HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայրենադարձություն. երազանքի ներսն ու դուրսը

1946-49 թվականների Մեծ Հայրենադարձությունը 20-րդ դարում հայերի համար ամենաճակատագրական երեք իրադարձություններից մեկն է։ Հանիրավի անտեսված այս դրվագը՝ հուզական իր լիցքով եւ պատմական բովանդակությամբ, պակաս կարեւոր չէ, քան Հայոց Ցեղասպանությունը կամ Հանրապետության ստեղծումը։

1920-ից հետո եղել են հայրենադարձության տարբեր հոսքեր։ 1921-36 թվականներին, օրինակ՝ Հայաստանում մշտական բնակություն է հաստատել շուրջ 40 հազար հայ։ 60-ականներին՝ նույնքան։ Բայց 1946-49-ի հայրենադարձությունը մեծ է եւ առանձնահատուկ ոչ թե նրանով, որ ընդամենը չորս տարում ներգաղթողների քանակը եղել է 95 հազար, այլ որովհետեւ նրանց Հայաստան գալուն նախորդել է անասելի մեծ խանդավառություն՝ անշուշտ հիմնված Հայաստանի մասին որոշակի պատկերացումների վրա։

Այսպես էին ճանապարհում ներգաղթողներին, Բեյրութ, 1946, Սեդա Դեւեջյանի արխիվից

Հայաստան ներգաղթելու որոշումը հիմնականում եղել է գիտակցված, թեեւ կային նաեւ տնտեսական, սոցիալական կամ քաղաքական լուրջ դրդապատճառներ։Դրանք, անշուշտ կարեւոր են, բայց, առանց գիտակցված որոշման, կարող էին առաջադրել այլ լուծումներ՝ մասնավորապես ճանապարհ ցույց տալով դեպի ավելի բարգավաճ երկրներ՝ ԱՄՆ, Ավստրալիա, Կանադա եւ այլն։

Մեծ Հայրենադարձությունը սովետական կինոխրոնիկայում, 1946-48 

Մեծ Հայրենադարձությանը նախորդել էր աննախադեպ խանդավառություն, որն առաջացել էր՝ չասենք ստից ու կեղծիքից, ծնունդ էր առել ու գեներացվել Հայրենիքը պետություն համարելու կամ տեսնելու մղումից՝ տեղեկատվության բացակայության պայմաններում։ Նախորդ դարի 40-ականներին լարով հեռախոսն էր շքեղություն, ու խոսք չէր կարող լինել հեռուստատեսության, համացանցի կամ հաղորդակցության այլ միջավայրերի մասին։

Բնակության նախկին երկրներում (Իրան, Իրաք, Լիբանան, Սիրիա, Պաղեստին, Եգիպտոս, Կիպրոս, Հունաստան, Բուլղարիա, Ռումինիա, Ֆրանսիա, ԱՄՆ) մարդիկ իրենց հետաքրքրող տեղեկությունները ստանում էին կամ Սովետական Հայաստանի ռադիոյի՝ արտասահամանում սփռվող հաղորդումները լսելով, ինչը ոչ բոլորին էր հասանելի եւ օբյեկտիվ չէր բացարձակապես, կամ տեղի հայկական թերթերից։ Այդ երկրների ազգային լրատվամիջոցները հետաքրքրված չէին ՀՍՍՀ-ով, եւ չէին կարող լինել պարբերական տեղեկատվության աղբյուր։

Սփյուռքի հայ մամուլը հիմնականում կուսակցական էր եւ գաղափարականացված։ Եթե, օրինակ՝ Մերձավոր Արեւելքում կային դաշնակցական, հնչակյան, ռամկավար եւ առաջադիմական (սովետամետ, կոմունիստական) պարբերականներ, մյուս տեղերում դրանք միայն դաշնակցական էին, ռամկավար կամ հնչակյան, իսկ հայրենադարձության ժամանակաշրջանում հայտնվում էին սովետամետ լրագրեր։ Օրինակ՝ Փարիզի «Հայ կին»-ը, որը գործել է երկու տարի (1947-49), Պաղեստինի «Միություն»-ը (1945-47), Ռումինիայի «Հայաստանյան ճակատ»-ը (1946-50) եւ այլն։

Սփյուռքի հայ պարբերականները զուրկ էին Սովետական Միության եւ Սովետական Հայաստանի մասին ինքնուրույն տեղեկատվություն հավաքելու կամ ստանալու հնարավորությունից։ Նրանց հասանելի էին միայն պաշտոնական հաղորդագրություններ, որոնցում, բնականաբար, խոսվում էր դրականի՝ ձեռքբերումների եւ նվաճումների, մասին։

