
Վանաձորում հղի կինը չպատվաստված երեխայից վարակվել է կապույտ հազով. նրա կյանքին վտանգ չի սպառնում
Գայանե Սարգսյան
Օգոստոսի 16-ին Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց ընդունված 20-ամյա Սիրանուշի մոտ ախտորոշվել է կապույտ հազ: Հղիության 36 շաբաթականում գտնվող կինը չնայած օրեր շարունակ կրկնվող հազի նոպաներին, չի դիմել բժշկի: Բրոնխյալ ասթմա ունեցող Սիրանուշը սկզբնական շրջանում հազը կապել է իր հիվանդության ու ալերգիկ խնդիրների հետ:
Սակայն, երբ օրեր առաջ ավագ դստեր մոտ ախտորոշվել է կապույտ հազ, թաղամասային թերապևտը Սիրանուշին կապույտ հազի կասկածով ուղեգրել է ինֆեկցիոն հիվանդանոց: Բժիշկների կասկածները հաստատվել են ու կինը վերցվել է ստացիոնար բուժման:
Սիրանուշի հետ այսօր հանդիպեցինք հիվանդանոցի իր հիվանդասենյակում:
«10-15 օր առաջ երեխան հազում էր, պարզվեց՝ կապույտ հազով է հիվանդ: Մի քանի օր բուժում ստանալուց հետո երեխու վիճակը լավացավ, ես սկսեցի ուժեղ հազալ: Գնացի պոլիկլինիկա, երբ իմացան երեխան կապույտ հազով է հիվանդ եղել, կասկածեցին, ասացին՝ կարող է դու էլ վարակված լինես: Եկա հիվանդանոց, պարզվեց իմ մոտ էլ է կապույտ հազ»,- պատմեց Սիրանուշ Ստեփանյանը:
Ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Ռոբերտ Չիլինգարյանի խոսքով վերջին 18-19 տարիների ընթացքում սա հիվանդանոցում գրանցված կապույտ հազի առաջին դեպքն է:
«Կապույտ հազի դեպքեր մեզ մոտ ունեցել ենք 90-ականներին: Դեպքեր են գրանցվել մինչև 1997-1998 թվականները, որից հետո երկարատև դադար եղավ: Օգոստոսի 16-ին մեզ դիմած հղի կինը կապույտ հազով առաջին հիվանդն է երկարատև դադարից հետո»,- նշում է Ռ. Չիլինգարյանը, չբացառելով սակայն, որ մարզում հնարավոր է գրանցված լինեն կապույտ հազի դեպքեր, սակայն հիվանդները կամ արտահիվանդանոցային բուժում ստացած լինեն, կամ դիմած լինեն մարզից դուրս գործող, օրինակ, երևանյան բուժհաստատություններ:
Հիվանդությունների վերահսկման և կարխարգելման Ազգային կենտրոնի Լոռու մասնաճյուղի տնօրեն Անժելա Հովհաննիսյանի խոսքով հղի կնոջ ու երեխայի հիվանդացության դեպքից զատ կենտրոնում այս տարի գրանցվել է կապույտ հազի ևս 3 դեպք:
Քանի որ կապույտ հազի դեմ պատվաստումը պատկանում է պլանային պատվաստումների շարքին, առաջին հարցը, որ բժիշկները տալիս են այս հիվանդության կասկածով դիմողներին, պատվաստված լինել-չլինելու մասով է:
Սիրանուշի դեպքում պարզվել է, որ երեխան պատվաստված չի եղել, ինչի հետևանքով վարկավել է ու վարակը փոխանցել մորը:
Օգոստոսի 16-ից ինֆեկցիոն հիվանդանցում բուժվող Սիրանուշին այսօր ամենայն հավանականությանբ բժիշկները դուրս կգրեն:
«Ես պատվաստած եմ, երեխաս՝ չէ, հրաժարվել էի պատվաստումներից»,- ասում է Սիրանուշն ու նշում, որ առաջին ու միակ պատվաստումը երեխան ստացել է ծննդատանը:
Թե ո՞րն է եղել պատվաստումներից հրաժարվելու պատճառը, կինը չցանկացավ նշել:
«Պատճառ կար… կարևորը, որ փոշմանել եմ…»,- խուսափողական պատասխան տվեց Սիրանուշը:
Նա վստահեցնում է, որ հիվանդանոցից դուրս գալուց հետո որոշել է զբաղվել երեխայի պատվաստման հարցերով:
Ինֆեկցիոն հիվանդանոցի բժիշկ-ինֆեկցիոնիստ Նունե Էվինյանի խոսքով ժամանակին ու համապատասխան բուժօգնություն չստանալու դեպքում հղիի մոտ կարող էին մի շարք բարդություններ առաջանալ ընդհուպ մինչև երեխային կորցնելու վտանգ:Բարեբախտաբար, վտանգն անցել է և այժմ մոր ու պտղի առողջությանը որևէ վտանգ չի սպառնում:
Սիրանուշը բնակվում է Վանաձորի ծայրամասային՝ Տարոն թաղամասում: Ինֆեկցիոն հիվանդանոց կատարած մեր այցի ժամանակ պարզվեց, որ նույն թաղամասից այսօր ևս երեք երեխա է ընդունվել կապույտ հազի կասկածով: Համապատասխան հետազոտության անցկացումից հետո միայն պարզ կլինի հստակ ախտորոշումը:
Վերջին տարիներին կապույտ հազի դեպքերի նվազումը բժշկուհի Ն. Էվոյանը կապում է պատվաստումների բարձր ցուցանիշի հետ, միաժամանակ ծնողներին խորհուրդ տալով չխուսափել պատվաստումներից՝ հետագա խնդիրներից խուսափելու համար:
Այդուհանդերձ, ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների, միայն 2014թ.-ին ԱԿԴՓ/ՎՀԲ/ՀԻԲ (կապույտ հազ, դիֆտերիա, փայտացում, հեպատիտ Բ, Բ տիպի հեմոֆիլուսային վարակ) պատվաստանյութից հրաժարվել է 1741, ԱԿԴՓ-ից՝ (կապույտ հազ, դիֆտերիա, փայտացում) 280 մարդ:
Մեկնաբանել