
Համայնքի ղեկավարի ընտրություններ՝ Սյունիքում
Սեպտեմբերի 18-ին Սյունիքի մարզի Գորիս, Քաջարան, Տեղ, Մեղրի, Գորայք, Քաջարան համայնքներում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:
Մեղրիի տարածաշրջանի համայնքների միավորման արդյունքում ձևավորվող Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնում Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից առաջադրվել է Ագարակ համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանը, ինքնաառաջադրվել` նրա տեղակալ Արմեն Սամվելյանը:
Խոզնավար, Խնածախ, Արավուս, Կորնիձոր,Քարաշեն, Վաղատուր նախկին համայնքները ներառող Տեղ համայնքի ղեկավարի ընտրություններում կպայքարեն Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղբաժնի պետ Ներսես Շադունցը և նախկին Խոզնավար համայնքի ղեկավար Վարո Գրիգորյանը:
Գորայք համայնքի ղեկավարի համար առաջադրվել են Գորայքի նախկին գյուղապետ, անկուսակցական Առուստամ Առուստամյանը և նախկին Սառնակունք համայնքի ղեկավար, Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Մանուչար Մկրտչյանը: Սառնակունքը մեկն է այն համայնքներից` Ծղուկ, Սառնակունք, Սպանդարյան, որոնց միավորմամբ կձևավորվի Գորայք համայնքը:
Բացի խոշորացված համայնքներից, սեպտեմբերի 18-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ տեղի կունենան նաև Քաջարան քաղաքում, որտեղ համայնքի ղեկավարի համար իրենց թեկնածությունն են առաջադրել քաղաքապետարանի իրավաբան Մանվել Փարամազյանը և ԶՊՄԿ ՓԲԸ–ի մեխանիկ Սպարտակ Սողոմոնյանը:
Քաջարանի գործող քաղաքապետ Վարդան Գևորգյանը առաջիկա ընտրություններում չառաջադրվելու իր որոշման մասին սոցանցերում հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ վերընտրվելու ցանկություն չունի:
«Հետքի» հետ ունեցած հետախոսազրույցում համայնքի ղեկավարը նշեց, որ տարբեր ժամանակներում ինքը բազմաթիվ առաջարկներ է ստացել այլ պաշտոններ ստանձնելու համար և կշարունակի մնալ Քաջարանում: Նա նաև հավելեց, որ դեռևս չի որոշել, թե առաջադրված թեկնածուներից ում է պաշտպանելու, քանի որ, իր կարծիքով, նրանցից մեկը հնարավոր է՝ թողնի ընտրապայքարը:
Առաջադրված թեկնածուներից երեքն անկուսակցական են, հինգը` Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ:
Մեկնաբանել