Սփյուռքահայ համայնքներում հասարակությունը բեւեռացված էր՝ մի կողմում ազգակենտրոն ՀՅԴ-ն էր, մեջտեղում ՌԱԿ-ն ու ՍԴՀԿ-ն (ե՛ւ ազգակենտրոն, ե՛ւ պետականամետ), մյուս կողմում` սովետական սոցիալիզմով խանդավառված պետականամետ կամ սովետամետ, այսպես կոչված՝ առաջադեմ ուժերը։ Մեծ հաշվով՝ հասարակությունները բաժանված էին երկու մասի՝ դաշնակցականների եւ ոչ դաշնակցականների։

Դաշնակցականներն ասում էին, որ Սովետական Հայաստանն անկախ չէ եւ ինքնուրույն չի տնօրինում իր բախտը։ Ոչ դաշնակցականներն՝ անկախը շրջանցելով, ասում էին՝ պետություն է, որն ի վիճակի է ապահովելու հայերի ֆիզիկական անվտանգությունն ու հոգեւոր, մշակութային զարգացումը։ Երկուսի պնդումներն էլ ինչ-որ չափով ճշմարիտ էին, բայց զանգվածներն ավելի հակված էին երկրորդին, որովհետեւ այն չէր պատկանում մեկ կուսակցության եւ որովհետեւ դրական էր։ Սփյուռքի՝ դեռեւս լիովին չձեւավորված միջավայրում Սովետական Հայաստանից եկող դրական ազդակներն ընկալվում ու մարսվում էին, ինչպես ասում են՝ հալած յուղի տեղ։

Հայրենադարձության նախապատրաստական շրջանում քարոզչությունը հենց սրա վրա էլ հենվում էր՝ մատուցելով մի Հայաստան, որը ենթադրաբար անկախ է, պետություն է, ունի արդյունաբերություն, կրթություն եւ մշակույթ։ Հայաստանի ազգային արխիվում պահվում են սփյուռքից ուղարկված նամակներ, որոնցում ՀՍՍՀ Գերագույն խորհրդի նախագահը մեծարգո պարոն պրեզիդենտ է, Նախարարների խորհրդի նախագահը՝ վարչապետ։ Եւ առհասարակ՝ սփյուռքահայերն իրենց խնդիրներով դիմում էին միայն եւ միայն Հայաստանի կառավարությանը։

Նամակ` ուղղված ՀՍՍՀ ԳԽ նախագահին

Բնականաբար չօգտագործելով «անկախ», «ինքնիշխան», «սուվերեն» եզրերը՝ առաքված եւ տեղի քարոզիչները ստեղծում էին պետության մի պատկեր, որի հմայքը չէր կարող քննարկման առարկա լինել։ Բեյրութում, Աթենքում, Բուխարեստում կամ Նյու Յորքում ցեղասպանությունից հետո հանգրվանած հայը մտածում էր այսպես. «Կա աշխարհ եւ կան պետություններ։ Հայաստանը դրանցից մեկն է, որը դաշինք է կազմել 15 այլ պետությունների հետ», այսինքն՝ ստեղծվում էր Հայաստանի անկախության վարկածը։ Եթե հաշվի առնենք, որ հակառակը պնդող ՀՅԴ-ն՝ որպես Առաջին Հանրապետությունը ղեկավարած ուժ, շատերի աչքում loser-ի համարում ուներ, վարկածն առավել քան իրական էր թվում։

Հայաստանի պատկերներով նամականիշների հավաքածու, ՀԲԸՄ Նուբարյան գրադարանի արխիվից

Ուրեմն՝ կարելի է ենթադրել, որ հարյուր հազարավոր մարդկանց (ներգաղթի համար արձանագրվել էր մոտ 300 հազար հայ) մոլեգին ձգտման հիմքն անկախ պետության գաղափարն էր։ Իհարկե՝ սփյուռքից ուղարկված նամակներում քիչ չեն գովեստի խոսքերը Ստալինի եւ ռուս մեծ ժողովրդի հասցեին, բայց դրանք առավելապես ուղիղ քարոզչության արդյունք են։ Եթե երբեւէ գիտականորեն ուսումնասիրվեն Մեծ Հայրենադարձության նախապատրաստական շրջանի սրբապատկերները (икона, icon), կարծում եմ, Ստալինն իր վարկանիշով բավական հետ կլինի Սուրեն Սաֆարյանից, Հովհաննես Բաղրամյանից, Անաստաս եւ Արտեմ Միկոյաններից, որոնք սփյուռքահայերի համար պետություն, պետական հզորություն էին մարմավորում, իսկ նրանց գրավիչ հատկությունները վերագրվում էին ոչ թե ՍՍՀՄ-ին, այլ Սովետական Հայաստանին։

Սա ընդամենը իմ տպավորությունն է, որը չի հավակնում անվիճելի ճշմարտություն լինել, բայց չեմ կարող չպնդել, որ սրբապատկերները՝ հիմնականում ռազմական եւ պետական գործիչների, մեծ տեղ ունեին ներգաղթել պատրաստվող հայերի անձնական մտորման մեջ, որը ցեղասպանությունից հազիվ փրկված եւ Սփյուռքում հայտնված մարդուն տեղափոխում էր դեպի ապահով, զարգանալու հնարավորություններ տվող հայկական պետություն։

Ճիշտ է, Ստալինը հովանավոր էր, պատմական արդարությունը վերականգնելու երաշխավոր, հողահավաքի, ազգահավաքի նախաձեռնող, երբ խոսքը վերաբերվում էր Կարս-Արդահանի վերադարձին ու ներգաղթի կազմակերպմանը, բայց սփյուռքահայի մտապատկերում Թուրքիայի դեմ գործողությունների պատրաստ ուժը հայ զինվորն ու հայ սպան էին՝ նույն «սրբապատկերների» հրամանատարությամբ։

Հայրենադարձությամբ պետք է լուծվի հայ դատը

Պողոս Սնապյանը 2011-ին տողերիս հեղինակին Բեյրութում տված հարցազրույցում, խոսելով սովետա-թուրքական սահմանին 1945-ին ստեղծված իրավիճակի մասին՝ ասում էր. «…եւ մեր զինվորները, մեր սպայակույտն արդեն պատրաստ էին»։ Նրա ընտանիքը կտրականապես մերժել էր ներգաղթը՝ համարելով վաղաժամ եւ ոչ տեղին, բայց Սնապյանի հիշողություններում Թուրքիայի սահմանին կուտակված զինուժը «մեր տղաքն» են՝ հայ զինվորն ու հայ սպան։ Դե պատկերացրեք՝ ինչ էին զգում Հայրենիք տենչացող զանգվածները։

Նրանք, ում նկատի ուներ Պողոս Սնապյանը

Մեկ այլ ականատես՝ Գլենդելում բնակվող Մարտիրոս Վարդանյանն իր «Խորտակված երազների արահետներով» կենսագրական գրքի առաջաբանում գրում է. «Մենք թուրքական զուլումից ու ջարդից խոյս տուած, Հալէպում բնակութիւն հաստատած «պրոսովետական» կուսակցութիւններին յարող ծնողների զաւակներս … ի սէր Զօրավար Սաֆարեանի գլխաւորած բանակի, դարձանք Սաֆարեանական»։ Հետաքրքիր է նաեւ պատերազմի ավարտի լուրն առնելու՝ Վարդանյանի նկարագրությունը. «Այդ օրը մեր սկաուտապետն ելոյթ ունենալով յայտարարեց, որ պատերազմը վերջացել է Կարմիր բանակի յաղթանակով։ Մենք ցնծութեան մէջ էինք։ Սաֆարեանականներս սկսեցինք երգել.

            Սաֆարեանը մտաւ Բեռլին,

            Գլուխը կտրեց Հիտլերին,

            Առաւ, տարաւ Մոսկուա,

            Նուէր ըրաւ Ստալինին»։

Այս երգից դժվար է կռահել, որ Սաֆարեանն ընդամենը սովետական բանակի շարքային հրամանատարներից մեկն է եւ Ստալինի ենթական։ Հակառակը՝ տպավորություն է, որ հայն ընդհանուր թշնամու գլխով պատվում է ռուս դաշնակցին։ 

Մեծ Հայրենադարձությանը հաջորդած մեծ հիասթափությունն էլ կապված էր հենց այս պատկերացումների հետ։ Սովետական Հայաստանը բավարարում էր որոշ ակնկալիքներ՝ կրթություն, մշակույթ եւ այլն, բայց իրականում չէր այն, ինչի համար հազարավոր մարդիկ տեղաշարժվել էին։ Իսկ ստալինյան բռնություններն ու աքսորը վերջնականապես խաչ էին քաշում ինքնուրույն պետության տեսլականի վրա։

Աքսորյալ ընտանիքի զավակի նամակը Ստալին պապիկին 

Այդ ժամանակաշրջանի շատ ականատեսներ հիմնականում խոսում են սոցիալական կամ կենցաղային դժվարությունների մասին՝ ապրելու տեղ չկար, հացը հերթով էր, վարձատրությունը ցածր էր եւ այլն։ Բայց ի՜նչ դյուրությամբ կհաղթահարվեին այս դժվարությունները, եթե Հայաստանը լիներ այն, ինչ իրենք պատկերացրել էին։ Այսինքն՝ լիներ ազատ, անկախ, ժողովրդավարական պետություն, որտեղ կարելի է մասնակցել կառավարմանը, կարելի է զբաղվել ազատ ձեռներեցությամբ, հարստանալ, ստեղծել բարեկեցիկ կյանք՝ չսպասելով մեծամեծերի ողորմածությանը։ Իրականում ազատ ձեռներեցությունն արգելված էր, իսկ պետական կառավարմանը մասնակցելու ճանապարհը՝ փակ, քանի որ նախկին արտասահմանցիները կառավարող միակ ուժի՝ Կոմկուսի մեջ թափանցելու մեծ դժվարություններ ունեին։

Մեծ Հայրենադարձությունը մեծ հիասթափության հետ հիմք դրեց հասարակական մտայնության երկու ուղղության։ Առաջինը ազգային խնդիրների գիտակցումն էր եւ պայքարը դրա համար։ Չլիներ «օտար տարրերի» մեծաքանակ հոսքը Հայաստան, ազգային շարժումները («7 հայրենասերներ», 65-ի ցույցեր, ԱՄԿ) կլինեին բավական ուշ եւ ազդված սովետական այլախոհության ընդհանուր միտումներից։ Ճիշտ է, նույն ԱՄԿ-ի (Ազգային միացյալ կուսակցություն) երեք հիմնադիրներից՝ Հայկազ Խաչատրյան, Շահեն Հարությունյան, Ստեփան Զատիկյան, ոչ մեկը ներգաղթյալ չէր, բայց եղանակ ստեղծողը Հայրենադարձության հետ երկիր ներթափանցած բանավոր, չարձանագրված ինֆորմացիան էր, որին, իհարկե, գումարվում էր ստալինիզմը խորքից տեսած եւ ամբողջ դաժանությունը վերապրած տեղացի բնակչության փորձը։

 

Դրվագ 1965 թվականի ինքնաբուխ ցույցից։ Ձախ կողմում «7 հայրենասերներին» ազատելու պահանջով ցուցապաստառ 

Հետագա տարիներին ազգային շարժումների մեջ հիմնականում ներգրավվեցին տեղացիները, սակայն անկախության գաղափարը մարմնավորող iconic  կերպարներն, այնուամենայնիվ դուրս եկան հայրենադարձ միջավայրից. Պարույր Հայրիկյանը, որ մարմնավորում է սովետական շրջանի պայքարը անկախության համար, Լեւոն Տեր-Պետրոսյանը, որ հիմնադիր նախագահն է Հայաստանի անկախ հանրապետության եւ Մովսես Գորգիսյանն, ով 1988-ին սկսված շարժման անկախական թեւի ամենավառ ներկայացուցիչն էր եւ անկախ Հայաստանի ազգային առաջին հերոսներից։ Գորգիսյանի ծնողներն, ի դեպ, հանդիպել եւ ամուսնացել էին սիբիրյան աքսորում։

Երկրորդ ուղղությունն էլ հայրենադարձների արտագաղթն էր, որն՝ իբրեւ շարժում սկսվեց խրուշչովյան ձնհալից եւ շարունակվեց 1960-70-80-ական թվականներին։

Ուրեմն՝ ուղղություններից մեկը Հայրենիք-պետություն ունենալու ձգտման արձագանքն էր, մյուսն՝ այն չունենալու, չգտնելու հիասթափության։

Հայրենադարձությունը ոչ միայն հայերի, շատ ու շատ ժողովուրդների համար ամենադրական, ազգային ինքնությունը վերահաստատող պատմական փաստերից է։ Դրա համար անհրաժեշտ է գիտակցված վճիռ, կյանքը մի տեղ լուծարելու եւ այլ տեղ վերաշինելու հզոր պատճառ։ Այդպիսի պատճառ կարող է լինել միայն ազատ, անկախ, զարգացման հնարավորություն տվող Հայրենիք-պետությունը։ Կա այդպիսի Հայրենիք, կլինի մարդկային մեծ ներհոսք, չկա՝ կլինի այն, ինչ եղավ ու շարունակվում է։ Որովհետեւ եթե Հայաստանն ազատ, անկախ, ապրելու հաճույք պարգեւող եւ զարգանալու հնարավորություն տվող պետություն չէ, ինչ տարբերություն՝ որտեղ ես ապրում։

Գլխավոր լուսանկարում` ներգաղթողներն ու ճանապարհողները ձգվում են դեպի նավահանգիստ / Սեդա Դեւեջյանի արխիվից

Մեկնաբանություններ (1)

Հայկ
«Վատ» հայրենադարձությունը «լավ» արտագաղթից լավ է: Հայրենադարձությունը սրբություն է որին կպնել չի կարելի: Իսրաելում էլ պակաս չեն դժգոհողները, բայց դրանց բողոքը զզվանքով է ընկալվում: Դե որ տենց ա, ասեք նաև որ «անկախ հայրենիք փնտրողներից» շատերը անկախության առաջին տարիներին թռան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter