HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վ. Չախալյանի և Ջավախի հիմնահարցերը նույնացել են

Այսօր «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը և «Արաքս-Կուր» հիմնադրամը կազմակերպել էր հավաք-քննարկում նվիրված ջավախքաբնակ ազգային գործիչ, քաղբանտարկյալ Վահագն Չախալյանին և Ջավախքի հիմնախնդիրներին, որը տեղի ունեցավ Հայաստանի Երաժշտական ընկերության դահլիճում:

Ցերեկույթը վարող կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը իր ներածական խոսքում ներկաներին հիշեցրեց Վահագն Չախալյանի գործի մանրամասները, ապա բեմ հրավիրեց Վահագն Չախալյանի պապին` Ռազմիկ Սմբատյանին, որն ներկայացրեց Վահագն Չախալյանի ձերբակալության ժամանակ վրացական ներկա իշխանությունների կողմից իրականացված ապօրինությունները, ներառյալ զենքերի տեղադրումը բնակարանում:

Պատմաբան Գևորգ Յազիճյանն իր խոսքում ընդգծեց Հայաստան և Հայաստանի Հանրապետություն տերմինների տարբերությունը, և նրանց նույնացնելու անտրամաբանականությունը գործող սահմանադրության մեջ: Չորս հազար քառակուսի կիլոմետր տարածքի վրա սփռված Ջավախքը մնում է մեր հայրենիքի հայախոս և հայաշունչ բացառիկ հատվածներից մեկը, որի կարևորությունը անհնար է թերագնահատել ամեն մի հայրենասեր հայի կողմից:

Նա նշեց, որ Վահագն Չախալյանի և առհասարակ ջավախքահայության իրավունքների պաշտպանության գործը «գլխացավանք» է դարձել ՀՀ «իշխանությունների» համար: Նրանց համար ջավախքահայությունը դիտվում է ընդամենը որպես շահավետ գործարքների առարկա` անտեսելով տեղի բնակչության մարդկային և ազգային արժանապատվության հարցերը:

ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Վահագն Չախալյանի բանտարկությունը դիտարկեց ավելի լայն կոնտեքստում, որպես Վրաստանի կողմից մարդու և ազգային փոքրամասնությունների իրավունքների հերթական կոպիտ խախտում: Նա նշեց Վրաստանի` որպես Եվրոպայի խորհրդի անդամ երկրի կողմից  եվրոպական նորմերի անտեսման մասին, որն ի թիվս այլոց արտահայտվում է նաև Եվրոպայում փոքրամասնությունների շրջանակային կոնվենցիայի, ինչպես նաև լեզուների խարտիայի չստորագրման փաստերով: Ըստ Զարուհի Փոստանջյանի` ՀՀ իշխանությունների ուղղակի պարտավորությունն է այս հարցը մշտապես պահել Եվրոպայի խորհրդի համապատատասխան օղակների ուշադրության կենտրոնում:

Գրող Լևոն Խեչոյանը Հայաստանի գրողների միության անդամ Վահագն Չախալյանի դեպքը համեմատեց  «բաց վերքի» հետ: Եվ ինչպես ամեն մարմին իր ուժը մղում է «բաց վերքի ապաքինմանը». այնպես և ողջ հայ ժողովուրդը, լինի դա Ջավախքում, Հայաստանի Հանրապետությունում. Արցախում թե Սփյուռքում, պարտավոր է ամեն ինչ անել` հասնելու  Վահագն Չախալյանի բանտից ազատմանը:

Նա հատկապես կարևորեց Սերժ Սարգսյանի Վրաստան կատարելիք այցից առաջ Հայաստանի գրողների միության անդամների կողմից Վահագն Չախալյանի, որպես այլախոհ գրողի` բանտից ազատման համար իրականացվելիք ստորագրահավաքի կազմակերպումը և Լոնդոնի Պեն ակումբին, իսկ հետո նաև Եվրոպայի խորհրդի համապատասխան մարմիններին դիմումները:

Ըստ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ալեք Ենիգոմշյանի` Վահագն Չախալյանի և Ջավախի հիմնահարցը այսօր նույնացել են: Վահագն Չախալյանը դարձել է Ջավախքի խորհրդանիշ: Ալեք Ենիգոմշյանը թվարկեց այն սկզբունքները, որոնք բնորոշում են Ջավախքի հարցում վերոհիշյալ շարժման որդեգրած քաղաքական կեցվածքի սկզբունքները:

Դրանք են մի կողմից Ջավախքի`որպես հայ ժողովրդի բնօրրան-հայրենիքի կամ որ նույնն է` Հայկական բարձրավանդակի մաս լինելու հանգամանքը, և մյուս կողմից  Ջավախքի` Հայաստանի և հայ ժողովրդի անվտանգության համար ունեցած անփոխարինելի նշանակությունը` պայմանավորված Ջավախքի` թուրքական տարրով շրջապատված Հայաստանի համար միակ ժողովրդագրական դարպաս լինելու հանգամանքով:

Ու չնայած այսօր օրակարգում չկա ՀՀ-ին Ջավախքի վերամիավորման հարց, սակայն կա  մի կարմիր գիծ, որին պետք է ուշի ուշով հետևել: Դա Ջավախքում տեղի հայ բնակչության` որպես հայ ապրելու իր բնական իրավունքների երաշխավորումն է: Վրացական ներկա իշխանությունները պարբերաբար ոտնձգություններ են կատարում այս կարմիր գծից անդին, լինի դա լեզվի, եկեղեցիների խնդիրը, իսկ վերջերս նաև դպրոցների տնօրենների և ուսուցիրների իրավունքների ոտնահարումը:

Ընդ որում` այս ոտնահարումներին մասնակցում  են նաև  հայանուն մարդիկ: Իսկ ամենաքսմտելի օրինակը հենց Վահագն Չախալյանի «սարքված» գործն է, որին մասնակցեցին նաև Հայաստանի Հանրապետության «իշխանությունները»` իրականացնելով Վահագն Չախալյանի ձերբակալությունը ՀՀ-ում, իսկ հետո հանձնելով հայրենասեր երիտասարդին վրացական իշխանություններին: 

Վրացական իշխանությունները պետք է լավ գիտակցեն, որ փորում են իրենց գերեզմանը` թույլ տալով թուրքական տարրի բնակեցումը Ջավախքի տարածքում: Եվ եթե դրացի վրացին չի գիտակցում իր երկարամյա շահերը, ապա հայ ժողովրդի թշնամիները պետք է լավ գիտակցեն, որ նա երբեք թույլ չի տա, որ Ջավախքը Նախիջևան դառնա, և որքան շատանան Ջավախքը Նախիջևան դարձնելու փորձերը, այնքան կմեծանան Ջավախքի Արցախանալու շանսերը…

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի համակարգող Ժիրայր Սեֆիլյանը նշեց, որ մարտում պարտվել չի նշանակում պարտվել պատերազմում, եթե արվում են համապատասխան հետևություններ: Ջավախքում ազգային արժանապատվության համար մղված` Վահագն Չախալյանի կողմից գլխավորած ճակատամարտի պարտությունը պայմանավորված էր ամուր թիկունքի, այն է` Հայաստանում պետականության բացակայությամբ: Սա նշանակում է, որ միայն թիկունքում հարցերի լուծումով կարելի է հասնել Ջավախքի հայության հարցերի համակողմանի լուծմանը:

Նա բեմ հրավիրեց Երևանի տարբեր բուհերում սովորող երիտասարդների, որոնք իրենց ելույթներով պարտավորվեցին ստեղծել երիտասարդական նախաձեռնություն` ի պաշտպանություն Վահագն Չախալյանի:

Հավաքին ներկա էին գեներալ Արկադի Տեր-Թադրոսյանը, երգիչ-երգահան Ռուբեն Հախվերդյանը, սիրված դերասան-ռեժիսոր Երվանդ Մանարյանը և այլ հեղինակություններ:

Միջոցառումը սկսվել էր Արսեն Համբարյանի կատարմամբ աշուղ Ջիվանու «Ձախորդ օրերը» երգի մատուցումով, իսկ ավարտվեց Գարեգին Նժդեհին նվիրված նրա հեղինակած երգով։ Այս մասին հայտնում է «Սարդարապատ» շարժումը:

Մեկնաբանություններ (2)

Sylva
Вагн баг чер кара анер вороветев нра кине враци э иск Мнацаканян Наире амен инч кара и окут джавхкин стрцек пайманер тор баргаваджи Джавхке
arman
qnnarkeluc heto, anmijapes petq e ancnel gorci, inchqan kareli e qnnarkel u lreeeeeeeeeeeeeeeeeeeel??????????? h@?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter