HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անդրիաս Ղուկասյանն առաջարկում է ժողովրդի վստահության կառավարության ղեկավար նշանակել Շառլ Ազնավուրին

Անդրիաս Ղուկասյանի կինը` Անահիտ Թարխանյանը, հրապարակել է Ղուկասյանի հայտարարությունը: Հիշեցնենք, որ «Ոտքի Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության Անդրիաս Ղուկասյանը բերման է ենթարկվել հուլիսի 29-ին` Սարի թաղի բախումներից հետո: Օգոստոսի 1-ին նա հայտարարել է հացադուլ սկսելու մասին, որը շարունակում է մինչ այժմ:

Հայտարարությունը ներկայացնում ենք նույնությամբ:

«Հարգելի քաղաքացիներ

Քրեա-օլիգարխիկ ռեժիմից ազատվելու համար մեր հանրությունը պետք է ունենա հետևյալ չորս հարցերի հստակ պատասխանը:

Առաջին. Իսկապե±ս հիմա անհրաժեշտ են արտահերթ նախագահական ընտրություններ: Բոլորին պարզ է, որ Ռուսաստանն Արցախի անվտանգությունն ապահովելու գործում ոչ միայն չի աջակցում Հայաստանին, այլև հակառակը` խախտելով մեր պետության հանդեպ ՀԱՊԿ կանոնադրության գլխավոր դրույթները և միջազգային հարաբերությունների տարրական կանոնները, աջակցում է Ադրբեջանին: Ակնհայտ է նաև, որ միջազգային ատյաններում սպասարկելով Ռուսաստանի շահերը` Հայաստանն աստիճանաբար զրկվում է քաղաքակիրթ պետությունների աջակցությունից և հայտնվում է մեկուսացման մեջ: Շարունակել նման արտաքին քաղաքականությունը` նշանակում է գիտակցաբար գնալ Ադրբեջանի առջև կապիտուլացիայի, Արցախի ինքնիշխանության կորստին ու հայաթափմանը: Արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելը վերջին հնարավորություն է շտկելու արտաքին քաղաքականությունը և դուրս գալու ստեղծված փակուղուց: Այդ ընտրությունները հանդիսանալով ժողովրդի ճշգրիտ քաղաքական արձագանքը քառօրյա պատերազմում բացահայտված անվտանգության համակարգի բացթողումներին, անկասկած, կապահովեն երկրի համար զարգացման նոր քաղաքակրթական ուղղություն:

Երկրորդ. Ինչո՞ւ է անհրաժեշտ ժողովրդի վստահության կառավարությունը: Արտահերթ ընտրությունները ոչնչով չեն տարբերվի հերթական շինծու ընտրություններից, եթե պետական վարչական ռեսուրսները շարունակեն մնալ ՀՀԿ-ի վերնախավի ձեռքում: Ազատ և արդար ընտրություններ անցկացնելու համար անհրաժեշտ է օրենքով սահմանված եռամսյա ժամկետում  ընտրական ողջ գործընթացը և վարչական ռեսուրսը դնել այնպիսի կառավարության հսկողության տակ, որի անաչառության նկատմամբ հանրությունը չունի կասկածներ: Սա կարևոր պայման է Հայաստանում լեգիտիմ իշխանություն ձևավորելու համար: Այս եղանակով խնդիրը մեկ անգամ լուծելով` մենք կարող ենք մեր պետության առջև բացել իսկական ժողովրդավարության ճանապարհը:

 Երրորդ. Ո՞վ կարող է գլխավորել այդ կառավարությունը: Մենք ունենք  մի այնպիսի հանրահայտ անձնավորություն, ով անհերքելի հեղինակություն է Հայաստանում, Արցախում և Սփյուռքում: Նա Շարլ Ազնավուրն է, ով Հայաստանի համար ծանր օրերին  եղել է մեր ժողովրդի կողքին և անշահախնդիր օգնություն ցուցաբերել: Ազնավուրը կարող է գլխավորել մեր պետությունն արտահերթ ընտրությունների անցկացման փուլում, որովհետև վեր է կանգնած հայաստանյան ներքին քաղաքական պայքարից, ունի մեծ միջազգային աջակցություն ազատ և արդար ընտրությունների խնդիրը լուծելու համար: Չեմ բացառում, որ կարող են լինել նաև այլ արժանի թեկնածուներ, բայց տվյալ դեպքում, գտնում եմ, որ Շարլ Ազնավուրի ներգրավումը լավագույն տարբերակն է Հայաստանը ճգնաժամից դուրս բերելու համար:

Չորորդ. Ինչպե՞ս հասնել այն բանին, որ Սերժ Սարգսյանը և վաչախումբն ընդունեն քաղաքացիական շարժման պահանջները: Դա կարող է տեղի ունենալ այն ժամանակ, երբ առկա կլինեն առնվազն երեք քաղաքական պայմաններ.

1)      Բաղրամյան պողոտան պետք է հասանելի դառնա խաղաղ երթերի ու հավաքների համար, քաղաքացիական շարժումը պետք է վերացնի Ազգային ժողովի և Նախագահական նստավայրի մոտ երթեր ու հավաքներ անցկացնելու` գոյություն ունեցող արգելքը:

2)      Ժողովրդի վստահության կառավարության ղեկավարի թեկնածուն պետք է արժանանա հանրության լայն աջակցությանը:

3)      Հնարավորինս շատ կուսակցություններ պետք է միանան արտահերթ ընտրությունների անցկացման պահանջին:

Կարևոր եմ համարել հանրության հետ կիսվել այս մտքերով, որովհետև ժամանակն իրոք սուղ է, իսկ քաղաքացիական շարժման արդյունավետությունից, առանց չափազանցնելու, այսօր կախված է մեր հայրենիքի ճակատագիրը:

Միաժամանակ կոչ եմ անում քաղաքացիներին` ակտիվ մասնակցություն ունենալ սեպտեմբերի 2-ին Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին: Եկել է ժողովրդի ցասումը մատուցելու պահը»:

Մեկնաբանություններ (1)

Հայկ
Ասում են խեղդվողը ձեռը փրփուրներին էլ է գցում։ Ճիշտ է Շարլ Ազնավուրը չնայած, որ մեր ագի պարծանքն է, պատիվն ու խիղճը, սակայն նմամ պատկառելի տարիքում ,պարզապես անհարգի է նրան առաջարկել նման պաշտոն։ Նման մի նվաստացուցիչ գործարք արդեն փաթաթել են նրա վզին ,երբ նրան համոզեցին խնդրագիր ֊նամակ գրել ռուսաց թագավորին, որպեսզի նա ազատ արձակի, կասկածելի գործունեության համար ազատազրկված հայ գործարարին, մեծ հարված հասցնելով Ազնավուրի հեղինակությանը ։ Եթե հանրապետությունում չկա որևէ մեկը որին կարելի է վստահել ժամանակավոր վարչապետի պաշտոնը, ապա, ծրագրվող ողջ քաղաքական գործնթացը դառնում է անիմաստ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter