
Աշոտ Պետրոսյանի վիրահատությունն ավարտվել է
«Էրեբունի» բժշկական կենտրոնում ավարտվել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Աշոտ Պետրոսյանի վիրահատությունը։ Վիրահատել են Պետրոսյանի՝ հրազենային վիրավորման հետևանքով ստացված ոսկրային վնասվածքը։
Փաստաբան Արայիկ Պապիկյանը տեսակցել է իր պաշտպանյալին։ Ասում է՝ Պետրոսյանը այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, ինքնազգացողությունը լավ է, գիտակցությունը՝ տեղը, սակայն փոքր ինչ հոգնածություն ունի, որը պայմանավորում է դեղերի ազդեցությամբ։
«Վիրահատող բժշկին հանդիպեցի, ասաց՝ վիրահատությունը նորմալ է անցել, առանց որևէ բարդությունների ։ Հույս ունեմ, որ արդեն առավոտյան Պետրոսյանի առողջական վիճակը առավել լավ կլինի»,-նշում է փաստաբանը։
Պապիկյանը այս պահին դժվարանում է ասել, թե Աշոտ Պետրոսյանը քանի օր կմնա բժշկական կենտրոնում, քանի որ բուժման հետագա ընթացքն է որոշելու այդ հանգամանքը։ Սակայն հույս ունի, որ իր պաշտպանյալը ապաքինման առաջին օրերը կանցկացնի քաղաքացիական հիվանդանոցում՝ խիստ մասնագիտական հսկողության ներքո։
Մեկնաբանել