HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ո՞վ էր զանգել սպանվածի բջջային հեռախոսին

Նելլի Մկրտչյան

Մայիս Քոսակյանը սպանությունից առաջ մի քանի անգամ հեռախոսազանգեր է ստացել բջջային հեռախոսին: Զանգերից հետո նա այլայլվել էր. այդ են վկայում նրա հետ եղած մորաքրոջ աղջիկն ու եղբոր կինը: Հաջորդ օրը` 2001 թ. հունիսի 25-ին, Նոր Նորքի 9-րդ զանգվածի շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է մոսկվայաբնակ Մայիս Քոսակյանի դիակը: Նա Հայաստան էր` եկել նշելու մոր ծննդյան 60-ամյակը, եւ Շամշադինում ծնողների տանը մի քանի օր անցկացնելուց հետո Երեւանից պետք է մեկներ Մոսկվա:

Սպանության նախորդ օրը Մ. Քոսակյանը իր ազգականների` մորաքրոջ աղջկա եւ եղբոր կնոջ հետ գնացել է թատրոն: Մ.Քոսակյանի մորաքրոջ աղջիկն իր ցումունքում նշել է. «Ներկայացման ժամանակ զանգ եկավ, եւ Մայիսը խոսում էր բավական նյարդայնացած, ինձանից հարցրեց, թե երբ է վերջանում ներկայացումը եւ զանգահարողին ասաց, որ ուշ կհանդիպեն: Ես չհամարձակվեցի հարցնել` ո՞վ էր զանգում, իսկ հաջորդող զանգերին, համարը նայելով այլեւս չէր պատասխանում»:

Ճանապարհելով կանանց` Մ. Քոսակյանը նրանց ասում է, որ պետք է հանդիպի ուսանողական ընկերոջը: Առավոտյան նրան գտնում են իր բնակարանում` դանակի բազմաթիվ հարվածներից մահացած: Զարմանալի արագությամբ, 2 օր անց, Ավանի եւ Նոր Նորքի դատախազությունը սպանության կասկածանքով բերման է ենթարկում 18-ամյա Արգիշտի Աբրահամյանին, որի մոտ հայտնաբերում են տուժածի բջջային հեռախոսը, տեսախցիկը, ժամացույցն ու դրամապանակը: Դատարանի դահլիճում Ա. Աբրահամյանն ասաց« որ այդ իրերը մի անծանոթ բերել է խանութ եւ էժան գնով իրեն առաջարկել է գնել դրանք: Քանի որ ինքը ընտանիքի միակ աշխատողն էր, ուստի որոշում է վերցնել դրանք` հետագայում ավելի թանկ վաճառելու նպատակով: Քրոջ ավարտական երեկոյի համար որոշել էր նվեր գնել: Արգիշտին տվել է դրամարկղում եղած ողջ գումարը, որը չի հերիքել, եւ անծանոթը խոստացել է հաջորդ օրը գալ մնացած գումարի հետեւից: Անցնում է 2 օր, անծանոթը չի հայտնվում: Արգիշտին վաճառում է տեսախցիկն ու հեռախոսը: Նրան ձերբակալում են առեւտուր անելիս: Քննչական մեկուսարանում, ինչպես հետագայում դատարանում տված ցուցմունքներում նշել է Արգիշտին, քննիչ Գաբրիել Պետրոսյանը սպառնացել եւ ահաբեկել է իրեն, որ խոստովանի սպանությունը, հակառակ դեպքում` «կուղարկեն արվամոլների կամերան եւ գիշերը կթողնեն այնտեղ»: Քանի որ սպանված Մ. Քոսակյանի հագին եղել էր միայն կարճ անդրավարտիք, քննիչներն առանց երկար մտածելու որոշել էին, որ տուժողը հոմոսեքսուալիստ է եւ սպանությունը տեղի է ունեցել սեռական հողի վրա: Ա. Աբրահամյանը սկզբից հրաժարվել է ընդունել «երկնագույնի» պիտակը, սակայն դաժան ծեծից ու խոշտանգումներից հետո խոստովանել է, որ Մ. Քոսակյանին սպանել է, որովհետեւ վերջինս «սեքսից հրաժարվել էր»: Դատարանում Արգիշտին պատմեց, որ ինքնախոստովանանքը ծայրից ծայր թելադրել է իր պաշտպան Վարուժան Աբգարյանը, որին որպես փորձառու մասնագետ երաշխավորել է քննիչ Գաբրիել Պետրոսյանը: Արգիշտիի մայրը` տիկին Ժաննան, մեր զրույցի ժամանակ ասաց, որ փաստաբանին խնդրել է միջնորդել որդու հետ տեսակցելու համար, սակայն պաշտպանը մերժել է մորը` ասելով, որ նման օրենք գոյություն չունի:

Վարուժան Աբգարյանը պատիժը մեղմացնելու նպատակով մորը` տիկին Ժաննային, համոզել է 5-6 հազար դոլար բերել` քննիչներին կաշառելու: Երբ մայրը ասել է, որ 500 դոլարից ավելի ի վիճակի չէ տալու, պաշտպանը բարկացել է, թե դա շատ քիչ է: Եւ միայն վերջին պահին` գործը դատարան մտնելուց մեկ օր առաջ, հասկանալով, որ պաշտպանն ավելի շուտ կորզում է ինքնախոստավանանքը, քան օգնում իր որդուն, հրաժարվում են նրա ծառայություններից եւ դիմում ՀՀ փաստաբանների միության անդամ Հովհաննես Փիլավջյանին:

Վերջինս հանդիպեց պաշտպանյալի հետ: 4-ժամյա զրույցից հետո Արգիշտին արտասվելով պատմել է, թե ինչպես են իրեն ստիպել տալ ինքնախոստովանական ցուցմունք: Նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ Քր. դատ. օրենսգրքի 99 հոդվածի 1-ին մասով` դիտավորյալ սպանություն, եւ 88 հոդվածի 2-րդ մասով` գույքի հափշտակում: Արգիշտին նախաքննական ինքնախոստովանականում նշում է, որ «Մ. Քոսակյանին հանդիպել է Կոմայգու մոտ, ծխախոտ հյուրասիրել, որից հետո գնացել են նրա բնակարան»:

Քանի որ բնակարանը հոսանքազրկված է եղել, վառել են մոմը, եւ Մայիսն առաջարկել է սեքսով զբաղվել: Արգիշտին մերժել է ու տեսնելով, որ չի կարող հեռանալ` մոմը հանգցնելու նպատակով մոտեցել է հեռուստացույցին, որի վրա դրված էր պատյանով դանակ, հանգցրել է մոմը, վերցրել դանակն ու մոտենալով Մայիսին` կտրել կոկորդը:

Դատակենսաբանական փորձաքննությունը մերժեց արվամոլության վարկածը, որովհետեւ Ա. Աբրահամյանի սերմնահեղուկը չէր հայտնաբերվել: Ի դեպ, դատական նիստի առաջին օրը սպանվածի հարազատները ամաչել էին ներկայանալ եւ միայն այն հերքելուց հետո սկսեցին դատարան գալ: Մինչդեռ, դատակենսաբանական փորձաքննության եզրակացությամբ` Մայիս Քոսակյանը մահացել է պարանոցին մի քանի տեղից հասցված կտրող, ծակող գործիքից ստացած վերքերի պատճառով:

Նրա ներբանների վրա եղել են հավասարաչափ վնասվածքներ, որից կարել է ենթադրել, որ նրան տան մեջ քարշ են տվել: Փորձաքննության ենթարկված մազերից ոչ մեկը չի համընկել Արգիշտիի մազերի կառուցվածքին, իսկ հայտնաբերված բազմաթիվ մատնահետքերը, եզրակացության համաձայն, պատկանում են մեկ այլ անձի կամ անձանց: Ինչու է 2 տարի ձգվում Արգիշտի Աբրահամյանի դատը, երբ բնակարանում չկա նրան պատկանող ոչ մի իրեղեն ապացույց, չկա սպանության գործիքը` դանակը, անհասկանալի է: Երեւան քաղաքի դատախազի օգնական, պետական մեղադրող Արթուր Երիցյանը հայտարարեց, որ մատնահետքերի բացակայությունը դեռ ոչինչ չի նշանակում, եւ իրենք կապացուցեն մեղավորությունը:

Մինչ այժմ դատարանը չի կարողանում ձեռք բերել ներկայացման ժամանակ Մ. Քոսակյանի բջջային հեռախոսին եկած զանգերի բացվածքը, քանի որ հեռախոսը Մոսկվայում է գրանցված: ՀՀ դատախազությունը մոտ մեկ տարի առաջ հարցում է արել ՌԴ-ի համապատասխան մարմիններին, սակայն դատարանում արված նրանց հայտարարությամբ, պատասխան չեն ստացել: Մինչդեռ սպանվածի մորաքրոջ տղան պարզել է, որ Մոսկվայից պատասխանը ուղարկվել է Հայաստան: Սակայն քրեական գործի մեջ վերոհիշյալ զանգերի բացվածքը չկա: ՀՀ Արդարադատության նախարարությունը դատարանի միջնորդությունից հետո նույն խնդրանքով դիմել Ռուսասատանի դաշնության արդարադատության նախարարությանը այդ հեռախսային զանգերի բացվածքը տրամադրելու խնդրանքով: Սակայն նամակի պատասխանը ինչպեսզ վկայեց Արգիշտի պաշտպանը, այդպես էլ չեն ստացել: Տուժածի եղբայրը դատարանում հայտարարեց, որ ինքը չի հավատում Արգիշտիի մեղավորությանը եւ պահանջեց գտնել սպանության իրական կատարողին: Թերեւս, սա այն բացառիկ դեպքերից է, երբ տուժողի իրավահաջորդներն ու մեղադրյալը համակարծիք են:

Սպանվածի կինը եւ երկու քույրերը ցուցմունք են տվել, որ Մ. Քոսակյանի ուսանողական ընկեր Թովմաս Սահակյանը մեծ գումար, մոտ 15 000 դոլար է պարտք եղել Մայիսին: Մ. Քոսակյանի կինը` Գայանե Մարդանյանը իր ցումունքում նշել է. «Թովմասը երկու ընկերների հետ մի քանի անգամ մեծ գումարներ է վերցրել Մայիսից ու չքացել: Դրա պատճառով Մայիսը 15 000 դոլարի կորուստ է ունեցել»:

Թ.Սահակյանի ունեցած պարտքերի մասին իրենց ցուցմունքներում նշել են նաեւ Մայիսի քույրերը` Նվարդ եւ Ալվարդ Քոսակյանները: Սակայն դատարանը երկու անգամ չէր կարողանում բերման ենթարկել Մայիսի ուսանողական ընկերոջը` Արարատի մարզի Շահումյան գյուղի գինու գործարանի փոխտնօրեն Թովմաս Սահակյանին: Հուլիսի 30-ի դատական նիստին ներկայացած Թովմաս Սահակյանից մատնահետքեր վերցվեցին: Չնայած Թ.Սահակյանից մի անգամ արդեն վերցրել էին, սակայն անհայտ պատճառով գործի նյութերում դրանք չկան: Դատական հաջորդ նիստը կնշանակվի մատնահետքերի ուսումնասիրությունն ավարտելուց հետո:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter