Մեծ Շենում կառուցվում է համայնքային կենտրոն
Գյուղի առօրյան կաշխուժանա
«Հայաստան» համահայկական հիմնադրամը Լեռնային Ղարաբաղի Շուշիի շրջանի Մեծ Շեն գյուղում համայնքային կենտրոն է կառուցում: Ծրագիրն իրականացվում է երկկողմ ֆինանսավորմամբ` լիբանանահայ համայնք, Հայաստանի եւ Արցախի նվիրատուներ:
Երկհարկանի կառույցն ունի 195 քմ տարածք: Ներկայումս կանգնեցվում են երկրորդ հարկի սյուները: Նորակառույցում կկենտրոնացվի գյուղապետարանը, բուժկետը, գրադարանը, հանդիսությունների դահլիճը: Նախատեսված է նաեւ արհեստների ու ձեռքի աշխատանքի սենյակ:
«Այսպիսի կենտրոններ Հիմնադրամը կառուցել է նաեւ այլ համայնքներում: Նման լուծումը ոչ միայն անդրադառնում է գյուղի մի շարք խնդիրներին, այլեւ ապահովում այս կառույցների արդյունավետ ու համակարգված գործունեությունը»,- ասում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:
Ինչպես փոխանցում են Հիմնադրամի մամուլի ծառայությունից, ներկայումս գյուղապետարանը գործում է հեռախոսակայանի, բուժկետը` հիվանդանոցի խարխուլ շենքում: Գրադարանն էլ ժամանակավոր հանգրվանել է դպրոցի մեկ սենյակում: Իսկ հանդիսությունների սրահ գյուղը երբեւէ չի ունեցել:
«Գյուղում երիտասարդներ քիչ կան, իսկ խնդիրներ` որքան ասես,- ասում է համայնքի ղեկավար Միքայել Օսիպյանը,- համայնքային կենտրոնը կաշխուժացնի գյուղի կյանքը եւ հուսով եմ` երիտասարդներին կպահի գյուղում: Մեր ուժերով էլ փորձում ենք լուծել խմելու ջրի հարցը, գուցե այս կերպ հաջողվի գյուղը փրկել դատարկվելուց»:
Մեծ Շենը Շուշիի շրջանի հնագույն գյուղերից է: Այստեղ ապրում է 119 մարդ` մեծամասնությունը տարեցներ: Մեղվապահությունը, հողագործությունը, անասնապահությունը բնակիչների ապրուստի հիմնական աղբյուրն են: Գյուղը հայտնի է 17-րդ դարում կառուցված Սբ. Պանտելեոն վանքով, որն իր անունը ստացել է ի պատիվ այն գյուղական բժշկի, ով բազմաթիվ մարդկանց կյանք է փրկել:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել