
Փաստաբան․ «Արդեն երեք օր է՝ Հովհաննեսը չի կարողանում շարժել ոտքի մատները»
«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի փաստաբան Հայարփի Սարգսյանը «Հետք»-ին փոխանցեց, որ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող իր պաշտպանյալի առողջական վիճակն այս պահին ծանր է։
Փաստաբանը պատմում է, որ Հովհաննեսը ցավերի մեջ է, սակայն ՔԿՀ-ում պատշաճ բուժսպասարկում չեն ցուցաբերում։ Մասնավորապես՝ օրեր շարունակ չեն փոխվում Հովհաննեսի վնասվածքների վիրակապերը։ Այսօր առավոտյան, օրինակ, բժիշկները փոխել են չորս օր առաջ կապված վիրակապը։
Հայարփի Սարգսյանի հաղորդմամբ՝ Հովհաննեսի ոտքի մատերն անշարժացել են․ «Արդեն երեք օր է՝ Հովհաննեսը չի կարողանում շարժել ոտքի մատները։ Հովհաննեսը մի քանի անգամ բժշկին հարցրել է, թե ինչու է այդպես, սակայն պատասխան չի ստացել․ բժիշկը լռել է։ Սա իմ պաշտպանյալի հանդեպ խոշտանգում է»,- նշում է Սարգսյանը։
Փաստաբանը դիմում-պահանջներ է ներկայացրել Արդարադատության նախարարություն, Առողջապահության նախարարություն, Քրեակատարողական վարչություն, ՄԻՊ և ՀՔԾ սույն քրեական գործով քննչական խմբի ղեկավարին՝ տեղեկացնելով, որ եթե վիրահատությունը քաղաքացիական հիվանդանոցում չկատարվի, ապա այն կդիտարկվի որպես դիտավորություն, և եթե հետագայում Հովհաննեսի առողջության հետ կապված բարդություններ առաջանան, ապա ողջ պատասխանատվությունը կրելու են նշված կառույցների ղեկավարները։
Մեկնաբանել