HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարիետա Խաչատրյան

Ուրիշի երեխաներ չեն լինում

Ուրիշի երեխաներ չեն լինում

Անհրաժեշտ շեղում ամենասկզբում

Վաթսունամյա Վարդանի եւ քառասունմեկամյա Գայանեի ընտանիքն ապրում է Կոմիտասի փողոցի թիվ 42 շենքում, երկու սենյականոց բնակարանում: Նրանք վեց երեխա ունեն` 5-18 տարեկան աղջիկներ: Մեծ աղջիկն ինքն էլ արդեն մեկ տարեկան երեխա ունի, որը մոր հետ ապրում է եւ գրանցված է այդ բնակարանում: Վարդանի քույրն ու քրոջ ամուսինը մահացել են ,եւ նրանց երեք փոքրահասակ երեխաները` 2 տղա եւ 1 աղջիկ, նույնպես այս բնակարանում են ապրում եւ գրանցված են: Ընդհանուր հաշվով այստեղ բնակվում են 9 երեխա եւ 3 մեծահասակ: Նրանց բնակարանի դուռը բացողը եւ ներս մտնողը հազիվ թե այն կացարան համարի: Դա պարզապես այնպիսի մի ավերակ է , որտեղ չի բնակվի աշխարհի ամենաաղքատ պետության ամենաաղքատ ընտանիքը: Աննկարագրելի է այն հակասանիտարական վիճակը, որը նաեւ չգործող սանհանգույցի, ավելի ճիշտ` զուգարանակոնքի բացակայության պատճառով է: Արաբկիրի թաղապետարանը, որին Գայանեն շարունակում է «ռայսավետ» անվանել, մի քանի անգամ խոստացել է նորոգել բնակարանը , բայց այդպես էլ չի ստանձնում այդ նորոգումը ` երեւի ծախսերի ահագնությունից վախենալով:

Չնայած առաջին կարգի հաշմանդամ լինելուն` Վարդանը երկար տարիներ աշխատել է քաղաքի կանաչապատման ոլորտում, նրա մասին ժամանակին հոդվածներ են գրվել եւ հեռուստառեպորտաժներ պատրաստվել. Կոմիտասի փողոցի` տարիներով բոլորին հիացնող կանաչ գազոնե գազանանոցի վարպետն էր նա:Հիմա նրա մասին մոռացել են: Վերջին աշխատավայրից` թաղապետարանից նրան ազատեցին: Հաշմանդամությանը գումարվեց նաեւ կաթվածը, եւ նա հիմա օրվա մեծ մասը անցկացնում է այն փայտե լայն հարմարանք-մահճակալին, որտեղ միաժամանակ 6-7 մարդ է քնում: Գայանեն երկար ժամանակ աշխատանք էր փնտրում եւ այդպես էլ չգտավ: Ընտանիքի միակ եկամուտը նպաստի 10 հազար դրամն է եւ դրա կեսի չափ հաշմանդամության թոշակը: Տարիներ չմուծված էլեկտրավարձը մեկ միլիոն դրամ է կազմել, որը մի ժամանակ ընտանիքի լսածով զիջվել էր , բայց այժմ էլեկտրավարձի պարտքի ցուցակներում նորից հայտնվել է: Մի քանի տարի արդեն ընտանիքի երեխաները մերթընդմերթ մուրում են, հատկապես ամռանը: Թեեւ այս ծանր վիճակում ապրում են արդեն շատ տարիներ ` երեխաները միմյանց շատ են կապված, եւ նրանց ինչ-որ հաստատություն ուղարկելն ու միմյանցից բաժանելը պարզապես անմարդկային կլիներ: Երեխաների մեծ մասը դպրոց չի գնում աղքատության պատճառով , հազիվ տառաճանաչ են :

Վեջերս նրանց օգնել է «Օրրան» կազմակերպությունը` երեխաներից երկուսը Ծաղկաձորում հանգստացել են: Նրանց երբեմն օգնել են նաեւ այլ կազմակերպություններ, բայց, հավանաբար, եւ օգնող կազմակերպությունները, եւ սոցապ մարմինները վաղուց պետք է ըմբռնած լինեին , որ այս ընտանիքին որեւէ կերպ ոտքի կանգնելու հնարավորություն է պետք, եւ ոչ թե դիպվածային օգնություն: Եթե որեւէ կառույցի մտքով անցներ նրանց մի փոքրիկ հողամաս եւ տնակ տալ թեկուզ երեւանամերձ ամառանոցային հողատարածքներից` տնտեսություն վարելով նրանք ոտքի կկանգնեին:Պատկերացրեք թերսնված 10 երեխա, որոնք ամեն օր արթնանում են ուտելու սարսափելի մեծ ցանկությամբ: Խնամատար ընտանիքի գաղափարը ներդնելու մասին խոսող մեր սոցապ պատասխանատուներին հարցնում ենք . ինչո՞վ խնամատար ընտանիք չէ Վարդանի եւ Գայանեի ընտանիքը, որ չնայած ծայրահեղ, անհնարին աղքատությանը` իր սերը չի մերժում նաեւ Վարդանի քրոջ 3 երեխաների համար: Ներդրեք վճարովի խնամատարությունն այստեղ, այս ընտանիքից սկսեք:

Թվերի տրամաբանությունը

Հայաստանում մեծաթիվ գիշերօթիկ դպրոցներ եւ մանկատներ են գործում: Գիշերօթիկներում երեխաների թիվը մոտենում է 11 հազարի, իսկ մանկատներում ապրող երեխաները 900-ն են:Սա այն դեպքում, երբ երկկողմանի ծնողազուրկ երեխաներն ընդամենը 550-ն են, իսկ միակողմանի ծնողազուրկ 2800 երեխա ունենք: Այսինքն` միայն թվերից անգամ պարզ է, որ Հայաստանի աղքատ ընտանիքները գիշերօթիկ դպրոցներն ու մանկատները դարձրել են երեխաների անվճար սնունդի եւ կրթության սոցիալական աջակցության վայրի` ծայրահեղ աղքատության պատճառով չկարողանալով պահել սեփական երեխաներին:

Սոցիալական վատ վիճակի, ընտանիքների աղքատության ցուցիչ է նաեւ փողոցը, ուր պարբերաբար, սերնդափոխությամբ հայտնվում են աղքատ ընտանիքների երեխաները, որոնց մեծ մասը մուրալով փորձում է ընտանիքի գոյատեւման խնդիր լուծել: Վերջին մի քանի տարին փողոցում այդ երեխաներն այնքան էին շատացել, որ ամենուր կարելի էր նրանց տեսնել:Մի քանի ամիս է` Երեւանի կենտրոնում նրանք նկատելի պակասել են. ի՞նչ է տեղի ունեցել, միթե ինչպես մեր ոստիկանության եւ սոցապ պատասխանատուներն են պնդում` իրենց եւ դաշտում աշխատող մի շարք տեղական եւ միջազգային կազմակերպությունների ջանքերով մուրացիկ եւ թափառաշրջիկ երեխաների թիվն իրոք նվազել է, այն դեպքում, երբ բեւեռացումը կանգ չի առնում եւ աղքատ ընտանիքների թվի որեւէ նկատելի նվազում չի արձանագրվել: Բացատրությունը կարող է լինել այն, որ` ա) նախկին հոսանքի ուղղությամբ են շարժվում մեր ոստիկանության օղակները,որոնք դեռեւս կատարում են «կանխարգելում եւ հայտնաբերում» գործողությունները, բ) պետական իրավասու մարմիններն ու դաշտում աշխատող ՀԿ-ները իրար են խառնում ռիսկի խմբի եւ կրթությունից դուրս մնացած երեխաներին: Մասնավորապես այդ կարծիքին է ՄԱԿ-ի երեխաների հիմնադրամի հատուկ պաշպանության կարիք ունեցող երեխաների ծրագրի ղեկավար Նաիրա Ավետիսյանը:

Ըստ սոցապ փոխնախարար Աշոտ Եսայանի` փողոցում մուրացող եւ թափառող երեխաների թիվը 280-ի է հասնում ողջ Հայաստանի տարածքում: Ոստիկանության քրեական հետախուզության վարչության անչափահասների գործերով բաժնի պետ Նելի Դուրյանի տվյալներով` 2003 թվականի առաջին 6 ամսում ողջ Հայաստանի տարածքում ստուգայցների ընթացքում հայտնաբերվել է 2741 երեխա, որոնց մեջ են եւ զանազան զանցանքներ կատարած, եւ իրավախախտ, եւ թափառաշրջիկ-մուրացիկ երխաները:163 մուրացիկ եւ թափառաշրջիկ երեխա բերվել են ոստիկանական բաժանմունքներ, որոնցից 41-ն ուղարկվել են ՀՕՖ-ի կողմնորոշիչ կենտրոն, 12-ը`բնակության վայրի ոստիկանական բաժանմունքներ, 5-ը` ԿԳՆ ուսումնադաստիարակչական հիմնարկներ, 24-ը վերցվել են պրոֆիլակտիկ հաշվառման: Դաշտում աշխատող ՀԿ-ների ներկայացրած թվերի համադրման արդյունքում, կրկնությունները բացառելով, անցած տարվա ընթացքում ստացվում է 500 թիվը. ադքան մուրացիկ, փողոցում թափառող երեխաների հետ են աշխատել հիմնախնդրով զբաղվող ոչ կառավարական կազմակերպությունները: Տարբեր փորձագետների կարծիքով` այս թիվը կարող է կիսով չափ պակաս լինել իրական պատկերից: Փողոցում իր աշխատանքը մուրացիկ երեխաների շրջանում ակտիվացրած ոստիկանության եւ տարբեր կազմակերպությունների ջանքերին դիմակա` մանկական մուրացիկությունը, որն ի դեպ ավելի դինամիզմ է ցույց տալիս, քան նրա հետ կսկսեն աշխատել, նոր ձեւերի մեջ է գոյատեւում` շրջանցելով իր առջեւ դրված արգելքներն ու պայքարի ձեւերը: Մանկական մուրացիկությունը թաքնվում է` վերստին ապացուցելով հայտնի ճշմարտությունը` արգելանքը հարցի լուծման ժամանակավոր եւ անարդյունավետ միջոց է: Որեւէ խնդիր ավելի լուրջ է դառնում, երբ թաքնված եւ չերեւացող է: Աղքատ ընտանիքների երեխաները, ում հարկավոր է դրամ տուն բերել` իրենցից փոքր երեխաներին, մորը կամ առանց միջոցի մնացած տան ծերերին կերակրելու համար` հարմարվել են նոր իրավիճակին. նրանք շրջում են Երեւանի կենտրոնի` ողջ գիշերը բաց սրճարաններով (երբեմն` ծնողի հետ), մի ճմրթած ծաղիկ պարզում` ընտրողաբար մոտենալով մարդկանց եւ սեղաններին:

Բոլորն էլ գիտեն` ծաղիկը պատրվակ է մուրալու համար: Երբեմն այդ երեխաները մինչեւ առավոտ բեռնակրություն են անում կամ սայլակ են քշում Մալաթիայի, ԳՈՒՄ-ի շուրջօրյա շուկաներում, հատկապես գիշերը, հետո կրկին մուրում: Իր թաղամասը լավ իմացող սոցիալական ծառայողի, ոստիկանի, կրթության ոլորտի մարդու հայացքից դժվար թե վրիպեն ամեն օր մետրոյի կայարանների, շուկաների տարածքներում հայտնվող-անհետացող մուրացիկ երեխաները: Թափառաշրջիկ-մուրացիկ գիշերող երեխաներ կան եւ կայարանամերձ տարածքներում, եւ ԳՈՒՄ-ի շուկայի շրջակայքում, եւ Մալաթիա-Սեբաստիայի կիսակառույց շենքերում:Իսկ միթե Նուբարաշենի աղբավայրը փորփրող տասնյակ երեխաները մուրացիկ չեն, նրանք սոցիալական վիճակով մուրացիկից դեռ մի աստիճան էլ ցածր են գտնվում` ի գիտություն տվյալների բազա ստեղծողների: Մուրացիկ երեխաների «նորացված» տեղերը, այսպես ասենք, մի քիչ հետաքրքրվողների համար հիմա էլ հայտնի են: Կասկադի սրճարանների տարածք` գիշերային ժամերին, ծաղիկով:Օպերային հարակից սրճարաններ` գիշերով: Վարդան Մամիկոնյանի արձանին հարակից մասեր` եւ գիշերով, եւ ցերեկային ժամերին: «Այրարատ» կինոթատրոնի տարածք` թաքնված, խաբս տվող մուրացիկներ: Երեւանի շուկաներին եւ մետրոյի կայարաններին հարակից առեւտրական կետերում` օրվա տարբեր ժամերի: Այս տարածքի մարմնավաճառ աղջիկների հին ումբն այլեւս չկա` երեւի ոստիկանությունը նեղել է, բայց թաքնվելով աշխատում են երկու նորերը (մանրավաճառներից մեկի վկայությամբ) եւ, որքան էլ ցավալի է, երկու բոլորովին մանկահասակները: Վերջերս հենց սոցապ պատասխանատուները հայտարարեցին, որ կանանց եւ երեխաների առեւտրի երեւույթը Հայաստանում այնպիսի մտահոգիչ առկայություն է արձանագրել, որ թեեւ ուշացումով` կառավարությունը հանձնաժողով է կազմել եւ պայքարում է դրա դեմ: Մեր տեղեկություններով` առկա թվի զգալի տոկոսը անչափահաս աղջիկներն են կազմում: «Այրարատ» կինոթատրոնի դիմացի կարուսելների այգում օրվա տարբեր ժամերի եւ մուրացող երեխաների կհանդիպես, եւ կշռվել ու ծաղիկ առաջարկողների: Սայաթ-Նովա-Աբովյան խաչմերուկ, Թումանյան-Մաշտոց խաչմերուկ` գիշերվա 11-ից հետո այցելեք-տեսեք` կա՞ն, թե չկան:Հուլիսի 31-ի երեկոյան ժամը 9-ի սահմաններում, «Այրարատ» կինոթատրոնից մինչեւ Կասկադ` 18 մուրացիկ երեխաների հաշվեցինք, ընդ որում նրանցից մի քանիսի տեղը մեզ ցույց տվեցին ոստիկանները: «Առագաստ» սրճարանի տարածքում Էջմիածնից եկած երեխաների խումբ էր «աշխատում»:

