
Խոշորացվող Գորիս համայնքի ղեկավարի ընտրություններում առաջադրվել է երկու թեկնածու
Ավարտվել է սեպտեմբերի 18-ին կայանալիք Գորիս համայնքի ղեկավարի և ավագանու ընտրությունների թեկնածուների առաջադրման ժամկետը: Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջադրմամբ Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնին հավակնում է գործող քաղաքապետ Վաչագան Ադունցը:
Ինքնաառաջադրման կարգով իր թեկնածությունն է ներկայացրել նաև Որոտան համայնքի ղեկավար Սուրեն Օհանջանյանը:
«Բնական է, որ պիտի առաջադրվեի, - «Հետք»-ի հետ զրույցում ասաց Վաչագան Ադունցը, - քանի որ ընդամենը երկու տարի է, ինչ համայնքի ղեկավար եմ ընտրվել, և մինչև այժմ բազմաթիվ ծրագրեր են մշակվել, որոնց իրականացման ժամանակաշրջանը նոր է սկսվում»:
Նրա խոսքով, այն հանգամանքը, որ խոշորացման արդյունքում Գորիս համայնքում կմիավորվի ևս ինը բնակավայր, մեծ պատասխանատվություն է, բայց կառավարման առումով ինքը դժվարություններ չի տեսնում:
Քաղաքապետը թերահավատությամբ է վերաբերվում շրջանառվող լուրերին, թե Որոտան համայնքի ղեկավար Սուրեն Օհանջանյանի առաջադրումը մրցակցություն ստեղծելու «իմիտացիայի» համար է, քանի որ, ըստ նրա, յուրաքանչյուր ոք օրենքով սահմանված կարգով կարող է հավակնել համայնքի ղեկավարի պաշտոնին:
Թե որքանով է իրատեսական մրցակցությունը գործող համայնքի ղեկավարի հետ, և ինչպես է գնահատում իր հնարավորությունները` խոշորացվող 10 համայնքներում բավարար քվե ստանալու համար հարցին Սուրեն Օհանջանյանը պատասխանում է, որ ինքը պայքարելու է, և չի պատրաստվում «գետ չհասած փողքերը վերև բարձրացնել»:
Խոշորացման արդյունքում ձևավորվող Գորիս համայնքում ընդգրկվող Գորիս, Ակներ, Բարձրավան, Խնձորեսկ, Հարթաշեն, Ներքին Խնձորեսկ, Շուռնուխ, Որոտան, Վերիշեն, Քարահունջ համայնքների բնակչության թիվը կազմում է 31338 մարդ: Նշված բնակավայրերն ունեն 25,391 հա գյուղատնտեսական նշանակության հող, համայնքի կենտրոնին ամենահեռու գտնվող գյուղը Բարձրավանն է (33 կմ): Միավորվող համայնքների ընդհանուր բյուջեն կազմում է մոտ 650 միլիոն դրամ, որի 75 տոկոսը կազմում է Գորիս քաղաքի բյուջեն:
Նշված համայնքներում ավագանու նախկին 62 անդամների փոխարեն նախատեսվող 15 տեղի համար սեպտեմբերի 18-ին կայանալիք ընտրություններում առաջադրվել է 26 թեկնածու:
լուսանկարում` Վաչագան Ադունցը և Սուրեն Օհանջանյանը
Մեկնաբանել