
Անտառների վիճակը՝ 2016-ին. «Հայանտառը» նյութատեխնիկական հնարավորություններ չունի
2016թ. առաջին կիսամյակի ընթացքում անտառխախատման 68 արձանագրություն է կազմվել ապօրինի հատված 420 ծառերի վերաբերյալ: Դրանից 21-ն ուղարկվել է ոստիկանության տարածքային բաժիններ՝ անտառխախտողներին հայտնաբերելու և համապատասխան ընթացք տալու նպատակով: 47 արձանագրություն էլ ուղարկվել է ԲՆ աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության մարզային բաժիններ: Այս տվյալներն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց գյուղնախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանը:
«Հետքի» հարցին, թե քանիսով է քրեական գործ հարուցվել, Մարտուն Մաթևոսյանը պատասխանեց, որ 21-ով էլ հարուցվել է, սակայն դրանից որը ինչ ընթացք է ստացել, դեռևս հայտնի չէ:
Համաձայն «Հայանտառի» վիճակագրության, 2010թ.-ից սկսած ապօրինի հատումների դինամիկան նվազել է, սակայն 2013-ից սկսած կրկին աճ է գրանցել: Մարտուն Մաթևոսյանի խոսքով, հատումների այս գրաֆիկի՝ 2006-ից սկսած նվազման դինամիկան պայմանավորված է գազիֆիկացման, վերջին տարիների աճը՝ գազի սակագնի բարձրացմամբ:
Համեմատած անցյալ տարիներին, անտառվերականգնման, անտառապատման աշխատանքների ծավալը նվազել է: 2016թ. առաջին կիսամյակում անտառտնտեսության ուժերով ու շաբաթօրյակների միջոցով իրականացվել է 2,5 հա-ի վրա՝ 2 հա-ն Իջևանում, մնացածը՝ Նոյեմբերյանի տարածքներում: Եվս 10 հա անտառտնկման աշխատանքներ է նախատեսվում Սևանա լճի ափամերձ տարածքներում, ինչպես նաև Գուգարքի և Լալվարի անտառտնտեսություններում:
Անդրադառնալով անտառպահպանմանը՝ Մարտուն Մաթևոսյանն ուրախությամբ նշեց, որ այս տարի հրդեհներ քիչ են գրանցվել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառային ֆոնդում՝ բացառելով Մեղրիի հատուկ պահպանվող տարածքներում տեղի ունեցած հրդեհները: Հրդեհներն անտառներին վնասներ չեն հասցրել, վառվել են հիմնականում խոտածածկ տարածքներ:
ԱՊՀ երկրների հետ միջսահմանային հրդեհների համաձայնագիր է ստորագրվել, սակայն քանի որ Հայաստանն ԱՊՀ երկրների հետ սահման չունի, հիմնականում Վրաստանի հետ է անտառային սահմանը, «Հայանտառը» համագործակցում է վրացական համապատասխան ծառայությունների հետ:
«Օրինակ՝ Նոյեմբերյանի անտառներում հիմնականում հրդեհները ներխուժում են Ադրբեջանի տարածքից և շատ դեպքերում՝ միտումնավոր: Հրդեհում են սահմանային տարածքները, և հրդեհի դեմն առնելը բավականին բարդ է լինում»,- ասում է Մարտուն Մաթևոսյանը:
Անտառպահպանության հիմնական խնդիրը, ըստ Մարտուն Մաթևոսյանի, ապօրինի անտառաօգտագործումն է:
«Հայանտառն» այսօր նյութատեխնիկական հնարավորություններ չունի, անտառկառավարման պլաններով հատկացված հատատեղերը հեռու տարածքներում են, և անհրաժեշտ են անտառտնտեսական ճանապարհներ անցկացնել:
«Որևէ կայուն անտառկառավարող չի անցկացնի 30 կմ ճանապարհ, որպեսզի իրականացնի 500 խմ-ի փոխադրում, որովհետև ճանապարհ անցկացման ծախսը շատ անգամ գերազանցում է փայտանյութի իրացումից գոյացած գումարները»,- ասում է Մարտուն Մաթևոսյանը:
«Հայանտառին» տեխնիկական վերազինում է անհրաժեշտ: Հատուկ վերամբարձներ կան, որոնք կարող են մի քանի կետերեից փայտանյութն իջեցնել: Անհասանելի տարածքներում մեծ քանակությամբ թափուկ կա, որը, սակայն, հնարավոր չէ օգտագործել:
Մարտուն Մաթևոսյանը կարևորեց անտառօտագործման և անտառպահպանման գործառույթների տարանջատումը «Հայանտառից»: Փոփոխությունների նախագիծ է պատրաստվում, որ այս երկու գործառույթները տարանջատվեն: «Մի կողմից՝ անտառտնտեսությունների վրա պլան կա, որ պիտի փայտանյութն իրացնեն, մյուս կողմից՝ անտառների պահպանությունն է»,- ասում է նա:
Օրինական փայտանյութի ծավալների ապահովումը մյուս լուրջ խնդիրն է: «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի կարծիքով, քանի դեռ պահանջարկ կա, պետք է ապահովել նաև համապատասխան առաջրակը: Հիմնականում անտառամերձ համայնքներում է այդ պահանջարկը: Շուտով կառավարություն է ներկայացվելու նաև անտառամերձ համայնքների բնակչությանն օրինական փայտանյութով ապահովելու վերաբերյալ առաջարկություն: «Գյուղացին իր վառելափայտը պիտի բերի: Եթե մենք օրինական ծավալը իր համար մատչելի գներով չեն կարող ապահովել, գյուղացին պիտի գնա կտրի, գյուղացին համարում է էդ անտառը իրենը, որովհետև միշտ օգտագործել է այն»,- հավելում է Մարտուն Մաթևոսյանը:
Մեկնաբանել