Այս տարվա առաջին 6 ամիսներին Շիրակի մարզում, ըստ ոստիկանության տվյալների, հայտնաբերվել է 10 մուրացիկ եւ թափառող երեխա: Աղքատ բնակչության բավական լայն շերտ ընդգրկող Գյումրիի դեպքում այդ թիվը մեզ խիստ անհավանական թվաց, եւ մենք մեկնեցինք Գյումրի: Մարզպետարանի սոցիալական ծառայությունում այդպիսի տվյալներ գոյություն չունեին` ադպիսի խնդիր դրված չէր: Կրթության, սպորտի եւ մշակույթի վարչության պետ Վարդան Ասլանյանը ներկայացրեց կրթությունից դուրս մնացած երեխաների թիվը, որի կեսը, ըստ վարչության պետի, ի վերջո հայտնվում է փողոցում: Նախորդ ուսումնական տարում 80 այդպիսի երեխա կար մարզում: Ամեն օգոստոսի վերջին տարբեր կազմակերպությունների միջոցով լուծվում են այդ երեխաների սոցիալական խնդիրները, նրանք գնում են դպրոց, բայց մի քանի ամիս հետո նոր խումբ երեխաների մոտ է նման խնդիր առաջանում: Մի երկու տարի առաջ թվերն ավելի մեծ էին: Գյումրիում մուրացիկ եւ թափառող երեխաները մշտական վայրերում են մուրում, որոնք ոստիկանության` տվյալ ժամանակի ջանքերին համարժեք` դատարկվում կամ ավելի են համալրվում:

Մեկ ժամվա ընթացքում Գյումրիի հրապարակից, շուկայով, ավտոկայանով մինչեւ Հին գերեզմանոց հայտնաբերեցինք 15 երեխա, որոնք դրամ էին հավաքում: Արթուրն ու Սերոժը շուկայի ծակուծուկերում էին փող ուզում: Նրանց հետ դժվարությամբ զրուցեցինք, նրանցից մեկն իրենց մասին տեղեկություն հայտնելու համար սակարկում էր: Ըստ նրանց պատմածի` երկուսն էլ աղքատ ընտանիքից էին եւ փորձում էին օգնել մեծերին, ընդ որում Արթուրը պատմեց, որ ինքը ծնողներ չունի եւ թոշակառու տատի մոտ է ապրում: Նրա սուտը բռնվեց հենց հաջորդ օրը, երբ նրան հայտնաբերեցինք Յոթվերք եկեղեցու շրջակայքում, մոր ու քրոջ հետ մուրալիս: Սովորաբար ավտոկայանում մուրացող երկու տղա հաշվում էին օրվա հավաքածը եւ գարեջուր խմում` որպես ինքնավարձատրություն: Իսկ Հին գերեզմանոցում մեր տեսածը բոլորովին խախտեց պաշտոնական թվերի տրամաբանությունը:

Ուրբաթ, օգորստոսի 3-ին Հին գերեզմանոցի տարբեր ծայրերում, կես ժամվա տարբերությամբ, մենք երկու թաղման թափորի ուղղությամբ գնացինք: Երկուսում էլ երեխաների խմբեր կային, որ սպասում էին թաղման ավարտին: Այդ կարգի արարողության վերջում երկու-երեք տղամարդ 50-100 դրամանոցներ են բաժանում երեխաներին, որից հետո վերջիններս վերցնում են գերեզմանում եղած հոգեհացը: Ուշ ժամի գերեզմանոցից տուն վերադարձած մեկը պատմեց, որ մի քանի օր առաջ այդ երեխաները թուղթ էին խաղում հենց գերեզմանոցում, եւ լինում է, որ հենց այդտեղ էլ քնում են:Պատմեցին նաեւ, որ երեխաների խմբերն իրար մեջ բաժանել են գերեզմանոցը եւ «աշխատում» են` առանց իրար տարածք մտնելու: Այստեղ, երկու թաղումներից հետո մենք 11 երեխա եւ 1 մեծահասակ հաշվեցինք: Ի դեպ` գյումրեցիք Յոթվերքում կատարված հարսանյաց հանդեսներից հետո նույնպես այդպես առատ դրամ են բաժանում մուրացիկներին, որոնց մեջ երբեմն երեխաներ են լինում: Այստեղի մուրացիկների խումբն իսկական մաֆիա է` նրանց ղեկավար Վաչոն հրապարակի այլ մասերում մուրացողներին մոտ չի թողնում այդ հանդեսներին: Եկեղեցու մոտի տեսարանը պարզապես ճնշող էր` մեկ տասնյակից ավելի մուրացկան համարյա կախվում էր դրամ բաժանողի թեւերից: Մոտակայքում աշխատող գյումրեցիները մատնացույց արեցին մի մուրացիկ կնոջ, որը մուրալով այնքան դրամ է հավաքել, որ տոկոսով տալիս է:Գյումրիում մի քանի վայր կա, որոնք հայտնի են որպես երեխաների մուրալու տեղեր:«Ճիշտ է, հմի ըդքան չկան` միլիցեքը կհավաքեն, իրգունը կգան»,- պարզաբանեցին գյումրեցիք: Շիրակացու փողոցի ողջ երկայնքով, նախկին Կիրովի-այժմյան Ռիժկովի փողոցի սկզբում, այգու մոտ, Գյումրու երեք գերեզմաններում, երբեմն ավտոշուկայում, հրապարակին հարակից շուկայում մուրացող երեխաները, ճիշտ է, երկու տարի առաջվա չափ շատ չեն, բայց էլի գալիս են, երբ թուլանում է արգելողների ուշադրությունը:

Նրանց պատմությունը

Գ-ն ապրում է Արտաշատում,15 տարեկան է (տղայի անունն ու գյուղը ստույգ գիտենք, բայց չենք նշում` իր խնդրանքով): Ամեն օր նա նստում է էլեկտրագնացք ու գալիս Երեւան: Թակում է դռները, շիշ հավաքում, դիմում է մարդկանց` «Օգնեք մի բանով» խնդրանքով: Մարդիկ ավելի հաճախ դրամ են տալիս, բայց նա չի խորշում նաեւ շշերը հանձնելուց: Օրը 1000-2000 հազար դրամ հավաքելուց հետո վերադառնում է գյուղ: Նա դպրոցում լավ է սովորում, երազում է բժիշկ դառնալ, բայց գոնե ամռանը ստիպված է դրամ վաստակել կամ մուրալ. հայրը լքել է իրենց` թողել-գնացել Ռուսաստան, մեծ եբայրը բանակում է, տանը մայրը, փոքր քույրիկն ու տատիկն են: Երբ եղբայրը վերադառնա` կաշխատի,— ինքն իր դասերին ավելի շատ ժամանակ կհատկացնի, գուցե այլես չմուրա, բայց առայժմ ինքն է դարձել ընտանիքի կերակրողը:

                                                                    -օօօ-

Ալինան իր յոթնամյա դստեր հետ ապրում է Գյումրիի «Տեքստիլ» անվանվող թաղամասում: Ամուսինն աշխատանք չունի, հաճախ տանը չի գիշերում, հայտնվելիս էլ ծեծում է նրան: Ալինայի միակ ապրուստը 5 հազար դրամ նպաստն է եւ մեկ էլ քաղաքապետարանի տված ձրի սնունդը` ամեն օր գնում է եւ ճաշը տուն բերում: Ալինան չի կարողանա յոթնամյա Լիլիթին դպրոց ուղարկել, որովհետեւ դասագրքի եւ հագուստի հարց չի կարող լուծել: Սա այն վիճակն է, երբ մինչեւ փողոց ընդամենը կես քայլ է: Երեխային չի ուզում մանկատուն տալ` համ շատ են կապված, համ էլ ծանոթ -բարեկամից է ամաչում, իսկ «Հույս» մանկատան տարածքում գործող ցերեկային կենտրոնի մասին չէր լսել.աղջկան այդպիսի կենտրոն ուղարկելն իր համար փրկություն կլիներ:

                                                                    -օօօ-

Փոքրիկ Միքայելին եւ իր քրոջը հանդիպեցինք ՀՕՖ-ի կողմնորոշիչ կենտրոնում: Նրանք միայնակ մոր երեխաներ են,որը նրանց անուշադրության է մատնել: Պատահել է,որ նրանք երկար քաղցած են մնացել կամ էլ նրանց հետ վատ են վարվել մորն այցելող տղամարդիկ:Պատահել է նաեւ, որ նրանք փող են խնդրել մարդկանցից: Փաստորեն` այդ ընտանիքում երեխաներին վտանգ է սպառնում, եւ սա այն դեպքն է, երբ մասնագետները խորհրդակցում են երեխաների հետագա ճակատագրի վերաբերյալ: Չնայած ՀՕՖ-ի կենտրոնի հիանալի պայմաններին եւ դաստիարակների լավ վերաբերմունքին` փոքրիկ տղան մեզ ասաց. «Փախչելու եմ` գիշերը վախենում եմ քնեմ: Մեր տունը մամայիս ծոցն էի քնում»:

                                                                    -օօօ-

50-ին մոտ մի կին իր 13-ամյա աղջկա հետ ամեն օր մուրում է «Այրարատ» կինոթատրոնի շրջակա տարածքում եւ մոտիկ այգիներում: Արտաքինը ոչինչ չի հուշում նրանց զբաղմունքի մասին, հատկապես աղջիկը խնամված եւ սանրված է: Կնոջ պատմելով` փախստական են, Բաքվից, որ սկզբում մի տարի Երեւանում են ապրել, հետո 10 տարի Ուկրաինայում, եղբոր մոտ: Եղբոր մահից հետո արդեն մի տարի է` տեղափոխվել են Հայաստան: Ապրում է Աբովյանում, հանրակացարանի երկու սենյակներից մեկում,որտեղից ամեն օր, կռիվներ սարքելով, իրենց ուզում է հանել մյուս համաբնակիչը: Ոչ մի ուրիշ եկամուտ չունեն, աշխատանք չի գտնում: Ամեն օր Աբովյանից մայր ու աղջիկ գալիս են Երեւան եւ մուրում` ոստիկանների աչքին չընկնելով: Երբ փորձեցի նրանց կազմակերպություներից մեկի հասցեն առաջարկել, որը գուցե կօգներ նրանց աշխատանք որոնելիս` մայրը պարզապես փախավ` աղջկան էլ իր հետ քարշ տալով:Իմ մտքից չեն անցնում դեռահաս աղջկա աչքերը, որոնք բոցավառվել էին, երբ ես պատմում էի, թե ինչ լավ բաներ կսովորի այդ կազմակերպությունում:

2.Պետական կառույցները եւ մուրացիկ երեխաները

 

Պատժե՞լ, թե դաստիարակել

Պետական կառույցներն ինչպե՞ս են աշխատում լուծել մուրացիկ, թափառաշրջիկ երեխաների հիմնախնդիրը: Թեեւ բոլորն են հասկանում, որ դա հասարակության աղքատությանը ածանցյալ խնդիր է եւ նրա` եթե ոչ լուծումը, գոնե նվազեցումը տեղավորվում է աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի շրջանակում, պետությունը, միեւնույն է, չի կարող ձեռքերը ծալած նստել եւ տասնամյակով սպասել` կհաջողի՞ նվազեցնել աղքատությունը, դրա հետ էլ մուրացող երեխաների թիվը: Աղքատության պատճառով երեխաների փողոցում հայտնվելը նա պետք կանխի հենց այսօր, քանի դեռ երեխայի փողոցում մուրալը սովորական բան չի դարձել աչքի համար, քանի դեռ վաղվա հասարակության ավելի մեծ թվով անդամներ` այսօր մուրացիկ երեխաներ, չեն դարձել կրողը մուրացկանի հոգեբանության: Կառավարությունն, իհարկե, արդեն մշակել է երեխաների պաշտպանության ազգային ծրագիրը, եւ մուրացիկ, թափառաշրջիկ անչափահասների հիմնախնդիրն այստեղ ներկայացված է: Մասնավորապես` որպես այդ երեւույթի կանխարգելում` ամեն համայնքում առաջարկվում է ստեղծել կենտրոններ, որտեղ ներդաշնակ կաշխատեն ոստիկանը, սոցիալական աշխատողը, ԿԳՆ ներկայացուցիչը, հոգեբանը, թաղապետարանի անչափահասների հանձնաժողովի ներկայացուցիչը` ձեռքը դնելով ցավի արմատին: Դա դեռեւս առաջարկ է` ապագայի խնդիր, մինչդեռ առայժմ փաստն այն է, որ մուրացիկ, թափառաշրջիկ եւ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների հետ մենք աշխատում ենք առանց հայեցակարգի, անկատար օրենսդրությամբ, առանց մեթոդաբանություն եւ ուղիներ նշող կոնկրետ ծրագրի: Մի թռուցիկ հայացքն անգամ դաշտին` հայտնի է դարձնում շատ կառույցների ջանքերի փոշիացում` ընդհանրապես որեւէ համակարգման բացակայության պատճառով:

