HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անկախության հռչակագիրը նշելիս

Կգա օրը՝ բարին հետը
Կսկսվի նոր առավոտը
Եւ դարերի արահետը
Կտրորի մեր զույգ ոտը։

Չենք լինի մենք էլ ոչ մեկի
հպատակն ու խոնարհ ճորտը
մեր գերանդին կթրատի
սովետական մոլախոտը։

Հերիք այսպես մնանք ծառա,
սրան, նրան եւ ուրիշին.
-Չէ՞ որ ունենք ամուր ակռա
եւ վստահ ենք մեր ներուժին։ 

Անկախության գալը քիչ է,
մեր մտքերը պիտի մաքրենք,
եւ հնոտի կայքն ու ինչքը
գրողի սեւ ծոցն ուղարկենք։ 

Երբ գա օրը՝ բարին հետը,
լինենք զգաստ եւ արթուն։
-Օ՜հ, փշոտ է արահետը,
մեզ շատ վտանգ է սպառնում:

Մի քանի օր առաջ մոռացված մի թղթապանակում գտա այս բանաստեղծությունը, որը ոչ վերնագիր ունի, ոչ էլ հեղինակ։ Թվագրված է 24.08.90։ Այսինքն գրվել է Անկախության հռչակագրի ընդունման հաջորդ օրը՝ իրադարձությունը նշող մի խումբ ընկերների կողմից։  Հիմա ստույգ չեմ հիշում՝ ովքեր էին եւ չսխալվելու համար չեմ տալիս անուններ։ Ովքեր ողջ են, գուցե արձագանքեն։

Ես միայն հիշում եմ Արամ Ավետիսյանին, ով հեգնանքով հարցրեց. «Խի՞ չես անկախության մասին մի հատ հայրենասիրական ստիխ գրում»։ Ես էլ, իբր զահլա չունեմ, ասեցի. «Դու ինչի՞ չես գրում»։ Ասեց՝ ես բանաստեղծ չեմ։

-Ես էլ քո իմացած ձեւի բանաստեղծներից չեմ,-ասացի,-գրում եմ, երբ կարողանում եմ։
-Մուսա չունե՞ս,- հարցրեց։
Չէ՝ ասացի։
-Բա էն …-ին (ծանոթ աղջկա անուն տվեց) ուղարկեմ, գա մոտդ։
-Գա, ի՞նչ անի։
-Քնած ժամանակ մեջքդ կծածկի՝ ասաց տղերքից մեկը։

Ու զավզակության այս մթնոլորտում, չեմ հիշում ում առաջարկով, կոլեկտիվ բանաստեղծություն գրելու միտք ծագեց։ Սկսեցինք, լավ հավեսով գրում էինք, բայց վերջում, նմանակման (պլագիատի) վտանգն զգալով, դադարեցինք։

Ո՞վ գրեց առաջին տողը, ով՝ երկրորդը, երրորդը… Չեմ հիշում։ Ձեռագիրն էլ չկա, որ գոնե այդպես նույնացնեմ հեղինակներին, թեեւ քսանվեց տարի անց դժվար է։ Հավանաբար, չկարողանալով կիսել ձեռագիրը՝ մտել ենք «Գարունի» խմբագրություն ու մի քանի օրինակ մեքենագրել։

Հիմա ո՞ւր են տղերքը՝ չգիտեմ։ Ի՞նչ են մտածում էս տողերի մասին։ Բայց կոլեկտիվ բանաստեղծությունը ինչ-որ խորհուրդ կարծես թե ունի։  

 Լուսանկարը՝ Սամվել Սեւադայի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter