
ԼՂՀ արտգործնախարարն ընդունել է Թուֆենկյան հիմնադրամի պատվիրակությանը
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն այսօր ընդունել է Թուֆենկյան հիմնադրամի պատվիրակությանը, որի կազմում էր նաև ամերիկահայ հայտնի արձակագիր Քրիս Բոհջալյանը։ Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունը:
Կարեն Միրզոյանը, ըստ հաղորդագրության, ողջունել է Թուֆենկյան հիմնադրամի կողմից Արցախում իրականացվող բարեգործական ծրագրերը և կարծիք հայտնել, որ դրանք զգալիորեն նպաստում են Արցախի համայնքների զարգացմանը։
«Հանդիպման ընթացքում Կարեն Միրզոյանը ներկայացրել է Արցախի առջև ծառացած մարտահրավերները և դրանց հաղթահարմանն ուղղված ԼՂՀ ժողովրդի և իշխանությունների ջանքերը՝ կարևորելով նաև միջազգային հանրությանը Արցախի մասին ճշգրիտ տեղեկատվություն ներկայացնելու անհրաժեշտությունը։ Այս համատեքստում ԼՂՀ ԱԳՆ ղեկավարն արժևորել է Քրիս Բոհջալյանի զգալի ներդրումը Հայոց ցեղասպանության և համահայկական նշանակություն ունեցող հարցերը բարձրաձայնելու գործում»,- հայտնում է նախարարությունը։
Մեկնաբանել