Պետական օղակներից առաջինն, ով աշխատում է մուրացիկ, թափառաշրջիկ երեխաների հետ, դա ոստիկանության քրեական հետախուզության վարչության անչափահասների բաժինն է, որի ղեկավար Նելլի Դուրյանի խոսքով` իրենք իրականացնում են բացահայտում, կանխարգելում, նախականխում, ծնողների հետ աշխատանք... Անչափահասների իրավունքների պաշտպանությունը եւս իրենց խնդիրն է:Վերջինը թող տարօրինակ չթվա, երբ եղած դեկլարատիվ բնույթի օրենքներում չկա մի կետ, որ ասի` երեխաների հետ գործելակերպում կոնկրետ ի՞նչն է կարելի, ինչը` ոչ, ի՞նչն է իրավունքի ոտնահարում, ինչը` հակառակը: Մուրալու համար երեխային ոստիկանության բաժին բերելը կամ ՀՕՖ-ի կողմնորոշիչ կենտրոն ուղարկելը երեխայի իրավունքների՞ց է բխում, թե՞ դրանց ոտնահարում է` նույնիսկ եթե դա անի ամենամարդասեր ոստիկանը` ամենաբարի նպատակներով: Եթե ոստիկանները երեխային հայտնաբերում են մուրալիս երկրորդ անգամ (առաջին անգամ զգուշացնում են ծնողին)` նրան պրոֆիլակտիկ հաշվառման են վերցնում բաժնում մեկ տարով, այդ ընթացքում որոշվում է երեխայի հետագա տեղավորման հարցը` ծնողի հետ խորհրդակցելով: Ն.Դուրյանը իրենց հիմնական խնդիրը համարեց երեխային ընտանիքից չկտրելը, տուն վերադարձնելը: Իսկ թե տեղերում ոստիկանները իրենց առաջ նման խնդիր դնու՞մ են, երբ կան մեկ անգամ, երկու անգամ եւ այդ տրամաբանությամբ քայլեր` Աստծուն է միայն հայտնի: Ամեն դեպքում` Ն.Դուրյանը լավագույնս տեղեկացված էր հիմնահարցի հետ կապված բոլոր կառավարական եւ ոչ կառավարական կառույցների աշխատանքներին, թարմ մոտեցումներին: Նա համոզված էր, որ ի սկզբանե, 1995-96 թվականներից պրոբլեմի դեմ մենակ մնացած ոստիկանությունը վերջին տարիուկեսում հաջողել է` նաեւ այլ կառույցների հետ համագործակցելով: Արդյունքը փողոցներում մուրացող երեխաների նվազ թիվն է:

Մեր կողմից դիտարկենք, որ հաջողել-չհաջողելը խնդրի դրվածքից է կախված. եթե մեր առջեւ խնդիր ենք դնում հասարակությանն ազատել մուրացիկ երեխաներից` այդտեղ հաջողելը հեշտ է` փողոցներից հավաքելով երեխաներին եւ խցկելով ինչ-որ հաստատություններ: Իսկ եթե արմատական մոտեցումներ լինեն` երեխաների խնդիրները կլուծվեն հասարակության խնդիրների հետ միատեղ եւ անցավ: Իհարկե, խնդիր դնողը եւ քաղաքականություն մշակողը ոստիկանությունը չէ: Սոցիալական ապահովության նախարարության ընտանիքի, կանանց եւ երեխաների հիմնահարցերի վարչության պետ Լալա Ղազարյանի ասելով` աշնանը մուրացիկ, թափառող—անօթեւան մնացած երեխաների վերաբերյալ հայեցակարգ եւ ծրագիր պետք է մշակվի, եւ արվելիք խոր ու համակողմանի վերլուծությունները միայն թույլ կտան թիվ անվանել եւ մոտեցումներ ձեւավորել: Իսկ փոխնախարար Կարինե Հակոբյանը հույս է կապում խնամքից դուրս մնացած երեխաների համար ցերակային կենտրոնների ստեղծման հետ, որոնք հնարավորություն կստեղծեն բեռնաթափելու մանկատները եւ երեխաներին չկտրելու իրենց ընտանիքներից: «2015 թվականին մենք մուրացիկ երեխա այլեւս չպետք է ունենանք»,- խիստ լավատես էր Կ.Հակոբյանը: Ըստ Ա.Եսայանի` Համաշխարհային բանկի շնորհիվ ստացված 961 հազար դոլար ճապոնական դրամաշնորհի շրջանակներում ստեղծվելիք երկու ցերակային կենտրոնները Գյումրիում եւ Երեւանում հնարավորություն կտան ծնողական խնամքից դուրս մնացած մուրացիկ, թափառաշրջիկ եւ առհասարակ ռիսկի խմբի երեխաների խնդիրները համակարգված, ինստիտուցիոնալ ձեւով լուծելու, օրենսդրությունն ու կոնվենցիաները փորձաքննելու: Խնամատար ընտանիքների գաղափարը նույնպես տնտղվում է այն երեխաների համար, ում ծնողները ոչ միայն ի վիճակի չեն, այլեւ պարզապես չեն ուզում հոգ տանել իրենց երեխաներին: Այդ երեխաները կհանձնվեն պրոֆեսիոնալ, վճարովի խնամատար ընտանիքներին, ինչի համար հարկավոր է ընտանիքի մասին օրենսգիրքը: Այն դեռեւս առաջին ընթերցում է անցել:

Իսկ թե ինչպես է առանց ոլորտի հայեցակարգ ունենալու, առանց հիմնախնդիրը խորությամբ վերլուծելու` խոսք գնում ցերեկային կենտրոնների մասին, մի փոքր անհասկանալի է: Շատ հասկանալի է գաղափարը` երեխաներին տարբեր հաստատություններում չփակել, չկտրել ընտանիքներից եւ ինտեգրել հասարակությանը, բայց առանց քայլ առ քայլ մշակված գործողությունների ծրագրի եւ ոլորտի ռազմավարության` փորձարկու՞մ ենք: Ֆինանսական սով ունեցող ոլորտում համարյա 1 մլն. դոլարի օգտագործման գուցե ա՞յլ նպատակահարմարություն կա, եւ այն գուցե պետք է որոշվեր Լ.Ղազարյանի ասած խոր վերլուծությունների արդյունքու՞մ: Ցերեկային կենտրոնների ստեղծման գաղափարն այժմ լայնորեն գովազդվում է: Այդ գաղափարի ջատագովներից մեկը` ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ծրագրի ղեկավար Ն.Ավետիսյանն, այնուամենայնիվ, մի հետաքրքիր դիտարկում էլ արեց. «Իսկ ո՞վ է ուսումնասիրել մեր գիշերօթիկների փորձը, որոնք վաղուց շատ դեպքերում վերածվել են ցերեկային կենտրոնների. միգուցե պետք չէ եղածը քանդել եւ նորն ստեղծել` անունը ցերեկային կենտրոն դնելով, այլ պետք է եղածի վրա կառուցել, որտեղ եւ կադրեր կան, եւ փորձ»: Ցերեկային կենտրոնների գաղափարն, ըստ որոշ փորձագետների, հաջողված կլինի, եթե այն իրականացնող անձնակազմը, ընտրված փորձագետներն ու հասարակական կազմակերպությունները պրոֆեսիոնալներ լինեն, աշխատած լինեն դաշտում: Այլապես ակնկալվող արդյունքը չի ստացվի, կփոշիանա հերթական դրամաշնորհը, եւ վերջում կարձանագրենք. «Ուզում էինք լավ բան, բայց ստացվեց ինչպես միշտ»: Այսպիսով` Հայաստանում փորձարկվել է սկսում ռիսկի ենթակա երեխաների խմբերի հետ աշխատանքի նոր մոդել: Եթե չհաջողի այս մոդելը, վտանգ է, որ Հայաստանում դեռ երկար շարունակվի գոյատեւել հին մոդելը` մանկատնայինը, որը սովետական-ռեզերվացիոն բնույթի է, չի համապատասխանում մարդու եւ երեխայի հիմնարար իրավունքների միջազգային նորմերին: Այնպես որ` սոցապ պատասխանատուները, ծրագրի համակարգող Կ.Հակոբյանը, շատ պիտի ջանան, որ. ա) նոր մոդելն աշխատի, բ) չկերվի հերթական դրամաշնորհը:

Փորձնական ծրագրի իրականացմանն է ուղերձ անում նաեւ Գյումրիի քաղաքապետարանի սոցիալական պաշտպանվածության հարցերի գլխավոր մասնագետ Թերեզա Գրիգորյանը. «Երկրաշարժից հետո Շիրակի տարածքում 1050 երկկողմանի եւ 6000 միակողմանի ծնողազուրկ երեխա գրանցվեց: 15 տարվա ճանապարհ անցանք` նրանց հոգսերը հոգալով, նրանց իրենց խնամատար ընտանիքներից չկտրելով: Նրանցից ոչ մեկը բանտում չէ, ոչ մեկը մանկատանը չէ, շատերը բարձրագույն կրթություն ստացան եւ լավ մասնագետներ դարձան: Ինչու՞ ոչ ոք չուսումնասիրեց մեր փորձը, թե ինչպես պահեցինք, մարդ դարձրինք այդ երեխեքին, որ առանց մեզ հարցնելու, մեր փորձն օգտագործելու` ցերեկային կենտրոն են փորձարկում»: Հիմա էլ Գյումրիում 350 երկկողմանի եւ 2500 միակողմանի ծնողազուրկ երեխա կա, իսկ մանկատներում միայն 90 երեխա են: 70 երեխա Թռչունյանների բարեգործական հիմնադրամն է պահում, 20-ի չափ` «Շիրակ» միության ցերեկային կենտրոնը: Հենց այս ցերեկային կենտրոնի փորձն է օգտագործում սոցապ նախարարությունն` այն օրինակելի համարելով:

Օրենսդրական բացեր

Պետական կառույցները, մուրացիկ, թափառաշրջիկ, ընդհանրապես` ռիսկի խմբի անչափահասների հետ աշխատելիս, բազմաթիվ օրենսդրական բացերի, նորմատիվ ակտերի պակասի են հանդիպում: Ընտանիքի մասին օրենսգիրքն առաջին ընթերցմամբ ընդունվել է, բայց դեռ գործողության մեջ չէ: Լ.Ղազարյանը հիմնախնդրի լուծման համար կարեւոր է համարում մարզպետարաններին եւ թաղապետարաններին կից հասարակական կարգով գործող անչափահասների հանձնաժողովների աշխատանքը, առանց որոնց համաձայնության որեւէ անչափահասի նկատմամբ` լինեն նրանք մուրացիկ, թափառաշրջիկ, թե կրթությունից դուրս մնացած, որեւէ գործողություն չի իրականացվում:Մինչդեռ այս հանձնաժողովները, օբյեկտիվ թե սուբյեկտիվ պատճառներով, իրենց բարձրության վրա չեն: Քննադատությունը բոլոր հանձնաժողովների հասցեին ընդունելով` դրան հակադարձեց համեմատաբար գործուն հանձնաժողովներից մեկի` Շենգավիթի թաղապետարանի այդ կառույցի քարտուղար Ռաֆայել Սիմոնյանը. այս հանձնաժողովները փաստորեն աշխատում են 1966թ. ընդունված, 77-ին վերամշակված կանոնադրությամբ, այլ խոսքով` կանոնադրություն չունեն, օրենքից դուրս են: Բարձր մարմինները տասը րոպե անգամ ժամանակ չեն գտնում` հատկացնելու նոր կանոնադրության քննարկմանն ու հաստատմանը: Որեւէ վերադաս մարմին, թեկուզ, ասենք, քաղաքապետարանի անչափահասների հանձնաժողովը չգիտե, թե ինչպես են աշխատում այս հանձնաժողովները: Ռ.Սիմոնյանը ինքն իր համար կանոնադրութուն է մշակել, տվել է թաղապետի կողմից վավերացման, եւ այդ կանոնադրությամբ էլ աշխատում է: Անչափահասների հանձնաժողովների մեծ մասում մասնագետներ չեն աշխատում: Այդ դեպքում հարց է ծագում, թե ինչպես են նման կասկածելի կարգավիճակում գտնվող օղակների որոշումներով կամ գրություններով թույլատրվում երեխայի կողմնորոշումն, ասենք, Վարդաշենի կամ Նուբարաշենի հաստատություններ: Բացի այդ` անչափասների հանձնաժողովները միշտ պրոբլեմներ են ունենում իրավապահ մարմինների` դատախազության, ոստիկանության հետ: Օրինակ, ոստիկանությունը տեղեկատվություն չի ուղարկում անչափահասների հանցագործությունների մակարդակի մասին, առանց որի տարածքում հնարավոր չէ միջոցառումներ ձեռնարկել հանցագործությունների դեմ մղվող պայքարում: Ռ.Սիմոնյանը քար նետեց ոստկանության բոստանը` թե անչափահասների բաժիններում նշանակվում են մինչ այդ ուրիշ օղակներում իրենց չարդարացրած կամ պարզապես երեխաների հետ աշխատանքի ցանկություն ու փորձ չունեցող անձանց, նրանցից շատերը միչեւ վերջ էլ չեն տիրապետում աշխատանքին: Շենգավիթում, օրինակ, ոստիկանության անչափահասների գործերով բաժանմունքը 3 տարի է` պետ չի ունեցել: Մի պարադոքսալ փաստ եւս շատ էր զարմացրել Ռ.Սիմոնյանին: Ամուսնության եւ ընտանիքի օրենսգրքի նախագծի քննարկմանն արժանացել են անգամ նոտարները, բայց ոչ թաղապետարանների խնամակալության եւ հոգաբարձության մարմինները, ում վերաբերում է օրենսգրքի 70-80 տոկոսը: Սոցապ նախարարությունում այսօր աշխատում են անչափահասների աշխատանքային օրենսդրության վրա, որովհետեւ Հայաստանում այդ բացը կա. երբ անչափահասն ուզում է օգնել ընտանիքին` մուրալու այլընտրանքն աշխատելն է` որոշակի տարիքում եւ որոշակի կանոններով, ինչը մեր օրենսդրության ոչ մի դրույթով չի կարգավորվում: Միաժամանակ ապահովվելու է նաեվ երեխայի կրթության եւ այլ իրավունքներ: Որդեգրման եւ խնամակալության օրենքն է վերանայվում` խնամատար ընտանիքի ինստիտուտը ներդնելու համար այն դեպքերում, երբ ռիսկի խմբի ընտանիքներում երեխային վտանգ է սպառնում : Իսկ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ծրագրի ղեկավար Ն.Ավետիսյանը, ոստիկանության անչափահասների որոշ բաժիններից անբավականությանը զուգահեռ, գտնում է, որ անչափահասների շատ բաժիններ էլ, անկախ օրենքների բացերից` այժմ բոլորովին նոր մոտեցումներ են որդեգրել. ոչ թե անչափահասին անմիջապես ուղարկում են կողմնորոշիչ կենտրոն, այլ աշխատում են հետը, տվյալ տարածքի դպրոցին պարտադրում են երեխային թույլատրել ուսումը շարունակել, նույնիսկ դեպքեր կան, երբ հարմար աշխատանք են գտնում նրանց համար:

Երեխայի իրավունքների մասին օրենքն ընդունել ենք ժամանակին, վավերացրել ենք երեխայի իրավունքների կոնվենցիան, բայց այլ օրենսդրական բացերի, ինչու չէ` մեր ազգային առանձնահատկությունների հետ լիովին չինտեգրվելու պատճառով դրանց շատ դրույթներ Հայաստանում չեն աշխատել: Մենք շարունակում ենք երեխային նայել որպես ընտանիքի եւ պետության սեփականության` հաճախ մոռանալով հաշվի նստել նրա իրավունքների եւ ցանկությունների հետ: Երբ պետության սոցիալական քաղաքականությունը գործնականում ավելի ուղղորդված լինի դեպի աղքատ շերտերը, պետության ռազմավարության մեջ կարեւոր տեղ գրավի ընտանիքի հզորացումը, պետական ծառայությունների եւ օղակների անջատ-անջատ ջանքերը չփոշիանան եւ համակարգվեն` այդ ժամանակ մեր փողոցները ոչ թե արհեստականորեն, պատժիչ մեթոդներով դատարկված կլինեն մուրացող երեխաներից, այլ հիմնախնդիրն արմատապես մեղմացած կլինի:

Բայց առայժմ հողմաղացների դեմ ենք կռվում,գոնե առկա հնարավորությունները ճիշտ օգտագործենք: Ասենք,որ համակարգման բացակայության մասին խոսում էին եւ պետական տարբեր կառույցներում, եւ հասարակական ու միջազգային կառույցներում: Այսինքն` բոլորը հասկանում են, որ եղած ֆինանսական, ծրագրային, մտավոր ներուժի անկանոն օգտագործման եւ չուղղորդման արդյունքում կիսով չափ ընկնում է ջանքերի ընդհանուր ՕԳԳ-ն: Բայց ոչ ոք չգիտի` ով, ինչպես, ինչ մեթոդաբանությամբ համակարգի, որ որեւէ մեկի ամբիցիաները չտուժեն, անկախ կառույցների գործերին խառնվելու նախադեպ չլինի, այսու` բաժանված, բայց բոլորը մեկ նպատակ հետապնդող գործ անեն: Հնարավո՞ր է:

Մինչդեռ հայտնի բան է` Հայաստանում միջգերատեսչական համագործակցության մշակույթ չկա, նույնիսկ նույն նախարարության ներսում մի վարչությունը չգիտե, թե ինչով է զբաղվում մյուսը: Մուրացիկ երեխաների մեջ դեռեւս պատահում են այնպիսիք, որոնք ծննդյան վկայական չունեն: Նրանց ծնողներին եթե հարցնես` մեջտեղ են բերում դրամական խնդիրները: Այդ վիճակն արդյունքն է այն բանի, որ Հայաստանում երեխայի գրանցման կարգը, փորձագետների կարծիքով, լիովին խախտում է երեխայի գրանցման իրավունքը, երբ ծնողին պահանջ է ներկայացվում գումար մուծել գրանցման համար, կամ էլ` երբ ծնողի նոր անձնագիր ունենալու դեպքում է միայն ծնունդը գրանցվում: Սրանք արդեն երեխայի իրավունքի ոտնահարում են են, որովհետեւ պետությունը պարտավոր է ցանկացած ծնված երեխայի անվճար գրանցել եւ հետագայում անվճար անձնագիր տալ: Սա նաեւ վիճակագրական խնդիր է պետության համար, եւ այստեղ շատ մեծ օրենսդրական բաց կա:

3.Հասարակական կառույցների աշխատանքը փողոցի երեխաների հետ

 

Հիմնախնդրով զբաղվող ՀԿ-ներն էլ նախ իրենց նկատառումներն են ուղղում սոցապ նախարարությանը, պետական մյուս կառույցներին: Ասենք, որ բազմաթիվ ՀԿ-ներ կան, որոնք դիպվածային ձեւով երբեմն օգնում են այս կամ այն առանձին ընտանիքին, առանձին երեխային: Կան այնպիսի ՀԿ-ներ նաեւ, որոնք հենց այսպիսի ուղղվածություն ունեն` աշխատել ռիսկի խմբի երեխաների հետ: Հայ օգնության ֆոնդը ներկայացման կարիք չունի, ոչ էլ երեք տարի առաջ նրանց հանձնված երեխաների ընդունման եւ կողմնորոշման կենտրոնը, ինչից հետո այդ կենտրոնը ոստիկանական կառույցից վերածվեց մի եվրոպական բարվոք հաստատության: Այստեղ ոստիկանության կողմից ուղարկված երեխաները վերականգնողական շրջան են անցնում 1-2 ամիս, ապա` վերակողմնորոշվում կամ որեւէ հաստատություն, կամ էլ վերադառնում ընտանիք: 2000 թվականից մինչեւ հիմա 683 երեխա է այստեղ եղել: Այդ թվի 80 տոկոսը ոստիկանությունն է ուղարկել, 20 տոկոսը` անչափահասների համայնքային կառույցները, սոցապ եւ ԿԳ նախարարությունները: Մի հետաքրքիր դիտարկում արեց ՀՕՖ-ի կենտրոնի ծրագրի համակարգող Կարեն Հարությունյանը. առաջ եթե այստեղ ուղարկելու գլխավոր պատճառ էր մուրացիկությունը, այժմ գնալով մեծ թիվ է կազմում պրոբլեմներով ընտանիքներից բռնության եւ այլ պատճառներով փախուստների դիմած եւ փողոցում հայտնված կամ էլ ուղղակի աղքատությունից հուսահատ ծնողների կողմից բերված երեխաները: Այստեղից դեպի այլ վայրեր կողմնորոշվելու թվերը մտածելու տեղիք են տալիս. 35 տոկոսը գնում է տարբեր տիպի հաստատություններ, մնացած տոկոսի առավելագույն մասը` գիշերօթիկներ եւ մանկատներ: Որպես մասնագետի` Կ. Հարությունյանի մի քանի տեսակետ արժեքավոր էին: Նա գտնում է, որ այն երկրներոմ (եւ Հայաստանում նույնպես) , որտեղ մուրացիկ, թափառող երեխաների հարցում գլխավոր ջանքերը ներդրվել են ոստիկանության կողմից, այնտեղ սոցիալական , կրթական, առողջապահական ծառայությունների կողմից ոչ լրիվ լրացված բացեր միշտ մնացել են` առիթ դառնալով երեխաների պաշտպանության տեսակետից նախաձեռնության պակասի: Ոստիկանությունը չունի եւ չի կարող ունենալ սոցիալական, առողջապահական, հոգեբանական ծառայություններ, ընտանիքի ամրության պահպանման միջոցներ: ՀՕՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Գրիգոր Թաթուլյանն առհասարակ հարցը կապում է երկրի ներսում բոլոր հնարավորությունները ստուգելու եւ ի մի բերելու հետ: Նա չի ընդունում,երբ որեւէ կազմակերպություն, ասենք, 20 հազար դրամ օգնություն է բաժանում: Դա հարցի լուծում չի կարող լինել, եթե չասենք հակառակը: Այն բոլոր կազմակերպություններն ու անհատները, որոնք փորձում են օգնել այդ երեխաներին, պետք է մի կառույցի ասեն իրենց հնարավորությունները. թե որքա՞ն երեխայի հետ տեւաբար կարող են զբաղվել` միասնական ծրագրի որեւէ կետ իրականացնելով, կրկնությունները բացառելով: Բոլոր առաջարկներն ընդունելուց հետո միայն հնարավոր կլինի ծրագիր կազմել: ՀՕՖ-ի կողմնորոշիչ կենտրոնն այստեղ բերված երեխաների համար փաստորեն ճակատագրական տեղ է, որտեղ որոշվում է նրանց հետագա կյանքը. մեր օրենսդրության բացերի, զանազան խանգարիչ հանգամանքների շնորհիվ այդ պահին կարեւորվում է ոչ թե օրենքի այս կամ այն դրույթը, այլ վճռող է դառնում մարդկային գործոնը: Մեր տեսածով այստեղ մարդիկ աշխատում են ամեն ինչ անել, որ երեխան լավ զգա, ճիշտ որոշվի նրա ճակատագիրը, մինչդեռ արմատական փոփոխությունների ենթարկվող փոքրիկ հոգին կարո՞ղ է լավ զգալ, չգիտենք: Այստեղ մտնող երեխաները, ինչ բնորոշումներով էլ գան` երեխաներ են պարզապես, եւ շատ լավ հարմարություններով, լավ սնունդով, շատ ջանացող դաստիարակներով, բայց եւ երեխայի համար դեպի դուրս փակ հաստատությունը կարող է ճզմել փոքրիկ հոգին, որը մինչ այդ եղել է չքավորության եւ անհարմարությունների մեջ: «Բժիշկներ առանց սահմանի» ֆրանսիական կազմակերպությունն արդեն հինգ տարի Հայաստանում աշխատում է նաեւ մարգինալ խմբի երեխաների հետ: Նրա հայաստանյան ներկայացուցիչ Սամուել Անրիոնի գլխավոր դիտարկումն այս էր. «Ցավալի է նշել, բայց այս պահին Հայաստանում միակ բանը, որ առաջարկվում է դժվար իրավիճակներում գտնվող երեխաներին եւ նրանց ծնողներին` դա երեխային որեւէ հատուկ հաստատությունում տեղավորելն է: Չկան այնպիսի կառույցներ, որ մոտակայքում գտնվեն եւ երաշխավորեն երեխայի ընտանիքում մնալը, մի փոքր օգնեն ընտանիքին, որ ընտանիքը պահպանվի»: Ըստ նրա` նշյալ հաստատությունների մեծ մասը վատ վիճակում են եւ չեն կարող երեխայի համար պատշաճ պայմաններ ապահովել կրթվելու, սնվելու, եւ ընտանիքից չկտրվելու համար: Անրիոնն այդ հաստատությունների մեծ մասը, այդ թվում` Վարդաշենի եւ Նուբարաշենի հաստատություները, բաց չի համարում: Այս պահին գործող հաստատությունները ,նրա կարծիքով, թանկ չեն նստում պետության վրա, որովհետեւ դրանք ոչ նորոգվում են, ոչ էլ նվազագույն պայմաններ ստեղծում. «Անչափահասների հանձնաժողովները պետք է դադարեցնեն իրենց մոտեցումը` առանց տարբերության շատերին տեղավորել-փակել այդ հաստատություններում»: Փակ հաստատությունների երեխաների շփումը հասարակության հետ Անրիոնը բարի կամեցողության եւ ոչ թե ֆինանսական խնդիր է համարում: Իսկ մուրացիկ երեխաները ոչ թե իրենք են վտանգ ներկայացնում, որ հավաքենք ու հեռացնենք հասարակությունից, այլ իրենք են վտանգի մեջ, եւ նրանց վրա «աբլավ» կատարել չի կարելի: ԲԱՍ-ը մշտապես մուրացող 100 երեխայի հետ է աշխատել. նրա կարծիքով Հայաստանում մուրացիկ երեխաները տարբերվում են ուրիշ երկրներում իրենց տեսածներից, նրանք հանցավոր խմբեր չեն կազմում, այլ հոգում են իրենց ընտանիքների կարիքները:Իսկ որ երբեմն ծնողների հետ են մուրում` դա նույնիսկ մեկ դրական բան ունի իր մեջ` երեխաները հեռու կլինեն վատ շրջապատ ընկնելուց: ԲԱՍ-ի երկու ծրագրերից մեկը` «Կանխարգելումը» մուրացիկ երեխաների հետ աշխատանքի ոլորտում առաջարկում է այլընտրանք, այն է` հաստատություններում փակելու փոխարեն` աշխատել երեխաների եւ նրանց ընտանիքների հետ: ԲԱՍ-ի ծրագրերում ընդգրկված երեխաների 70 տոկոսի վիճակը բարելավվել է, եւ մայն 15 տոկոսն է շարունակում մուրալ: Ծրագրում ընդգրկված երեխաների 20 տոկոսը գրանցում չունեն, եւ կազմակերպությունը փորձում է լուծել այդ խնդիրը, երբեմն վճարում է կոմունալ ծախսերը կամ բնակարանի վարձը, աշխատանք է որոնում ծնողների համար, առողջապահական, հոգեբանական եւ կրթական խնդիրներ է լուծում: Անրիոնի ասելով` Վարդաշենի կրթահամալիրում տեղավորված 93 երեխաների մեծ մասը այնտեղ է սոցիալական պատճառներով, միայն 5-6 երեխա է օրինախախտ. մուրացիկ երեխան սովորական երեխա է, եւ չարժե նրան փակել հաստատությունում: Այդ են վկայում բազմաթիվ փախուստները անցած տարվա ընթաքում Վարդաշենի կրթահամալիրից նույնիսկ այն դեպքում, երբ վերջին տարիուկեսի ընթացքում (նաեւ ԲԱՍ-ի աջակցությամբ), այստեղ մոտեցումները փոխվել են, երեխաները կարող են այցելել տուն, կամ նրանց ծնողները կարող են այցելել կրթահամալիր: «Ինը տարեկան ծնողազուրկ երեխան, որի միակ մեղքն աղքատությունն է, արդյո՞ք վտանգ է հասարակության համար»,- հռետորական

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter