տեղ է: Դե հմի տեսնենք կարողանալու եմ վերև բարձրանալ: Երեխեն կբարձրանա, երևի ես չկարողանամ»,- մտահոգվեց Ուռեկի 8-օրյա հանգստի եկած՝ տարեց Սիրանույշ Մանուկյանը:
«Երևան-Բաթումի-Երևան» երթուղին սպասարկող «Արմենիա» գնացքի ուղևորության տոմսերի գները տատանվում են 9850 դրամից մինչև 25 760 դրամ՝ կախված վագոնի կարգից: Գոհար Մկոյանի ասելով` գնացքի կուպե և պլացկարդ վագոնների տարբերությունը շատ մեծ է: Հայաստանի բնակչության սոցիալական վիճակով պայմանավորված՝ Վրաստանի ծովափնյա հանգստավայրեր մեկնելիս գնացքի պլացկարդ վագոնները կուպե վագոնների համեմատ գերբեռնված են լինում: Երևանից Բաթումի սովորական կուպե վագոնի ներքևի մեկ տոմսի արժեքը 16 910 դրամ է, վերևինը՝ 15 780 դրամ: Պլացկարդ վագոնի տոմսը, ըստ նրա, թե որ մասում է, 10 750-ից 9850 դրամ է:
«Գումար չունեցող մարդկանց համար, ովքեր հիմնականում Հայաստանի միջին և ցածր խավի մարդիկ են, կուպե և պլացկարդ վագոնների արժեքի տարբերությունը մեծ գումար է: Այդ պատճառով մարդը ստիպված հանգստի է ուղևորվում համեմատաբար էժան՝ պլացկարդ վագոնով: Ամեն դեպքում, եթե մարդը երթևեկում է երկաթուղով, ուրեմն երկաթուղին պետք է ունենա միջին գումարի համար նախատեսվող ուղևորափոխադրումների պատշաճ պայմաններ՝ դա վագոնների սանիտարահիգենիկ բավարար վիճակի և օդափոխության համակարգի ապահովումն է: Մենք վճարում են «Արմենիա» գնացքի պլացկարդ վագոնով երթևեկելու համար և պահանջներ ունենք այնտեղ օդափոխության և սանիտարական վիճակը բարելավելու համար»,- ասում է Գոհար Մկոյանը:
Վերջինիս խոսքերով` Հարավկովկասյան երկաթուղին ամռան 3-4 ամիսներին «Երևան-Բաթումի-Երևան» չվերթով աշխատող իր «Արմենիա» գնացքից լուրջ շահույթներ է ստանում, և պարտավոր է այդ շահույթներից ներդրումներ կատարել պլացկարդ վագոնների օդափոխության համակարգը և սանիտարական վիճակը կարգավորելու նպատակով:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել