
Ջավախք․ թե ինչպես Լևոն Խեչոյանին ուղարկեցին եղանը սրելու
Քրիստինե Աղալարյան
«Եղանը տար սրի բեր»: Ջավախքի Բարալեթ գյուղում այս արտահայտությունը գրող-արձակագիր Լևոն Խեչոյանից է մնացել: Եղանն իրականում չեն սրում, բայց կոլտնտեսական աշխատանքներից խուսափող Լևոնին մեկ անգամ կատակով ասել են՝ տար եղանը սրի բեր, նա էլ շալակել ու գնացել է սրելու ու հետ չի վերադարձել երկար ժամանակ: Հիմա գյուղում աշխատանքից «գլուխ պահողներին» ասում են՝ «Լյովայի նման եղանը տար սրելու»:
Գրող Լևոն Խեչոյանի տան տեղը Ջավախքի Բարալեթ գյուղի մեզ հանդիպած բնակիչները գիտեին: Ցույց են տալիս եկեղեցին ու ուղղորդում մի փոքր ձախ գնալ: «Հարցրեք Ջամալենց տունը, ցույց կտան»,- հուշում են գյուղացիները: Տունը, որտեղ Լևոն Խեչոյանն իր մանկությունն ու պատանեկությունն է անցկացրել, այժմ Ջամալ Մկրտչյանի ընտնիքին է պատկանում: Երբ Լևոն Խեչոյանի հայրն աշխատանքի է անցել Հրազդանի ցեմենտի գործարանում, ընտանիքը տեղափոխվել է Հայաստան 1970-ականների սկզբներին:
Խեչոյանների տունը չնչին փոփոխությունների է ենթարկվել այս տարիներին. դիմացի պատը նախկինում ապակեպատ էր, տեղացիների բարբառով՝ «շիշըբընդ» էր ծառայում: Նոր տերերը սվաղ են արել, մի քիչ էլ վերանորոգել են: Սակայն հիմնական կառույցը նույնն է մնացել:
«Ես բանմա չիդեմ, ես հարս եմ եկել, մենակ գիտեմ, օր Վանիենցեն են առել տունը»,- ասում է այժմյան տանտիրուհին՝ տիկին Խանումը: Վանին կամ նույն Վանիկը Լևոն Խեչոյանի հայրն է եղել: Տիկին Խանումը շտապում է գարու հետ տանող աշխատանքը թողնել և օգնության կանչել հարևաններից մեկին:
«Խեչոյանի հորական տատն ու իմ հորական տատը հորեղբոր աղջիկներ են,- պատմում է Վանուհի Մակարյանը և ցույց տալիս Խեչոյանների տունը,- երեք սենյակ է եղել, դիմացը երկար ճըմըքըրով շիշըբընդ էր, տակն էլ պադվալն էր իրենց»:
«Ընդհանրապես պիտի ձևափոխենք տունը, ուղղակի երեք տարի է՝ ամուսինս խոպան է գնում, հիմա պիտի անենք»,- շարունակում է տիկին Խանումը:
![]() |
![]() |
Երկու սենյակ մի միջանցք էր: Ձախում՝ ծնողներն են քնել: |
Աջ սենյակում Լևոնն ու քույրն են քնել: |
Տիկին Խանումը հետաքրքրվում է, թե ինչ նպատակներով ենք իրենց այցելել: Տիկին Վանուհին էլ, առաջ ընկնելով, կատակում է. «Կարող է տունը ձեզնից վերցնեն, թանգարան սարքեն»:
«Է թող սարքեն, կսես թե պալատներ են, օր մտածեմ»,- պատասխանում է տիկին Խանումը ու շարունակում ցույց տալ տալ սենյակները:
«Խեղճ Վերուշը (Լևոն Խեչոյանի մայրը-հեղ.) չարչրվի Լևոնին բերե, վեվ նկարվի»,- նորից կատակում է տիկին Վանուհին՝ տեսնելով, որ լուսանկարում ենք տիկին Խանումին:
Նախադպրոցական և դպրոցական տարիներին Լ. Խեչոյանին հիշում են որպես աշխույժ ու չարաճճի տղայի: Նրա մասին մանկության ընկեր, բարալեթցի Վալեր Չթչյանը պատմում է, որ աչքի չի ընկել գերազանց առաջադիմությամբ, բայց և վատ էլ չի սովորել: «Ասեմ՝ կռվարար, բայց կռվարար չէր, շատ աշխույժ տղա էր: Գյուղում ինչ լինում էր, ինքը մեջտեղն էր»,- հիշում է Վալերը:
Իր ընկերների հետ բոստաններից արևածաղիկ է գողացել: Միտոյենց աղավնիներն է թռցրել «էրթիքից»: Լևոնի հայրը միշտ դժգոհել է, որ օր չի լինում, որ մեկը չգա ու որդուց չբողոքի:
«Մի անգամ ինձ համոզեց գնալ թուղթ խաղալու: Ահագին էլ կրել էինք: Նախագահը տեսել ու բռնել էր մեզ: Եկանք տուն, իրիկունը հայրն եկավ, թե՝ Լյովան ուր է: Ասի՝ Լյովան տուն գնաց: Ծեծելու էր: Լյովան էլ մտել էր իրենց տան շորերի պահարանի հետևը: Մի քիչ առաջ էր քաշել ու միշտ դրա հետևն էր թաքնվում նման դեպքերում: Այնքան էր մնացել, որ ծնողները քնեն, նոր դուրս էր եկել»,- պատմում է Վալերը:
Գյուղի դպրոցն ավարտելուց և բանակում ծառայությունից հետո Լևոն Խեչոյանը վերադարձել ու անցել է աշխատանքի Երևանում, զուգահեռ սկսել է հայոց լեզու պարապել: Բարալեթ գյուղում կրթությունը առաջնային է: Վալերն ասում է, որ իրենց 24-հոգանոց դասարանից 18-ը բարձրագույն ուսումնական հաստատություն է ընդունվել: Այդ տարիներին գյուղից 100-ից ավելի ուսանող կար, Լևոնն էլ թասիբով մարդ է եղել, որոշել է սովորել ու սկսել է պարապել:
Լևոն Խեչոյանն ու Վալեր Չթչյանը, բացի մտերիմ լինելուց, 3,5 տարի էլ միասին վարձով են ապրել Երևանում: Այդ տարիներին արդեն Վալեր Չիթչյանն ուսանող էր, իսկ Լևոն Խեչոյանն աշխատում էր, զուգահեռ պատրաստվում ընդունելության քննությունների:
«Ես այդ տարիներին շատ տարօրինակ բաներ տեսա: Հանկարծակի փոխվեց Լևոնը: Ամբողջությամբ փոխվեց: Կամաց-կամաց ասում էր՝ գնանք ցուցահանդես, բայց ինքը նախկինում չէր սիրում նման տեղեր: Գնում էինք ցուցահանդես: Նկարների մեջ էնպիսի բաներ էր տեսնում, որ ես էլ չէի տեսնում,- պատմում է Վալեր Չթչյանը: -Հայոց լեզու էր պարապում, հոլովներ, ուղղագրություն և այլն: Սենյակի պատերին խփել էր ամբողջը: Մեկ էլ քնած ժամանակ, գիշերվա ժամը 3-ին արթնանում էր, լույսը միացնում պատին էր նայում ու նորից քնում: Իմ իմացած Լյովան լրիվ ուրիշ էր դառնում»:
Ընկերը հիշում է, որ Լևոն Խեչոյանն աղջիկներ խոսեցնելու հակում ու հաջողություններ է ունեցել: «Մի բաքվեցի հայ աղջիկ կար, Լաուրա էր անունը: Եկել էին հարսանիք: Էդ աղջկան սիրահարվել էր եսիմ ինչ ձևի: Էն ժամանակ էլ հիմիկվա նման կապ-մապ չկար: Մի օր աշխատավարձը ստացել էր, թե՝ գնում եմ Բաքու, 1974 թիվն էր: Լյով ջան, դու Բաքու ինչ գործ ունես, դու պարապում ես: Մի քանի օրից Բաքվից զանգեց, թե՝ փողերս ծախսել եմ, ոնց անեմ, որ Երևան գամ: Ես ի՞նչ անեմ, ո՞նց Բաքու փող ուղարկեմ: Մի ծովային ժամացույց ուներ, հրամանատարն էր նվիրել, սրբի պես պահում էր, այդ ժամացույցը տվել էր, որ գնացքի տոմս առներ ու հետ գար»,- հիշում է ընկերը:
1980 թվականին Վալերն ու Լևոնը մեկնել են Մոսկվա՝ օլիմպիադան նայելու, իսկ այնտեղից՝ Լենինգրադ: Լենինգրադի հայկական ռեստորանում հերթ է եղել, վերջապես իրենց էլ է սեղան հասել: Սակայն տեղ չլինելու պատճառով աշխատողները խնդրել են ևս երկուսին տեղավորել 4-հոգանոց իրենց սեղանին: Երկու ռուս աղջիկ են նստել կողքերը։ Սկսել են միասին ճաշել: Հայկական երաժշտություն է հնչել։
«Լյովան հրավիրեց պարելու, բայց ելնելն ու նստելը մեկ եղավ: Էդ աղջիկը վառատնիկը դարձրել է՝ ԽՍՀՄ պատգամավորի նշանն է եղել: Լևոնն այդուհետ միանգամից համավորցավ»,- հիշում է Վալեր Չթչյանը:
1983 թվականին Լևոն Խեչոյանն ավարտել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ 1988 թվականից նրա ստեղծագործությունները սկսել են տպագրվել հանրապետական մամուլում։
«Գարուն» ամսագրում Լևոն Խեչոյանի հրապարակած «Խնկի ծառեր»-ում գյուղացիներից ոմանք գտել էին իրենց: Լևոնն այն ժամանակ իր համագյուղացիներին նույն անուններով էլ ներկայացրել էր իր պատմվածքներում: Նույնիսկ հարազատ հորեղբայրն էր մի պահ նեղացել նրանից:
«Իր հարազատ հորեղբայր Համլետը «Գարուն» ամսագիրը կարդացել էր, Լյովաս ներս էր մտել, Համլետն ասել էր՝ դուրս կորի: Իր ուսուցիչն էր նաև քիմիայի: Մի անգամ, որ Երևան էի գնացել, ասաց՝ արի միասին գնանք հորողբորս տուն, գուցե էլ ինձ բան չասի: Ես էլ հորեղբորն ասի՝ այ մարդ, գրել գրել է, ձեր ազգին հերոսացրել է, որ իբր սիրուն վրացի կնգա հետ կապված է եղել, հիմա ինչ անենք: Վերջը համոզեցինք հորեղբորը»,- պատմում է Վալերը:
Արխիվային լուսանկարները տրամադրել է Վալեր Չթչյանը:
Մեկնաբանել