HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լոռու մարզում պարտադիր ուսուցումից դուրս մնացածների տվյալները տարբեր կառույցներում տարբեր են

Գայանե Սարգսյան

Մինչ նոր ուսումնական տարին իր բնականոն հունի մեջ կընկնի ու սեպտեմբերի երկրորդ կեսին պարզ կլինեն պարտադիր ուսուցումից դուրս մնացած երեխաների անունները, Լոռու մարզպետարանի ընտանիքի, կանանց ու երեխաների բաժնում որպես վերջին տվյալ շրջանառում են նախորդ ուստարվա ընթացքում ստացվածները: Ըստ այդմ, Լոռու մարզում պարտադիր ուսուցումից դուրս մնացած է համարվում 4 դպրոցական. 1-ը՝ Վանաձորից, 2-ը՝ Սպիտակից, 1-ը՝ Տաշիրի տարածաշրջանի Մեծավան համայնքից: Բաժինը այս տվյալներն ստանում է Ոստիկանության մարզային բաժինների անչափահասների գործերով զբաղվող բաժանմունքներից:

Պարտուսից դուրս մնացած Գեորգի Խատոևը 15 տարեկան է: Ինչպես Ոստիկանության Լոռու մարզային վարչության Տարոնի բաժնի անչափահասների գործերով զբաղվող բաժանմունքի պետ Ռուդիկ Վարոսյանն է նշում, վերջինիս պարբերաբար փորձել են վերադարձնել դպրոց, տղան, սակայն, շարունակել է խուսափել ուսուցումից և երկու տարի է, չի հաճախում դպրոց:

«Նույնիսկ իր հետ գնում էինք դպրոց: Հասնում էր դպրոց, բայց դասերին չէր նստում»,- ասում է Ռ. Վարոսյանը:

 Սպիտակցի 16-ամյա Անահիտն ու 13-ամյա Քնարիկը քույրեր են: Նախորդ ուսումնական տարում ոստիկանության Սպիտակի բաժնում նրանք հաշվառվել են որպես պարտուսից դուրս մնացածներ: Սպիտակի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի պետ Յուրիկ Մամյանը այսօր մեզ վստահեցրեց՝ խնդիրը լուծվել է, երկու քույրերն էլ բնականոն ձևով հաճախելու են դպրոց:

Մեծավանի թիվ 2 դպրոցի սան համարվող Արմեն Պոտրոսյանի հետ կապված տվյալներ ճշտել մեզ չհաջողվեց. դպրոցի տնօրենը հեռախոսազանգերին չէր պատասխանում:

 Սրանք Լոռու մարզպետարանի ընտանիքի, կանանց ու երեխաների բաժնի կողմից տրամադրված տվյալներն են: Նույն կառույցի կրթության բաժնում, սակայն, պարտուսից դուրս մնացածների այլ թվային տվյալներ են հրապարակում:

Որպես կրթությունից  դուրս մնացածների թիվ Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանը   դպրոցների տնօրենների ու ուսուցիչների մասնակցությամբ անցկացվող օգոստոսյան խորհրդակցության ժամանակ հայտարարեց.

«2015-2016 ուստարվա ընաթցքում մարզում հայտնաբերվել է տարբեր պատճառներով պարտուսից դուրս մնացած 19 երեխա: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի նախաձեռնությամբ և աջակցությամբ արդեն երկրորդ տարին է, ինչ ներդրվել է դպրոցից դուրս մնացած երեխաների մշտադիտարկման մեխանիզմը, որի շրջանակներում հայտնաբերվել և ուսումնական հաստատություններ են ուղղորդվել տարբեր պատճառներով դուրս մնացած 150 երեխաներ»:

Պարտուսից դուրս մնացած աշակերտներին բաժանելով երկու խմբի՝ դպրոցական համակազմում ներառված, բայց  դուրս մնացած, և դպրոցական տարիքի հասած, բայց աշակերտական համակազմում չներառված երեխաներ, մարզպետարանի կրթության բաժնի պետ Գարիկ Տոնոյանն ասում է.

«Եղել են դեպքեր, որ երեխան աշխատանք է կատարել, ծնողին օգնել է գյուղատնտեսական ու այլ աշխատանքերում, ինչի պատճառով չի հաճախել դպրոց: Այդ հարցերը ուստարվա ընթացքում կարգավորվել են»:

Վերջինիս խոսքով՝ պարտուսից դուրս մնացած 19 երեխաների մեծ մասը ծնողների հետ արտերկիր մեկնած երեխաներն են, որոնց ծնողները դպրոցներից երեխաների անձնական գործերը չեն վերցրել և ազատման դիմում չեն ներկայացրել: Տնօրեններն էլ երեխաներն չեն ազատել համակազմից, քանի որ ըստ օրենքի տնօրենը երեխային կարող է ազատել միայն ծնողի կամ լիազոր ներկայացուցչի կողմից գրված համապատասխան դիմումի համաձայն կամ դատարանի միջոցով: Արդյունքում խնդիրը մնացել է բաց, երեխաներն էլ արտերկրում դուրս են մնացել կրթությունից:

«Եղել է  դեպք, երբ ծնողը մայիս ամսին եկել է, ասել, որ ընտանիքով մեկնում ենք արտերկիր ու ավարտական՝ 9-դ դասարանում սովորող երեխային էլ են տանում: Ծնողին բացատրվել է, որ անհրաժեշտ է  թույլ տալ երեխան ավարտի հիմնական դպրոցը: Ծնող է եղել, ասել է՝  գնում ենք, չենք կարող թողնել  ու գնացել են»,- հիշում է զրուցակիցս:

Դպրոցական տարիքի հասած, բայց աշակերտական համակազմում չներառված երեխաների մասով բաժնի պետը մատնանշում է ծնողների կողմից երեխային առաջին դասարան ուղարկել չցանկանալու գործոնը:

«Ծնողներ կան, որ ասում են՝ երեխան դեռ փոքր է, կամ առողջական խնդիրներ ունի, կամ ուղղակի չենք ցանկանում այս տարի դպրոց ուղարկել: Մի քանի դպրոցների տնօրեններ արդեն իսկ ահազանգել են, որ չնայած նրան, որ երեխայի տարիքը լրացել է, բայց ծնողը չի ցանկանում առաջին դասարան ուղարկել»:
Չնայած նրան, որ Լոռու մարզպետարանի ընտանիքի, կանանց ու երեխաների բաժինը պարտուսից դուրս մնացած մեկ վանաձորցու մասին էր նշել,  Ոստիկանության Տարոնի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի պետ Ռուդիկ Վարոսյանը նախորդ ուստարվա երկրորդ կիսամյակի մասով պարտուսից դուրս մնացածների այլ անուններ է ներկայացնում, նշելով ոչ միայն Գեորգիի, այլև 12-ամյա Արա Քոչարյանի, 9-ամյա Մհեր ու 12-ամյա Գեորգի Պիսարևաների անունները:

Արայի մասով Ռ. Վարոսյանը վստահեցրեց՝ տղան վերադարձել է դպրոց: Անձամբ համոզվելու համար կապ հաստատեցինք նրա հաճախած թիվ 16 դպրոցի տնօրեն Նաիրա Հարությունյանի հետ, ով նշեց, որ տղան դպրոց չի եկել ոչ սեպտեմբերի 1-ին, ոչ այսօր:Ինչ վերաբերում է նախորդ տարի դպրոց հաճախելուն, վերջինս ասաց.

«Նախորդ տարի էլ նորմալ դպրոց չի եկել: Ծնողներն ամուսնալուծված են, երբ մոր խնամքի տակ է լինում, հիմնականում չի գալիս: Մի կերպ օգնեցինք, ավարտեց 5-րդ դասարանը»:

Դպրոցում արդեն պատրաստվում են տնայց կատարել, պարզելու համար չհաճախելու պատճառները, որից հետո խնդրի մասին կտեղեկացնեն մարզպետարանի համապատասխան բաժիններում:

Ինչ վերաբերում է Պիսարևա եղբայրներին, Վանաձորի խնամքի կենտրոնից մեզ վստահեցրին՝ տղաները հաճախում են կենտրոն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter