HY RU EN

«Հայբիզնեսբանկի» վարչության նախագահի նախկին տեղակալը խուսափում է դատարան ներկայանալուց

«Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահի առաջին տեղակալ Լևոն Միրզոյանը դատարան չի ներկայանում: «Հայբիզնեսբանկ»-ի փողերի լվացման գործով՝ Արա Կիրակոսյանի մասով նրան նույնիսկ բերման ենթարկել չի հաջողվել: Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանն  արձանագրեց, որ Լևոն Միրզոյանն ակնհայտորեն խուսափում է դատարան ներկայանալուց և ևս մեկ անգամ նիստը հետաձգեց մինչև սեպտեմբերի 9-ը՝ նրան բերման ենթարկելու մասին որոշում կայացնելով, այս անգամ՝ բանկի կողմից տրամադրված հասցեցից:

Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում այսօր հրապարակվեց գործով վկա Գուրգեն Սարգսյանի ցուցմունքը, որը նույնպես չէր ներկայացել: Նրա ցուցմունքը Արա Կիրակոսյանի մեղադրանքին չէր վերաբերում:

Արա Կիրակոսյանի պաշտպան Հակոբ Ճարոյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ Արա Կիրակոսյանի դեմ գործում եղած ցուցմունքներից մեկը հենց Լևոնի Միրզոյանն է:  Հետևաբար, պաշտպանական կողմը կարևոր է համարում Լևոն Միրզոյանի ներկայությունը: Արա Կիրակոսյանը նրան հարցեր ունի տալու:

«Լենինգրադի հետ կապված հարցերում նա ասում է այնպիսի բաներ, որը և գործի փաստաթղթերով է հերքվում, և Արա Կիրակոսյանն է հերքում: Այդ պատճառով էլ մեզ հետաքրքրում է նրա ներկայությունը: Նրա ներկայանալով՝ կհերքվեն նախաքննական մարմնին նրա ասածները: Իսկ նա ասել է, որ Արայի հետ զրուցել է և ասել է, որ այդ գումարները չպետք է տրվի, իսկ Արան ասել է՝ տվեք: Այդ կտրվածքով նրա ասածները հակասում են Արա Կիրակոսյանի գործողություններին»,- ասում է Հակոբ Ճարոյանը:

Ըստ պաշտպանի՝ նա խուսափում է ներկայանալ և առերես սուտ ցուցմունքը պնդել:

Հիշեցնենք՝ Արա Կիրակոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2006թ. օգոստոսի 21-ից մինչև 2013 թվականի հոկտեմբերի 01-ը, հանդիսանալով «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահը, իր կարգադրիչ և այլ լիազորություններն այդ կազմակերպության շահերին հակառակ՝ իր և ուրիշ անձանց օգտին օգտագործելով, նույն բանկի վարչության նախագահի տեղակալ–Տարածքային զարգացման և տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտի տնօրեն Մելիք Եսայանի, Իրանի և ԱՄՆ քաղաքացի Մաջիդ Ռ․ Նազիֆի, ԻԻՀ և ԱՄՆ քաղաքացի, ՀՀ-ում գրանցված «Ալֆա Ջեներալ Թրեյդինգ» ՍՊ ընկերության հիմնադիր-տնօրեն Բեհրուզ Բեհնամի, ԻԻՀ և ՀՀ քաղաքացի Վահիկ Մանուկյանսի, Շվեյցարիայի Համադաշնության ժնև քաղաքում գրանցված, «Կոսմոս Տրադինգ» ընկերության հիմնադիր, ՀՀ քաղաքացի Անդրանիկ Դոների, վերջինիս կողմից լիազորված անձ՝ Սուրեն Գաբրիելյանի և ՀՀ-ում գրանցված «Դավ Տրանս Ստրոյ» ՍՊԸ հիմնադիր֊ տնօրեն, ՀՀ քաղաքացի Դավիթ Դերզյանի հետ, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, 2012 թվականի օգոստոսից մինչև 2013 թվականի մարտ ժամանակահատվածում, օգտագործելով իրավունք վերապահող պաշտոնական փաստաթղթեր հանդիսացող կեղծ պայմանագրեր և վճարման հանձնարարականներ, խարդախությամբ՝ խաբեության եղանակով հափշտակել, ապա օրինականացրել են Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում գործող «Միր Բիզնես Բանկ» ՓԲ ընկերության կողմից, «Սբերբանկ» ՓԲ ընկերության միջոցով (միջնորդությամբ), «SWIFT» համակարգով «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերություն փոխանցված առանձնապես խոշոր չափերով ընդհանուր 5.804.577.000 ՀՀ դրամին համարժեք 10.980.000 եվրո գումար, որից՝ 1.000.000 եվրոն նախատեսված է եղել գումարի իրական շահառու, Բանկում թղթակցային հաշվեհամարներ բացած, ԻԻՀ «Քիշ Ինտերնեյշնլ Բանկ» ընկերության համար, իսկ 9.980.000 եվրոն՝ «SWIFT» հաղորդագրություններում անճշտություններ լինելու և վերջնական շահառուն նշված չլինելու պատճառով, ենթակա Է եղել վերադարձման ուղարկող «Միր Բիզնես Բանկ» ՓԲ ընկերությանը, ինչի հետևանքով «Քիշ Ինտերնեյշնլ Բանկ» և «Միր Բիզնես Բանկ» ՓԲ ընկերություններն իրավունք են ձեռք բերել նույն չափով գումարներ ստանալու հայցապահանջ երկայացնել «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերության նկատմամբ, որը հատուցման պարտավորություն Է ստանձնել։