
ՀԲՃ-ն Ամուլսարի հանքի շահագործումը կանխելու գործողությունների պլան է մշակում
«Համահայկական բնապահպանական ճակատը» մտադիր է Սեւանա լիճը, Ջերմուկ առողջարանային քաղաքն ու Վայոց Ձորի էկոհամակարգը Ամուլսարի ոսկու հանքի հնարավոր աղտոտումից փրկելու նպատակով ձեռնարկել գործողությունների մեծ շարք:
ՀԲՃ գրասենյակում երեկ մի քանի ժամ տեւողությամբ քննարկում տեղի ունեցավ, որի ընթացքում մշակվեցին կոնկրետ քայլեր: Չնայած Ջերմուկում զբոսաշրջությունը զարգացնելու ծրագրի առկայությանը (2008թ.), կառավարությունը նույն տարածաշրջանում հիմա էլ կարեւորում է հանքարդյունաբերության զարգացումը՝ որպես աշխատատեղեր ստեղծելու միջոց: Ջերմուկի զարգացման ծրագրով նախատեսված է լրացուցիչ ստեղծել 4000 աշխատատեղ, իսկ Ամուլսարի ծրագրով՝ 1300, այն էլ՝ միայն հանքի շինարարության փուլում:
ՀԲՃ համակարգող խմբի անդամ Լեւոն Գալստյանի խոսքով՝ հանքարդյունաբերությունն ու զբոսաշրջությունն անհամատեղելի են, Ամուլսարում ոսկու արդյունահանումը կործանարար է լինելու շրջակա միջավայրի համար, եւ դա պետք է կանխել: Ամուլսարում, հիշեցնենք, ոսկու արդյունահանման իրավունք է ստացել օֆշորային գոտում՝ Մեծ Բրիտանիայի Ջերսի կղզում գրանցված, կանադա-ամերիկյան ֆինանսավորում ունեցող «Lydian International» ընկերությունը:
Երեկվա հանդիպման արդյունքում որոշվեցին գործողությունների հիմնական ուղղություններ, որոնք կիրականացվեն ստեղծված աշխատանքային խմբի միջոցով։ Առաջին հերթին բնապահպանները կարեւորում են տեղացիների՝ գնդեվազցիների եւ ջերմուկցիների հետ ակտիվ աշխատանքները: Աշխատանքային խումբը կուսումնասիրի Հայաստանի եւ այլ երկրների հանքարդյունաբերության վատ ու վնասաբեր օրինակները բնակչությանը տեղեկացնելու համար, թե ինչի կարող է բերել Ամուլսարում ոսկու արդյունահանումը:
Ներկայումս ՀԲՃ թիմը նաեւ հաշվարկ է կատարում, թե հանքի արդյունահանումից պետբյուջե եւ բնակիչների կողմից ստացվելիք չոր դրամական օգուտի կամ եկամտի դիմաց, կշեռքի նժարին ինչ վնասներ ու ռիսկեր են դրված:
Ճակատը նախատեսում է նաեւ տեղեկատվական լայնածավալ ակցիաներ իրականացնել մայրաքաղաք Երեւանում: Կտպագրվեն պաստառներ ու բուկլետներ, կօգտագործվի սթրիթ-արտի հնարավորությունը: Չեն բացառվում նաեւ այդ հարցով քաղաքական տարբեր ուժերի հետ բանակցությունները:
Քննարկման մասնակիցները որպես խնդրի բարձրաձայնման լուրջ խոչընդոտ նշեցին հեռուստատեսությունների կողմից եթերաժամ չտրամադրելը: Խոսքն ավելի շատ ուղիղ եթերի մասին է: Առաջիկայում Հանրային հեռուստաընկերության առաջ հստակ պահանջ կդրվի եթեր տրամադրել Ամուլսարի խնդրի քննարկմանը: ՀԲՃ համակարգող խումբը մտադիր է աշխատանք տանել նաեւ միջազգային այնպիսի լրատվամիջոցների հետ, ինչպիսին Al Jazeera-ն է:
Հիշեցնենք, որ ամուլսարի ոսկու հանքավայրի շինարարության մեկնարկը տրվել է օգոստոսի 19-ին: Հայաստանի գրեթե բոլոր անկախ մասնագետներն ու փորձագետները դեմ են արտահայտվել հանքավայրի շահագործմանը։ Նրանց պնդմամբ՝ հանքավայրի շահագործման արդյունքում կառաջանան թթվային ջրեր, որոնք Որոտան-Արփա-Սևան թունելով կլցվեն Սևանա լիճ՝ վտանգելով քաղցրահամ ջրերի ռազմավարական պաշարը։ Կկորցնենք Ջերմուկը որպես առողջարանային քաղաք, իսկ Որոտան և Արփա գետերը՝ Սպանդարյանի և Կեչուտի ջրամբարների հետ միասին, կաղտոտվեն ծանր ու վտանգավոր մետաղներով։
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել